Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Doing Digital Forum-ի հետ գնում ենք թվայնացման հնարավորություններին ընդառաջ. Տաթևիկ Սիմոնյան

Doing Digital Forum-ի հետ գնում ենք թվայնացման հնարավորություններին 
ընդառաջ. Տաթևիկ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենամյա միջազգային Doing Digital Forum (DDF)-ը վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով, ապրիլի 3-ին՝ Դվին հոլում։ Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հետ զրուցել ենք DDF-ի հաջողված փորձի, թվային փոխակերպումներին համընթաց քայլելու անհրաժեշտության, DDF24-ին սպասվող նորությունների, խոսնակների ու թեմաների մասին։ 

Doing Digital Forum-ը ռազմավարական նախաձեռնություն է 

Ժամանակաշրջանը, որում ապրում ենք, սրընթաց փոփոխությունների, արագ զարգացումների, և երբեմն՝ անսպասելի փոխակերպումների փուլ է։ Այսօր թե՛ բիզնեսը, թե՛ պետական համակարգերը և, իհարկե, հասարակությունն այդ փոփոխություններն ընդունելու և փոխակերպման փուլը սահուն անցնելու լրջագույն մարտահրավերի առջև են: Կարևոր է նկատել, որ թվային փոխակերպումը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում թվային տեխնոլոգիաների ներդրման գործընթացն է, որը հիմնովին փոխում է արժեք ստեղծելու և այն հաճախորդներին հասցնելու եղանակը։ 

Արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում թվային փոխակերպումների ընձեռած հնարավորություններն օգտագործելն ու դրանք առավելության վերածելը թիվ մեկ հրամայականն է թե՛ պետական ու թե՛ մասնավոր կազմակերպությունների համար: Այդ հնարավորությունների օգտագործումը կարևոր նշանակություն ունի նորարարությունների խթանման, գործառնական արդյունավետության բարձրացման և ժամանակակից արագ փոփոխվող բիզնես միջավայրում մրցակցային առավելությունների ամրապնդման համար: 

2023 թվականին մենք տվեցինք Doing Digital Forum-ի մեկնարկը։ Ֆորումը կայացավ, քանի որ  թվային փոխակերպման օրակարգը գլոբալ հրամայական է, որին պետք էր արձագանքել, անմասն չմնալ այդ կարևոր օրակարգից: Մենք միավորեցինք և շարունակում ենք միավորել, մեկ հարթակում համախմբել ոլորտի առաջատարներին, լավագույն մասնագետներին ու շահագրգիռ բոլոր կողմերին, որոնք կիսվում են իրենց փորձով, ներկայացնում պետության, տնտեսության ճյուղերի, ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, իրենց հաջողության պատմությունները, և ինչու ոչ՝ նաև այն ձախողումներն ու խնդիրները, որոնց հանդիպում ենք թվային փոխակերպման ճանապարհին, քանի որ դրանք անխուսափելի են։ Կարծում եմ, որ ֆորումը, իսկապես, հաջողել է ու դարձել այն հարթակը, որի շնորհիվ մենք ստեղծում ենք արդյունավետ երկխոսության հնարավորություններ, ձևավորում նոր համագործակցություններ պետական ու մասնավոր հատվածում:  

Doing Digital-ը ռազմավարական նախաձեռնություն է նաև այն պատճառով, որ մենք նպաստում ենք, որպեսզի միջազգային թոփ մեդիաներն ու առաջատար դեմքերը Հայաստանի մասին խոսեն որպես թվային փոխակերպումների գործընթացներն ակտիվ քննարկող, միավորող ու համախմբող երկիր։ Թե՛ ինձ համար անձնապես և թե՛ մեր ամբողջ թիմի համար մեծ պատասխանատվություն է, քանի որ մեր առջև նաև նպատակ ենք դրել Հայաստանը դիրքավորել հաբ, որտեղ հատվում են գլոբալ թվային փոխակերպումները, տեխնոլոգիաները և, վստահաբար, մեր երկիրն ունի այդ ներուժը։

Արդեն 18 տարի հաղորդակցությունների ոլորտում գործունեությունը, տարբեր ուղղությունների բիզնեսների, միջազգային կառույցների հետ աշխատանքի փորձը թույլ է տալիս տեսնել ու խոսել մարտահրավերների մասին, քննարկել սխալները, բայց որ ամենակարևորն է՝ բացահայտել հնարավորությունները։ Եվ, իհարկե, փոփոխության գնալու համար պետք է հասկանալ դրա էությունը։ Եվ մենք, որպես ռազմավարական հաղորդակցություններ իրականացնող ընկերություն, ստանձնել ենք կրթելու և իրազեկելու կարևոր գործառույթը։   

Ամփոփելով DDF 23-ը. արդյունքներն ու արձագանքներն առավել քան տպավորիչ էին

DDF23-ը մեծ հաջողություններ գրանցեց. ունեցանք 1000-ից ավել մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից: Ֆորումին անդրադարձան տեղական ու միջազգային առաջատար մեդիա հարթակներ՝ Yahoo Finance, Forbes, Market Watch, Market Insider, FoxNews, Seeking Alpha և այլն։ Ունեինք 20-ից ավելի խոսնակներ՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ Կենտրոնական բանկ, Ամերիաբանկ, Visa, Fastex, McKinsey, Apricot Capital, Forbes, ICDT Global, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), և այլն։ Ֆորումի գլխավոր խոսնակը միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր, ով ևս նշել էր, որ Հայաստանը կարող է լինել թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ DDF23-ին ունեինք առաջատար խոսնակներ, ովքեր կիսվեցին արժեքավոր գիտելիքներով ու փորձով։ 

Doing Digital Forum 24. ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞ և ու՞մ համար

Հաշվի առնելով Էկոհամակարգում ընդգրկված բոլոր խաղացողների միջև արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը թվային փոխակերպման գործընթացի սահուն և անխափան իրականացման գործում՝ Doing Digital Forum-ը դարձավ շարունակական, ինչպես և մեզ համար նախանշել էինք ի սկզբանե։ 

Անցյալ տարի ֆորումի խորագիրն էր «Բացահայտելով թվային ապագան». մեր նպատակն էր պատմել ու խոսել թվայինի մասին՝ իր բոլոր ասպեկտներով ու առումներով։ Մենք քննարկեցինք, թե ինչպես կազդի թվայնացումը հասարակության զարգացման վրա և ինչպես է պետությունը փորձում կարգավորել թվայնացման գործընթացը, ինչպես են բիզնեսները կիրառում նորարարական գործիքներ՝ թվայնացման գործընթացը սահուն իրագործելու համար: Եվ ի վերջո՝ ո՞րն է թվայնացման ու հասարակությունների զարգացման ապագան: Այժմ մենք գիտենք, որ այդ ամենը հնարավորություն է, և մենք պետք է գնանք ընդառաջ այդ հնարավորություններին, որպեսզի լինենք մրցունակ երկիր, մրցունակ բիզնես, մրցունակ հասարակություն ու մասնագետներ. ուստի DDF24-ն այս տարի անցկացվում է «Հնարավորություններին ընդառաջ» (embracing opportunities) խորագրի ներքո։ Ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին Դվինում։ 

DDF-ն իր շուրջ միավորում է մասնակիցների տարբեր մասնագիտական խմբերից, քանի որ թվայնացումը և փոխակերպումն առանձին ստորաբաժանման գործառույթ չեն. դա ամբողջ կազմակերպության բիզնեսի վարման և ընկալումների փոփոխություն է։ Ֆորումին մասնակցությունը հատկապես օգտակար կլինի կազմակերպության բարձր և միջին օղակի ղեկավարների, տարբեր ուղղությունների ներկայացուցիչների համար՝ մարքեթինգի, վաճառքների, տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի ներկայացուցիչների: DDF–ը նաև ստարտափերի, ակադեմիական համայնքի և պետական հաստատությունների ներկայացուցիչների համար է։ Շատ կարևոր է նաև կրթական հաստատությունների ներգրավվածությունը, այս ուղղությամբ համագործակցում ենք ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ, որպեսզի նոր սերունդը, որն այդ փոփոխությունների առաջնային կրողն է, ևս լինի իրազեկ: 

DDF24-ին մենք ցանկանում ենք մատնանշել բոլոր այն հետաքրքիր հնարավորություններն ու համագործակցությունները, որոնք կարող ենք Հայաստանի տարբեր բնույթի կազմակերպությունների համար ապահովել բարձր արդյունավետություն, նոր ծառայություններ և նոր հաճախորդներ։ Մեր առաքելությունն է խոսել այս ամենի մասին, բացահայտել, կրթվել ու  պատրաստվել,  քանի որ այս ամենը, նախևառաջ, ծառայելու է ի շահ մեր երկրի և տնտեսության զարգացման։ 

Բրեթ Քինգ, Հենրի Արսլանյան, Դիրք ՕլմայերՄոհամեդ Բարդաստանի. DDF24-ը ոլորտի թոփ դեմքերին լսելու բացառիկ հնարավորություն է

DDF23-ին մենք արդեն խոսել ենք այն մասին, որ թվային փոխակերպումները ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին են։ Այո՛, քանի որ փոփոխություններն առաջին հերթին իրենց ազդեցությունն ունենում են մեզ վրա: Շատ բիզնեսների թվում է, թե նրանք առաջադեմ են, շարժվում են թվայնացման ճանապարհով, բայց, ցավոք, բազմաթիվ դեպքերում մենք համոզվում ենք, որ դա այդպես չէ, բազմաթիվ բացեր ու խնդիրներ կան։ Շատերը թվայնացումից խուսափում են, և որպես սոցիոլոգ ու հաղորդակցությունների մասնագետ, պետք է նշեմ, որ դրա պատճառն իրազեկ ու բավականաչափ տեղեկացված չլինելն է։ Մենք այս տարի ֆորումի ծրագրում ընդլայնել ենք քննարկման թեմաները. եթե անցյալ տարի ունեինք մեկ գլխավոր խոսնակ, ապա այս տարի նրանք չորսն են։ Ֆորումի շրջանակում մենք Հայաստանում հյուրընկալում ենք այնպիսի դեմքերի, ովքեր բեսթսելեր գրքերի հեղինակներ են, ֆուտուրիստներ, ովքեր այս թվային փոխակերպումների մասին խոսել են տարիներ առաջ, ունեն պրակտիկ փորձ, որով սիրով կիսվում են, քանի որ գիտակցում են՝ ամբողջ աշխարհը պետք է լինի իրազեկ ու պատրաստ փոփոխություններին, որովհետև մենք բոլորս ենք գլոբալ էկոհամակարգի մասը: 

DDF24-ի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of TechnoSocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։ Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: 

Մյուս խոսնակը  մեր հայրենակից Հենրի Արսլանյանն է, ով մեծ ուրախությամբ պատրաստակամություն հայտնեց մասնակցելու ֆորումին և իր գիտելիքները փոխանցելու։ Նա կրիպտոյի առաջնորդ է Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր։ Հենրին ղեկավարում է ինստիտուցիոնալ մակարդակի կրիպտո հեջ ֆոնդ, որը կենտրոնացած է բացառապես թվային ակտիվների վրա։ DDF24-ի շրջանակում Հենրի Արսլանյանը կխոսի կրիպտո արժույթներից և ոչ միայն։ 

Գլխավոր խոսնակների շարքում է նաև Դիրք Օլմայերը՝ Just Better the first People Growth կազմակերպության գործադիր տնօրեն և փորձառու ձեռնարկատեր, ով ունի մեկ տասնամյակից ավելի փորձ տեխնոլոգիական առաջնորդներ բացահայտելու գործում։ Գտնվելով գերարագ զարգացող թվային փոխակերպումների դարաշրջանում՝ մեկ գաղափարի ու տեսլականի շուրջ միավորված թիմ ունենալը առաջնահերթություն է։ Դիրքը մարդկային ռեսուրսների կառավարման  իր անգնահատելի փորձը բերում է Հայաստան։ 

Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն Մոհամեդ Բարդաստանին մեր մյուս գլխավոր խոսնակներից է։ Նա ներկայացնում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ամենաթարմ տնտեսական զարգացումները, ինչպես նաև վճարումների, ճամփորդությունների ու տուրիզմի ոլորտների վերջին միտումները։ 

Բացի հիմնական ելույթները՝ ունենալու ենք տարբեր թեմաներով պանելային քննարկումներ՝ առաջատար մասնագետների, փորձագետների մասնակցությամբ։ DDF23-ին մեր բոլոր մասնակիցներն ունեցան անակնկալ նվեր գլխավոր խոսնակ Քրիս Սքիներից, ով իր Fintech for Kids գիրքն օնլայն տարբերակով նվիրեց մասնակիցներին։ Այս տարի ևս անակնկալ, կրթող ու մոտիվացնող նվեր ունենք, որը ֆորումի մասնակիցներն աշխարհում առաջինն են ունենալու։

Թվային փոխակերպումների հրամայականները DDF24-ի առանցքում են

Վերջին տասնամյակում տեխնոլոգիաներն ու թվային փոխակերպումները զգալի ազդեցություն են ունենում ֆինանսաբանկային ոլորտի վրա՝ նորովի սահմանելով ֆինանսական ծառայությունների մատուցման ձևը և դրանց օգտագործման փորձը: Այս էվոլյուցիան նաև պայմանավորված է սպառողների փոփոխվող ակնկալիքներով։ Բանկային համակարգն առավել ակտիվ ու անմիջական արձագանքեց թվային վերափոխմանը։ Նրանք գիտակցում են հարմարվողականության անհրաժեշտությունը՝ մրցունակ մնալու այնպիսի միջավայրում, որտեղ տեխնոլոգիան և հաճախորդների սպասելիքները շարունակում են արագ զարգանալ: Սակայն տեխնոլոգիայի մեջ ներդրումներ կատարելը բավարար չէ. բանկերին անհրաժեշտ է հիմնովին վերանայել բիզնեսի վարման և կառավարման մոդելները և մեթոդները, որի համար պետք է նոր մտածելակերպ ու ռազմավարություն, թվային առաջարկներ և այլն: Առաջին DDF–ում ակտիվորեն ներկայացվեց վերջին տարիներին ֆինանսական համակարգի տեխնոլոգիական զարգացումները, ավանդական բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև ֆինթեք նորարարությունները։ DDF24-ի շրջանակում այս ամենին ավելի ընդգրկուն ու համապարփակ ձևով ենք անդրադառնալու: Անցյալ տարի, օրինակ, մենք խոսում էինք ChatGPT-ի մասին, որովհետև այն նորություն էր ու դեռևս աննախադեպ երևույթ էր, բայց այսօր՝ ընդամենը մեկ տարի անց այն ունի համատարած կիրառություն և դարձել է նորմա։ Ներկայում, օրինակ, արդեն մենք քննարկում ենք AI-ի՝ արհեստական բանականության ազդեցությունը հասարակական, սոցիալական ու սոցիոլոգիական երևույթների վրա։ 

 

Երեք պատճառ, թե ինչու մասնակցել DDF 24-ին 

Եթե հակիրճ, ապա՝ 



  • Մենք գտնվում ենք թվայնացման, ավտոմատացման և փոխակերպման կիզակետում. ժամանակին անհասանելի թվացող գիտական ֆանտաստիկան արդեն վերածվել է իրականության: 
  • DDF24-ին մենք ևս մեկ անգամ կխոսենք փոփոխությունների մեկնարկի կարևորության մասին, փոփոխություններ, որոնք պետք է սկսել մտքից և նոր իրականության ընկալումից։
  • Անցել են այն ժամանակները, երբ բավական էր միայն «սովորական բիզնես վարել»: Ժամանակը կանգ չի առնում, մրցակիցները «քնած չեն», տեխնոլոգիական և այլ համաշխարհային հսկաների համար նոր շուկաներ գրավելը դարձել է դյուրին՝ առավել,  քան երբևէ։ 

Ֆորումի նախագծման առաջին օրվանից ինքներս մեզ համար բարձր նշաձող ենք սահմանել. միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն։ DDF23-ի բացման ելույթի ժամանակ, ես նշեցի, որ այս ֆորումը դառնալու է այն առիթը, որից հետո մենք կունենանք նորանոր համագործակցություններ, որոնք մեկնարկելիս կասենք՝ հանդիպել ենք Doing Digital Forum-ին։ Եվ, իր ուրախություն բոլորիս, այդպես էլ եղավ։ Վստահ եմ, այս գեղեցիկ ավանդույթը շարունակվելու է նաև այս տարի։ 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ամերիաբանկն աջակցում է ֆորումին, այն DDF24-ի ֆինթեք գործընկերն է: Միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։ DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ն՝ իր Լիվինգսթոն ռեստորանով: Գործընկերների շարքում է նաև Seven Vision Hotel-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am