Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի 
համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։ 

Քաղաքագետը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Եվրամիության հետ ընդգրկուն և բազմաշերտ հարաբերությունների զարգացումն ավելի քան երեսուն տարի տևած մեկուսացումը հաղթահարելու ճանապարհ է։ Այդ համագործակցությունը կարող է ապահովել բազում դիվիդենտներ, այդ թվում՝ նաև տնտեսական։ Եվրոպական գործընկերների աջակցության շնորհիվ Հայաստանի տնտեսության ապաքինումը կտա դրական արդյունքներ և կմեծացնի նրա անվտանգությունը։ Մեր երկիրն այսօր վարում է հավասարակշռված քաղաքականություն, որտեղ Ռուսաստանը կա, սակայն Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն պետք է մղվեն առաջին պլան։ Իրավիճակը փոխվում է, և մենք պետք է կարողանանք առավելությունները վարպետորեն օգտագործել, իսկ եթե կան թերություններ, պետք է ջանադրաբար աշխատենք դրանք սահմանափակելու կամ իսպառ վերացնելու ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը։

Շիրինյանը բարձր գնահատեց ՀՀ-ում Եվրամիության քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ կարևորելով վերջինիս դերը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում։

«ԵՄ-ի հետ հարաբերությանների անվտանգային բաղադրիչն ինքնին ակնառու է և հասկանալի, քանի որ եվրոդիտորդները կանգնած են Հայաստանի սահմաններին և ստեղծված իրավիճակում ապահովում են լավագույն արդյունք, քանի որ նրանց գտնվելու հատվածներում իրադրությունը խաղաղ է և էսկալացիաներ չեն գրանցվում։ Դիտորդների թվաքականի ավելանալու հետ այդ կառույցի կարգավիճակը կփոխակերպվի ավելի լուրջ գործոնի»,- ասաց մեր զրուցակիցը։

Շիրինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանը կարողանա եվրոպական կառույցների գիտատեխնոլոգիական հնարավորությունները կենտրոնացնել Հայաստանում, ինչի համար կա համապատասխան ներուժ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այդպես ավելի կմոտենա Եվրոպային։

«ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի Հայաստանի վերականգնմանը և այդ գործընթացի տնտեսական օգուտները կլինեն շոշափելի։ Մեր երկիրն այսօր արդեն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում և կարող է վերածվել յուրատեսակ կենտրոնի, որի հետ կապերի զարգացմամբ շահագրգռված են Հնդկաստանը, Իրանը, եվրոպական երկրները։ Եթե Հյուսիս-հարավն ու այլ ճանապարհները գործարկվեն, ՀՀ-ն կվերածվի կարևոր նշանակություն ունեցող հաբի»,-նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով եվրոպական շուկաներ մտնելու և այնտեղ մրցունակ ապրանքներ մատակարարելու հեռանկարի մասին՝ Շիրինյանն ընդգծեց, որ հարցը չլուծելու պարագայում մեր կառավարությունը մշտապես կկանգնի խնդիրների առջև։

«Գործադիր մարմինը պետք է մոբիլիզացնի ապրանքներ առաքող ունակ ֆերմերներին և ծրագրավորված կերպով երկրում խթանի ֆերմերային տնտեսությունների ստեղծումն ու զարգացումը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներ առաքվող հայկական ապրանքների քանակն աղետալիորեն քիչ է, թեև մենք տեղաբնակ հայերի միջոցով ունենք իրավիճակը շահեկանորեն փոխելու հնարավորություններ։ Եթե իրականացվի նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, ապա մեր ապրանքները զգալի չափով կարող ենք ուղղորդել դեպի արևմտյան շուկաներ։ Մենք մտնում ենք հեղափոխական հեղաշրջման ժամանակաշրջան բոլոր իմաստներով, ուստի բազմավեկտոր քաղաքականությունը մեզ թույլ է տալիս ավելի ճկուն գործել ու ազատվել անցյալի ժառանգությունից»,- ասաց քաղաքագետը։

Շիրինյանի դիտարկմամբ՝ գիտաքաղաքական իմաստով պետք է վերադառնալ աշխարհաքաղաքական տարածքում Հայաստանի ազգային շահերի ձևակերպմանն ու իրականացմանը, ինչը լիովին հնարավոր է։

«Եթե չընկալենք գեոքաղաքական տեղաշարժը, մեր հետագա քայլերը հասկանալի չեն լինի։ Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան՝կառույցի գլխավոր երկրներից մեկը, մեծապես օգնում է Հայաստանին։ Փոխվում են ինչպես կարծրատիպերը, այնպես էլ բալանսը։ Ֆինլանդիան, Մերձբալթյան երեք հանրապետությունները, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանն ու Հայաստանը մեկ գծով կազմում են ժողովրդավարության պատնեշը»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am