Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման առթիվ Իրանը մտահոգվելու պատճառ չունի․ քաղաքագետ

9 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման առթիվ Իրանը մտահոգվելու պատճառ չունի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն և առհասարակ Հայաստան-Արևմուտք հարաբերություններն իսկապես հասել են աննախադեպ ծավալի և որակի, քանզի նշմարվել են համագործակցության նոր եզրեր կամ ոլորտներ, հետևաբար կա նաև զարգացման պոտենցիալ։ Սա հարաբերությունների նոր փուլի սկիզբն է, և Արևմուտքի կողմից Հայաստանը ընկալվում է որպես ժողովրդավարության ուղի բռնած պետություն, որը ցանկանում է դիմագրավել ավտորիտար պետությունների կողմից տարաբնույթ հարձակումներին ու վտանգներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«Արևմուտքում կա այն ընկալումը, որ Հայաստանն արժեքային, քաղաքակրթական առումով իրեն տեսնում է Արևմուտքի մաս։ Հայաստանի վերջին գործողությունները թույլ են տվել Արևմուտքին գալ այն համոզման, որ մեր երկիրն արտաքին քաղաքականության մեջ գնում է ռադիկալ փոփոխությունների, որոնք, ըստ էության, ունեն հիմնական երկու նպատակ։ Մեկն այն է, որ Հայաստանն ունի լրջագույն անվտանգային խնդիրներ, որոնք հասցեագրելու և լուծելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լինի հենց արևմտյան դաշտում, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքական փոփոխությունները նաև նպաստելու են նրան, որպեսզի Հայաստանի ներսում ժողովրդավարական բարեփոխումները խորանան»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ԵՄ-ն առաջին հերթին քաղաքական և տնտեսական կառույց է, ուստի պետք է տեսնենք, թե անկախ ամեն ինչից՝ մեր անվտանգության ամրապնդմանն ինչպես կարող է նպաստել։

«Արդեն իսկ գտել ենք որոշակի ձևաչափեր ու մեխանիզմներ, որոնցից մեկն, օրինակ, եվրոպական դիտորդների առաքելությունն է, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է։ Թեև փաստացի դա քաղաքացիական առաքելություն է, բայցևայնպես դրա նպատակն անվտանգությանը նպաստելն է՝ միտված է խաղաղության ամրապնդմանը։ Բացի այդ, տարիներ առաջ ԵՄ-ն հանդես եկավ կարևոր նախաձեռնությամբ։ Խոսքը Խաղաղության հիմնադրամի մասին է, որը տրամադրում է որոշակի գործիքներ ԵՄ ոչ անդամ պետություններին, որոնց օգնությամբ այդ երկրները կարող են լուծել նաև անվտանգային խնդիրներ։ Թեև հիմնադրամի գործունեության մեծ մասն ուղղված է Ուկրաինային աջակցություն տրամադրելուն, բայցևայնպես, հաշվի առնելով ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը՝ կարող ենք ակնկալել, որ այդ ուղղությամբ էլ կլինի համագործակցություն, և ՀՀ-ն կկարողանա ձեռք բերել որոշակի միջոցներ, որոնք կօգտագործվեն մեր անվտանգության ամրապնդման համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդանյանի դիտարկմամբ՝ ակնհայտորեն տեսանելի է նաև, որ ԵՄ-ի անդամ Ֆրանսիան ՌԴ-ի դաշնակից Հայաստանի հետ առանձին ծավալում է աննախադեպ ռազմաքաղաքական համագործակցություն, ինչը նույնպես ունի զարգացման ներուժ։

«Ֆրանսիայից ստանում ենք սպառազինություն, և այդ երկիրը վերջին շրջանում շատ ավելի կտրուկ կերպով իր խորքային աջակցությունն է հայտնում Հայաստանին։ Գիտենք նաև, որ ԱՄՆ-ի հետ էլ տարվում են բանակցություններ այն մասին, թե ինչպես կարող է Վաշինգտոնն աջակցել մեր անվտանգության ամրապնդմանը։ Միացյալ Նահանգների դեսպանը վերջերս խոսեց այն մասին, որ իրենք մեզ կտրամադրեն, օրինակ, զրահապատ շարժական միջոցներ՝ զինվորականներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մենք պետք է չմոռանանք այն մասին, որ թեկուզև ֆորմալ ու սառեցված մասնակցությունը ՀԱՊԿ-ին որոշակի խոչընդոտ է Արևմուտքի հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելու առումով։ Որոշակի սահմաններում հարաբերությունները կարող են զարգանալ ու հասնել ինչ-որ կետի, որից այն կողմ դրանց ավելի խորացումը արդեն կարող է պայմանավորված լինել նրանով, թե արդյոք մենք շարունակելու ենք թեկուզ ֆորմալ առումով մնալ ՀԱՊԿ-ի մեջ և արդյոք վերանայելու ենք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները»,- ասաց քաղաքագետը։

Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, և իրանական կողմն այդ առումով մտահոգվելու պատճառ չունի։

«ԵՄ-ն նույնպես բավականին ըմբռնմամբ է մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը բավականին լավ ու խորքային հարաբերություններ ունի Իրանի հետ։ Հենց Արևմուտքն ընդհանուր առմամբ, և ԵՄ-ն մասնավորապես, փորձում են գնալ Իրանի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Յուրաքանչյուր հարևան երկիր, որն Արևմուտքի մաս չէ, կարող է մեր երկրի ու Եվրամիության կապերի սերտացման առթիվ ունենալ որոշակի վախեր, սակայն այդ մտահոգությունն ու վախերն անհիմն են։ Մենք պետք է ցույց տանք, որ այդ վախերը ռացիոնալ չեն։ ԵՄ-ն էլ իր հերթին փորձում է դա ցույց տալ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Խոսելով ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի հեռանկարի մասին՝ Վարդանյանն ընդգծեց, որ մեր երկիրը դեռ պատրաստ չէ լիարժեքորեն ինտեգրվել եվրոպական տնտեսությանը, բայց շատ կարճ ժամանակահատվածում կարող է իրավիճակը շահեկանորեն փոխվել։

«Անհրաժեշտ է, որ Եվրաինտեգրման գործընթացը լինի երկկողմանի։ Մի կողմից մենք պետք է այնպես անենք, որ բոլոր տեսակի օրենսդրական, վարչական կարգավորումները լինեն եվրոպական չափանիշներին համապատասխան, ու մեր բիզնեսը պետք է ձգտի նրան, որ բարելավի արտադրանքի որակը, ձեռք բերի նոր սարքավորումներ ու նույնպես փորձի համապատասխանել եվրոպական չափանիշներին։ Ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ակնհայտ երևաց, որ ԵՄ-ն պատրաստ է այս ոլորտում էլ աջակցել Հայաստանին՝ տրամադրելով մեծ գումար փոքր ու միջին բիզնեսին։ ԵՄ-ն կարող է որոշակիորեն արագացնել նաև բարիերների վերացումը Հայաստանի համար՝ հատկացնելով որոշակի արտոնություններ, սահմանելով հատուկ ռեժիմ և ժամկետներ, որպեսզի հայ գործարարները, որոնց արտադրանքն այժմ, գուցե, չի համապատասխանում եվրոպական բարձր չափանիշներին, իքս ժամկետում կարողանան շտկել իրավիճակն ու թողարկել պահանջվող չափանիշներին համապատասխանող արտադրանք»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման խնդրին՝ Վարդանյանն ասաց, որ այդ հարցում ակնկալում էր որոշակի ժամկետներով ճանապարհային քարտեզի ընդունում ապրիլի 5-ի հանդիպման արդյունքներով, սակայն նման բան տեղի չունեցավ։

«Դա նշանակում է, որ դեռ կան չլուծված խնդիրներ։ ԵՄ-ում կա այլ երկրների փորձը, որոնց հետ գործում է վիզաների ազատականացման ռեժիմ, բայց նույն ԵՄ երկրներում այդ առթիվ կան բավականին լուրջ դժգոհություններ, քանի որ շատերը չարաշահում են այդ ռեժիմը՝ խնդիրներ հարուցելով Եվրամիության համար։ Բացի այդ, ԵՄ-ում այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսով, ինչը բարդ ու երկարատև գործընթաց է, թեև կարծում եմ, որ ապագայում այդ խնդիրն էլ կլուծվի։ Եթե հասկանում ենք, որ վիզաների ազատականացման ռեժիմի դեպքում պետք է ուղղակի հանվի վիզաների հետ կապված պահանջը, ապա նշեմ, որ, օրինակ, նույն Վրաստանի և այլ երկրների պարագայում թեև վիզա չի պահանջվում, սակայն քաղաքացիների համար պահպանվել են այցելություններին առնչվող խիստ պայմանները։ Եթե մեր քաղաքացիների համար գործընթացն ավելի պարզեցվի, օրինակ՝ ամբողջովին հանվեն վիզաների դիմաց վճարվող գումարները, քչացնեն պահանջվող փաստաթղթերի քանակը, այնպես անեն, որ երկար հերթեր չլինեն ու մարդիկ տևական ժամանակ չսպասեն, դա նույնպես կլինի որոշակի ազատականացում։ Անկախ ամեն ինչից՝ վիզաների ազատականացումը պարտադիր պայման է, քանի որ դա կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի ամրապնդմանը, և այդ դեպքում հայ հասարակությունն իրեն լիարժեքորեն կզգա որպես եվրոպական տարածքի ու եվրոպական ժողովրդավարական համայնքի մաս»,- նշեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում