Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դպրոց-բուհ-գիտություն շղթայի փոխկապակցված զարգացումն ակադեմիայի կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է․ ԳԱԱ նախագահ

Դպրոց-բուհ-գիտություն շղթայի փոխկապակցված զարգացումն ակադեմիայի 
կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է․ ԳԱԱ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի բակում բացվեց «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը, որին ներկայացված էին ակադեմիայի գիտական կազմակերպությունները,  պետական խոշոր բուհերը, ԿԳՄՍ նախարարությունը և ակադեմիայի գործընկերները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկաների առջև ունեցած իր ելույթում նշեց, որ ցուցահանդեսում հայկական գիտական մտքի արգասիք հանդիսացող նմուշները հետաքրքրում են ինչպես դպրոցականներին և ուսանողներին, այնպես էլ գիտության ոլորտի աշխատակիցներին։

«Դեռ հանրակրթական դպրոցում աշակերտները հասկանում են, թե ինչ է գիտությունը, պատկերացում են կազմում, թե ինչ է նշանակում գիտությամբ զբաղվելը, շփվում են տարբեր գիտնականների ու ինստիտուտների հետ, մասնակից են դառնում տարաբնույթ գիտական փորձերին։ Այս բոլորը կարևոր է, որովհետև նրանք դպրոցից պատկերացում ունենալով գիտության մասին՝ կարող են ավելի ճիշտ կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Ցանկացած պետության, ցանկացած հասարակության համար դպրոց-բուհ-գիտություն շղթայի փոխկապակցված զարգացումն ունի կարևոր առանցքային նշանակություն, ինչն ակադեմիայի կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասաց ԳԱԱ նախագահը։

Սաղյանը տեղեկացրեց, որ վերջերս ակադեմիայում ստեղծվել է գիտության հանրայնացման և գիտահռչակման վարչություն, որի գործառույթները պետք է լինեն նման միջոցառումների կազմակերպումը (ցուցահանդեսներ, սեմինարներ, դպրոցների շրջայցեր, աշակերտների այցերի կազմակերպում գիտահետազոտական ինստիտուտներում, հանդիպումներ հանրահռչակ գիտնականների հետ)։

«Օրեր առաջ տեղի ունեցավ քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողների հանդիպումը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ էլեմենտի հայտնաբերողի, մեր հայրենակից Յուրի Հովհաննիսյանի հետ, որն անցել է մեծ խանդավառությամբ։ Հանդիպումներ են եղել նաև պրոֆեսոր Արտյոմ Օգանովի, Լևոն Հայրապետյանի հետ, որոնց մասնակցել են ավագ դպրոցների աշակերտներ։ Նման հանդիպումները լինելու են շարունակական։ Ապրիլի 30-ին այսպիսի միջոցառում կազմակերպվելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների համար։ Նման ցուցահանդեսներ լինելու են տարին երկու անգամ, իսկ մեր դահլիճներում յուրաքանչյուր ամսվա ընթացքում երկու անգամ լինելու են միջոցառումներ՝ կապված գիտության հանրահռչակման հետ»,- ասաց ԳԱԱ նախագահը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ իրենց գերատեսչությունն ու ակադեմիան գործում են մեկ միասնական դաշտում, որովհետև դպրոց-բուհ-գիտություն շղթայի ամրապնդմանն է ուղղված պետության կողմից վարվող քաղաքականությունը։ Կոնկրետ ԿԳՄՍ նախարարությունը ակադեմիայի հետ գործում է ներդաշնակ և փոխհամաձայնեցված։

«Նախորդ շաբաթ ԵՊՀ-ում արդեն չորրորդ անգամ կազմակերպվեց գիտության համադպրոցական փառատոնը, որից ստացա այնպիսի տպավորություն, որ մեր երեխաներն ունեն հրաշալի գաղափարներ, որոնց համար պետք է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ։ Այդ փառատոններին մասնակցելը ցույց է տալիս, որ մենք ապագա գիտնականների մի հրաշալի խումբ ունենք։ Առանձնահատուկ պատասխանատվություն է, որ այսօր մեր գործող գիտնականներն ուղղորդեն, ճանապարհ ցույց տան, բացեն այդ ճանապարհն այն երեխաների համար, ովքեր հետաքրքրված են և արդեն իսկ առաջին քայլերն են անում՝ երևույթները հետազոտելու, կապերը բացահայտելու, հանրության համար օգտակար բան անելու մղումով։ Բոլոր այն խնդիրները, որոնց երեխաներն անդրադարձել էին փառատոնի ժամանակ, կապված էին նրանց շրջապատում, նրանց միջավայրում առկա խնդիրների հետ։ Նրանք ցույց էին տալիս, թե ինչպես կարող են իրենց ուսումնասիրության, հետազոտության միջոցով այդ խնդիրները կարգավորել և գտնել լուծելու եղանակներ։ Հանրային հոգատարությունը շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ ևս մեկ կարևոր բան է, որը ոչ միայն ճանապարհ է բացում դեպի գիտություն, այլև ցույց է տալիս, թե ինչպես գիտական աշխատանքն ու հետազոտությունը կարող է ծառայեցվել հանրային բարիքին և հանրային զարգացմանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Անդրեասյանը կարևորեց, որ այդ արժեքային շեշտադրումն առկա լինի նման միջոցառումների ժամանակ։ Նրա դիտարկմամբ՝ նման ցուցահանդեսների ու փառատոնների կազմակերպումն ունենալու է դրական արդյունքներ, ինչն այսօր արդեն տեսանելի է վերջին տարիների կառավարության կողմից գիտության ոլորտին ուղղված ֆինանսավորման բարձրացման շնորհիվ։

«Տարաբնույթ ծրագրերը բերել են նրան, որ մենք արձանագրում ենք գիտնականների ու հետազոտողների թվաքանակի աճ։ Շատ կարևոր է նաև, որ նրանց շարքերում կան մեծաթիվ երիտասարդներ, ինչը նշանակում է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Այս տարի պետք է մշակվի գիտության զարգացման ռազմավարությունը, ու նաև այդ աշխատանքի հիման վրա կկարողանանք ճիշտ սահմանել թիրախներն ու անելիքները՝ գիտության ոլորտում է՛լ ավելի առաջ գնալու և բարձր արդյունքներ գրանցելու համար»,- ասաց Անդրեասյանը։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նախարարը հավելեց, որ շատ ավելի լավ կլինի, եթե նման ցուցահանդեսներ կազմակերպվեն նաև Հայաստանի մարզերում, որոնց կազմակերպական աշխատանքներին, անշուշտ, նախարարությունը կաջակցի, որպեսզի մարզերում դպրոցականները նույնպես անմիջականորեն հաղորդակից լինեն գիտության նվաճումներին ու հայտնագործություններին և նման միջոցառումներին մասնակցեն ավելի մեծ թվով մարդիկ։   

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am