Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է 
Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է.

«Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:

Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները.

«Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:

Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am