Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանում բացվել է «Մարիոթ» ընտանիքի 4-րդ հյուրանոցային համալիրը

Հայաստանում բացվել է «Մարիոթ» ընտանիքի 4-րդ հյուրանոցային համալիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում բացվել է Courtyard by Marriott հյուրանոցային համալիրը` պրոֆեսիոնալ սպասարկում և նոր հեռանկարներ առաջարկելով Հայաստանի զբոսաշրջությանն ու հյուրանոցային ոլորտին։

«Արմենպրես»-ը նոր հյուրանոցային համալիրի բացման, նրա կողմից տրամադրվող ծառայությունների, աշխատակիցների ընտրության գործընթացի, հյուրանոցի յուրահատկությունների և այլ հարցերի շուրջ զրուցել է Courtyard by Marriott հյուրանոցի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելիի հետ։

Tomas_Vesely_Marriott_Interview_2.jpg (935 KB)

-Պարոն Վեսելի, Երևանում Courtyard by Marriott հյուրանոցի բացումը ապրիլի սկզբին էր: Վստահ եմ, որ մարդիկ կցանկանան ավելի շատ մանրամասներ իմանալ այն մասին, թե ի՞նչ հյուրանոցային համալիրի մասին է խոսքը, ինչու՞ է ընտրվել հենց Երևան քաղաքը և ի՞նչ ծառայություններ է հյուրանոցը մատուցում իր հյուրերին:

-Courtyard by Marriott ապրանքանիշը, ոգեշնչված լինելով գերազանցության ձգտմամբ, ունի ավելի քան 1285 ներկայացուցչություն աշխարհի 60 երկրներում, ինչը նրան շուկայում դարձնում է ամենամեծ և ամենանշանավոր ապրանքանիշերից մեկը: Courtyard by Marriott-ը ձգտում է ընդլայնել իր հյուրերի հնարավորություններն՝ ապահովելով նրանց կարիքների բավարարումը՝ անկախ նրանց ճանապարհորդության նպատակից: Այս հանձնառությունը տարածվում է որակյալ ծառայությունների և կացության տրամադրման սահմաններից դուրս՝ ընդգրկելով գործնական ճանապարհորդության բոլոր կողմերը: Օրինակ, բիզնես գործունեություն իրականացնելու կարիք ունեցող հյուրերի համար մենք առաջարկում ենք հատուկ տարածքներ, որտեղ իրենք կարող են ծավալել իրենց աշխատանքային գործունեությունը: Սա վկայում է Courtyard-ի փորձառության մասին: Մանրամասնորեն ու խորությամբ մտածված և ձևավորված մեր հյուրանոցային համարները՝ հագեցած շքեղ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով, ստեղծում են հանգստի և նոր լիցքեր ստանալու հարմարավետ միջավայր։ Հյուրերը իրենց կացության ընթացքում կարող են աշխատանքից հեշտությամբ անցում կատարել հանգստի՝ պահպանելով արդյունավետությունն ու առույգությունը։ Courtyard-ը նաև հպարտ է, որ Marriott International-ի Marriott Bonvoy® համաշխարհային լոյալության ծրագրի մի մասն է, որն իր անդամներին առաջարկում է մուտք գործել համաշխարհային ապրանքանիշերի և փորձառությունների բացառիկ պորտֆոլիո։

Հյուրանոցն ունի 172 համար՝ 2-րդ հարկից մինչև 9-րդ հարկ․ Հայաստանում ու այս տարածաշրջանում կառույցի առաջին հարկը հաճախ անվանում են հենց առաջին հարկ: Իններորդ հարկում մենք առաջարկում ենք Կառավարական Սուիթ տեսակի երկու սենյականոց համար՝ հիասքանչ տեսարանով դեպի լեռները: Յուրաքանչյուր հարկում առկա են նաև մեկ սենյականոց Սուիթ տեսակի համարներ, ինչպես նաև ստանդարտ և երկտեղանոց համարներ:

Ինչ վերաբերում է սննդին և խմիչքին, մենք առաջարկում ենք բազմաթիվ վայրեր, որտեղ հյուրերը կարող են հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ զբաղվել բիզնես գործունեությամբ: Մեր լոբբի բարը բաղկացած է երկու հատվածից՝ սովորական լոբբի բար, որտեղ հյուրերը կարող են վայելել խմորեղեն, ճաշել կամ ընթրել, և Կոկտեյլ բար, որը կատարյալ է ընկերների կամ բիզնես գործընկերների հետ երեկոյան հանդիպումների համար: Առաջին հարկում գտնվող GIA ռեստորանում նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի տարբերակով, որի ճաշացանկում կան միջերկրածովյան ուտեստներ: Մոտ ութսուն նստատեղերով ներսում և Տերյան փողոցին նայող ամբողջովին ծածկված պատշգամբում՝ նույնքան նստատեղերով, հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը գեղատեսիլ միջավայրում:

Բացի այդ, մենք առաջարկում ենք հանդիպումների չորս սենյակ, ներառյալ VIP նիստերի դահլիճ, որը հագեցած է տասը նստատեղով, կենտրոնական սեղանով և ինտերակտիվ հեռուստացույցով: Մնացած երեք հանդիպումների սենյակները բազմակողմանի են և կարող են միացվել ավելի մեծ տարածք ստեղծելու համար: Մեր բոլոր հանդիպումների սենյակները հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով՝ ներառյալ ինտերակտիվ 85 դյույմանոց հեռուստացույց՝ VIP նիստերի դահլիճում, որն ապահովում է անխափան և արդյունավետ հանդիպումներ մեր հյուրերի համար:

Երկրորդ հարկում մեր հուրերին տրամադրում ենք co-working տարածք՝  պահպանելով «Courtyard» ապրանքանիշի չափանիշները: Այստեղ հյուրերը կարող են հարմարավետորեն աշխատել՝ ունենալով հասանելիություն համակարգիչներին և բոլոր անհրաժեշտ սարքավորումներին։

Իններորդ հարկում հյուրերը կարող են այցելել մեր մարզադահլիճ և սպա սրահ: Մեր սպա սրահն ունի բուժման երեք սենյակ, որտեղ հյուրերը կարող են անցնել հանգստացնող և երիտասարդացնող թերապիա: Բացի այդ, մեր մարզասրահը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են լիարժեք մարզումների ընթացքը:

Ինչպես գիտեք, Հայաստանում՝ որպես «Մարիոթ»-ի ընտանիք, մենք արդեն ունենք երեք համալիր՝ «Ալեքսանդր լաքշրի քըլեքշն» հոթել, «Մարիոթ Երևան» և «Մարիոթ Ծաղկաձոր»։ Մենք սա դիտարկում ենք որպես նշանակալի ձեռքբերում ինչպես երկրի, այնպես էլ քաղաքի համար։ Այդ իսկ պատճառով որպես մեր նոր սեփականության գտնվելու վայր ընտրել ենք Երևանը։

Tomas_Vesely_Marriott_Interview_3.jpg (734 KB)

-Հաշվի առնելով այն փաստը, որ նոր հյուրանոցի հիմնումը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում՝ կցանկանայի խոսել նաև նոր աշխատակիցների ընտրության գործընթացի մասին, դրա համար սահմանվա՞ծ են արդյոք կոնկրետ չափանիշներ:

-Մենք փնտրում ենք եռանդուն մարդկանց, ովքեր ձգտում են սովորել և աճել: Կարևոր են արդյունավետ հաղորդակցման հմտությունները և մարդկանց հետ հուզականորեն շփվելու ունակությունը: Գնահատվում են ստեղծագործականությունն ու առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։ Մեր նպատակն է հավաքել թիմ, որը կարող է ապահովել բացառիկ միջավայր ինչպես մեր հյուրերի, այնպես էլ միմյանց համար: Բացի այդ, մեր գործունեության կարևոր կողմ է հանդիսանում նաև նրանց զբաղեցնելու ունակությունը:

Marriott International-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իր աշխատակիցներին հաջող կարիերա կառուցելու լայն հնարավորություններ առաջարկող ընկերություն: Հյուրանոցային բիզնեսում առկա են տարբեր պաշտոններ՝ խոհարարներից մինչև մաքրուհիներ: Նրանց համար, ովքեր ձգտում են սովորել և աճել, մենք տրամադրում ենք առաջխաղացման հնարավորություններ, ինչպիսիք են խաչաձև ուսուցումը, առցանց ուսուցումը և այլն: Կարիերայի ուղին կարող է ներառել տարբեր բաժիններ, երկրներ կամ նույնիսկ մայրցամաքներ: Մեր աշխատակիցները մեր ընկերության ապագայի անկյունաքարն են:

Tomas_Vesely_Marriott_Interview_4.jpg (757 KB)

-Պարոն Վեսելի, ի՞նչ նոր շունչ կհաղորդի Courtyard by Marriott հյուրանոցը Հայաստանի հյուրանոցային ոլորտին:

-Ինչպես արդեն նշեցի, մեր առաջնային ուշադրությունը մեր թիմն է։ Մենք պարտավորվում ենք զարգացնել մեր թիմը և ապահովել, որ բոլորին վերաբերվեն հոգատարությամբ և հարգանքով: Մեր նպատակն է մատուցել արտակարգ սպասարկում և փոխել հայաստանյան հյուրանոցների ընկալումը: Նմանատիպ մտածելակերպ ունենալով իմ հայրենի երկրում՝ Չեխիայի Հանրապետությունում, որտեղ հյուրանոցները միշտ չէ, որ ընդունված էին, մենք նպատակ ունենք այստեղ կոտրել այդ կարծրատիպը: Մեր հիմնական շեշտը դրված է տեղի համայնքին ներգրավելու և դրական հարաբերությունների զարգացման վրա:

Քանի որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս զբոսաշրջությանը, մեր նպատակն է հանդիսանալ հյուրանոցային լավագույն ընտրություն այս տարածաշրջանում աշխատանքի հնարավորություն փնտրող անհատների համար: Այնուամենայնիվ, մեր վերջնական նպատակը դուրս է գալիս զբոսաշրջիկների շրջանակներից․ մենք ձգտում ենք սիրելի վայր լինել նաև տեղացիների համար: Մեր տեսլականն է առաջարկել հրավիրող մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են ճաշել արդիական և ջերմ միջավայրում, բոլորը՝ հասանելի արժեքներով: Մենք ձգտում ենք լինել ավելին, քան պարզապես հյուրանոց. ցանկանում ենք լինել ուղենիշ, վայր, որտեղ բնակիչները հպարտությամբ բերում են իրենց ընկերներին և ընտանիքին՝ հատուկ առիթներ նշելու: Մենք հույս ունենք ստեղծել մնայուն հիշողություններ Երևանի այցելուների համար:

Ես հատկապես ոգևորված եմ կայունության նկատմամբ մեր հանձնառությամբ: Համաշխարհային բնապահպանական ջանքերի մաս լինելը մեզ համար առաջնահերթություն է: Մենք հասկանում ենք, որ բիզնեսները վճռորոշ դեր են խաղում աշխարհի ամենահրատապ սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մեր չափերով և ազդեցությամբ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ դրականորեն նպաստելու մոլորակի բարօրությանը: Մենք շարունակաբար ձգտում ենք օպտիմիզացնել մեր գործընթացները, որպեսզի դրանք լինեն ավելի կայուն, իսկ կայունությունը նոր հատկությունների ստեղծման հիմնական նկատառումն է: Կայունության նկատմամբ շոշափելի հավատարմություն ցուցաբերելը կարևոր է մեզ համար ոչ միայն մեր հյուրերի, հաճախորդների, անձնակազմի և բաժնետերերի, այլև  այն համայնքների և միջավայրերի համար, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում: Այս հանձնառությունը մեր գործողություններում ակնհայտ կլինի նաև Երևանում։

2024.04.01_16.11.17.05.jpg (746 KB)

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում նոր հյուրանոցային համալիրի բացումը որքանո՞վ նշանակալից կլինի զբոսաշրջության համար։

-Միշտ դրական ցուցանիշ է, երբ նոր հյուրանոցներ են հիմնվում որևէ երկրում, քանի որ այն ընդլայնում է ճանապարհորդների համար հասանելի ընտրության շրջանակը: Զբոսաշրջության աճը խթանելու համար շատ կարևոր է զանազան տարբերակներ տրամադրել՝ բյուջեի, գտնվելու վայրի, դիզայնի և սննդի պատրաստման առումով: Նոր հյուրանոցների ավելացումը հակված է ավելի շատ այցելուներ գրավելու, հատկապես, երբ շուկա են մտնում հայտնի և հեղինակավոր ապրանքանիշեր, ինչպիսին է Marriott International-ը:

Մեր Marriott Bonvoy-ի անդամների համար, որոնց մենք գնահատում ենք որպես VIP-եր և համարում ենք մեր մեծ ընտանիքի մաս, ընտրության բազմազան տարբերակներ ունենալը կարևոր է: Այս ճկունությունն ամենամեծ առավելություններից մեկն է, որը մենք առաջարկում ենք մեր հավատարիմ անդամներին: Հայաստանն ակնհայտորեն զգալի ներդրումներ է կատարում՝ ողջունելու ճանապարհորդներին ամբողջ աշխարհից, և ես լավատես եմ, որ այս ջանքերը դրական արդյունքներ կտան՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի հսկայական ներուժը: Մշակույթի սիրահարներին գրավող իր հարուստ պատմությամբ, բնության հիասքանչ լանդշաֆտներով, հաճելի խոհանոցով և իր ժողովրդի ջերմ հյուրընկալությամբ, Հայաստանն իսկապես կատարյալ վայր է հանգստացողների համար:

-Պարոն Վեսելի, կարո՞ղ եք նշել Courtyard by Marriott հյուրանոցի երեք եզակի առանձնահատկությունները, որոնք այն առանձնացնում են ոլորտի մյուս ներկայացուցիչներից:

-Իմ երեք հիմնական կետերն են՝ թիմը, ծառայությունը և նվիրվածությունը բազմամշակութային և գենդերային հավասար միջավայրին:

Ինչպես Ջ.Վ. Մարիոթ Կրտսերը մեկ անգամ ասել է. «Դուք պետք է երջանկացնեք ձեր աշխատակիցներին: Եթե աշխատակիցները երջանիկ են, ապա նրանք կերջանկացնեն հաճախորդներին»:

Երկրորդը՝ ծառայությունն է, որը մարմնավորում է կիրքը, էներգիան և ոճը: Կրկին մեջբերելով պարոն Մարիոթին՝ նշեմ․ «Լավ սնունդ և լավ սպասարկում՝ արդար գնով»: Մենք հպարտ ենք, որ ուշադրություն ենք դարձնում մանրուքներին ամեն օր, ամեն առումով:

Եվ երրորդը, որի հեղինակը ես եմ՝ բազմամշակութային և գենդերային հավասար միջավայրն է։ Ես խորապես հավատում եմ, որ հաջողության ձգտող ցանկացած ընկերություն պետք է ստեղծի բազմազան և հավասարակշռված գենդերային միջավայր: Մենք սովորում և կրթվում ենք միմյանցից՝ դարձնելով դա մեր ոգու անբաժանելի մասը:

Tomas_Vesely_Marriott_Interview_1-1.jpg (700 KB)

-Եվ վերջին հարցը պարոն Վեսելի կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել ներդրումային ծրագրի արժեքի մասին:

-Ես չէի խորանա ներդրումների ֆինանսական հարցերի մեջ, բայց կարող եմ վստահեցնել, որ հսկայական ժամանակ, նվիրում և ռեսուրսներ են ծախսվել այս նախագծի վրա: Դա անթիվ ժամերի, օրերի և ամիսների ջանքերի արդյունքն է, որը պայմանավորված է որակի նկատմամբ մեր անսասան նվիրվածությամբ: Կահույքից մինչև դիզայն, մեր անձնակազմից մինչև սպասարկում, ամեն ինչ շատ դետալային է մշակված ու ոգևորվածությամբ: Որակը միշտ եղել է մեր առաջնահերթությունը՝ անկախ ներգրավված  ներդրումներից:

Վստահ եղե՛ք, մենք լիովին հավատարիմ ենք գերազանցություն մատուցելուն, և ես վստահ եմ, որ կգերազանցենք սպասելիքները:

-Պարոն Վեսելի, շնորհակալ եմ այս հնարավորության և բովանդակային հարցազրույցի համար։

Դավիթ Մամյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am