Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հանրային դիվանագիտության զարգացման միտումները՝ թվային դարաշրջանում. Երևանում համաժողով անցկացվեց

Հանրային դիվանագիտության զարգացման միտումները՝ թվային դարաշրջանում. 
Երևանում համաժողով անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիվանագիտական դպրոցը մեկ հարթակում էր հավաքել դիվանագետների,  պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների ու միջազգային փորձագետների: «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողովի նպատակն էր Հայաստանի և այլ երկրների պատասխանատու պաշտոնյաների քննարկման առարկա դարձնել էլեկտրոնային դարաշրջանում հանրային դիվանագիտության զարգացման ներկա միտումներ, առաջարկել Հայաստանի հանրային դիվանագիտության համար կիրառական գործնական քայլեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովը կայացավ մարտի 22-ին Երևանում:

«Մեր նպատակն է քննարկել առավելությունները, հնարավորությունները, մարտահրավերները, որ ունի առաջին՝ դիվանագիտությունը, երկրորդ՝ հանրային դիվանագիտությունը ժամանակակից էլեկտրոնային դարաշրջանում, հասկանալ, թե ինչ խոչընդոտներ, ինչ բացեր, հնարավոր արգելքներ կան՝ աշխատելու այս ոլորտում: Մասնավորապես, գիտեք, ապատեղեկատվության շատ մեծ աղբյուրներ և հնարավորություններ կան էլեկտրոնային դարաշրջանում, դրա դեմ ինչպես պայքարել: Մեծ դեր է սկսել այսօր խաղալ արհեստական բանականությունը, և արհեստական բանականության գործիքները սկսել են լայնորեն օգտագործվել նաև դիվանագիտության մեջ: Մեր խնդիրներն են նաև այդ հարցերը բարձրացնել, նայել»,-ասաց Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը:

Այսպիսով` թվային տեխնոլոգիաներն ինչ-որ չափով ազդում են հանրային դիվանագիտության վրա: Զեկուցողներից մեկն է նկատել՝ սա հեղափոխություն չէ, այլ էվոլյուցիա:

«Անընդհատ մեր կյանքում ինչ-որ մի բան փոխվում է: Դիվանագիտությունն էլ ստիպված ադապտացվում, հարմարեցվում է, մենք նոր իրողությունների ենք առնչվում: Անընդհատ մեր մոտեցումները կարիք ունեն թարմացվելու»,-ասաց Գաբրիելյանը:

Այսպիսով` այս բնագավառում այլ երկրների փորձին ծանոթանալու նպատակով քննարկմանն էին հրավիրվել գործնականում հանրային դիվանագիտությամբ զբաղվող մասնագետներ՝ տարբեր երկրներից: Նպատակը ոչ թե պարզապես այլ երկրների փորձին ծանոթանալն էր, այլ քննարկում անցկացնելն ու գործնական արդյունքներ ստանալը:

«Կենտրոնացանք Հայաստանի հանրային դիվանագիտության մարտահրավերների վրա՝ հատկապես թվային տեսանկյունից, և ուսումնասիրեցինք միտումները: Փորձեցինք նաև հասկանալ, թե երիտասարդ դիվանագետները, որոնք ներկայումս վերապատրաստվում են Դիվանագիտական դպրոցի կողմից, ինչպես կարող են օգտվել նոր թվային գործիքների առավելություններից՝ իրականացնելու առավել արդյունավետ հանրային դիվանագիտություն՝ ի նպաստ Հայաստանի»,-ասաց Օքսֆորդի համալսարանի դասախոս, Էլեկտրոնային դիվանագիտության հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Կորնելիու Բյոլան:

OxMXO_0377.JPG (1.30 MB)

Ըստ նրա՝ թվային տեխնոլոգիաները փոխել են իրավիճակը հանրային դիվանագիտությամբ զբաղվողների համար մի քանի ուղղություններով: Օրինակ՝ պետք է իրադարձություններին արձագանքել շատ ավելի արագ, պետք է նկատի ունենալ, որ լսարանը դիվերսիֆիկացվել է: Այսպիսով փորձում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլուր կիրառվող փորձը, գործիքները փոխանցել հայ գործընկերներին:

Օքսֆորդի համալսարանի տեխնոլոգիայի և դիվանագիտական ուսումնասիրությունների դասախոս Ջենիֆեր Քասիդին Երևանում կազմակերպված քննարկմանն անդրադարձել է հանրային դիվանագիտության վրա արհեստական բանականության ազդեցությանը:

«Քննարկեցինք, թե ինչպես է արհեստական բանականությունն օգտագործվում ամբողջ աշխարհում դիվանագետների, դեսպանատների և այլոց կողմից և այն ինչպես կարող է օգնել տեղեկատվության հավաքմանը, տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը: Անդրադարձանք նաև արհեստական բանականության մութ կողմերին»,-ասաց Ջենիֆեր Քասիդին:

Հարցեր են առաջ քաշվել նաև արհեստական բանականության կիրառության վերաբերյալ՝ էթիկայի տեսանկյունից: Քննարկվել են անվտանգության ու գաղտնիության հետ կապված հարցեր: 

Համաժողովի ամփոփիչ քննարկման նիստում առաջ քաշվեցին միջազգային փորձի հիման վրա երկրների հանրային դիվանագիտության արդյունավետության բարձրացման գաղափարներ և առաջարկներ:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am