ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Հովհաննես
Այվազովսկին (1817-1900 թ.թ.) ապրել եւ ստեղծագործել է Հայաստանից հեռու,
սակայն երբեք չմոռանալով, որ ինքն իր ժողովրդի զավակն է, որ իր երակներում
հայի արյուն է հոսում: Վկայությունն են նրա բազում հայերեն նամակներն ու
գրագրությունները՝ հայության հոգսերով, բարեկամությունը հայ մշակույթի
գործիչների հետ, օգնությունը թուրքական յաթաղանից փախած գաղթականներին,
թուրքական կառավարությունից ստացած պարգեւները շան վզին կապելն ու այնուհետեւ
դրանք ծով նետելը՝ իբրեւ բողոքի արտահայտություն հայկական կոտորածներ դեմ:
Երախտագետ ժողովուրդը որոշել էր ի հիշատակ իր մեծ զավակի հուշարձան
կանգնեցնել Երեւանում, եւ դեռեւս 1987-ին հայտարարված մրցույթում առաջին
մրցանակի արժանացավ քանդակագործ Յուրի Պետրոսյանը: Սակայն ժամանակները
«քանդակագործականե չէին, եւ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ
ստեղծումից տարիներ անց՝ 2003 թվականի մայիսի 1-ին:
Բրոնզաձույլ արձանը տեղադրված է Երեւանի Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տան հարեւանությամբ, Մոսկովյան փողոցին դիմահայաց: Նրա
բարձրությունը 3,5 մետր է, քաշը՝ 2 տոննա:
Բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի,
երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, պետական,
կառավարական այլ այրեր, գրականության եւ արվեստի գործիչներ, հանդես եկավ
Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Խոսելով Հովհաննես Այվազովսկու անանց
ուղու մասին, նա նշեց, որ նկարչի ծննդավայր Ղրիմի ծովափնյա Թեոդոսիա քաղաքում
շատ ազգությունների ներկայացուցիչներ կային, ու բոլորն էլ սիրում ու հարգում
էին Այվազովսկուն, փոխադարձաբար ինքն էլ՝ իր համաքաղաքացիներին: Ու պատահական
չէր, որ նկարիչն իր պատկերասրահն՝ ամբողջ պարունակությամբ, կտակեց իր քաղաքին:
Արտակարգ տեսողական հիշողության տեր արվեստագետը ստեղծել է շուրջ 6000 կտավ:
Հովհաննես Այվազովսկին թաղված է Թեոդոսիայի ս. Սարգիս հայկական եկեղեցու
բակում: Շիրմաքարի մակագրությունը՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ
եթողե քաղված է Խորենացու «Հայոց պատմությունիցե:
Քաղաքապետը շնորհակալության խոսք ասաց Յուրի Պետրոսյանին, պատվանդանի
հեղինակ Ստեփան Քյուրքչյանին, հովանավոր Սենիկ Գեւորգյանին, որի միջոցներով, ի
դեպ, Երեւանում տեղադրվել է նաեւ Արամ Խաչատրյանի արձանը, հանդիսությանը
հավաքված մասնակիցներին: Շնորհավորական խոսք ասաց նաեւ Հայաստանի նկարիչների
միության նախագահ Կարեն Աղամյանը:
Արձանի հանդիսավոր բացումը կատարեցին Ռոբերտ Նազարյանը եւ Երեւանի 1975-
1985 թ.թ. քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Յուրի Բախշյանի անվան մանկական ýիլհարմոնիայի
պարային անսամբլը: