Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եթե աշխարհը հետևողական լիներ Հայաստանի զգուշացումներին, ԼՂ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել. Սիմոնյանը՝ Եվրանեսթում

Եթե աշխարհը հետևողական լիներ Հայաստանի զգուշացումներին, ԼՂ ժողովրդի 
հետ տեղի ունեցած ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել. Սիմոնյանը՝ 
Եվրանեսթում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտման նախերգանքն էին, այդ ողբերգությունը հնարավոր կլիներ կանխել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում ունեցած իր ելույթում:

«Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն:

Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Եթե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել»,- նկատել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:

«Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր Կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝  օգնելու վերոնշյալ մարդկանց՝ վերակառուցելու իրենց կյանքը: Հայաստանը լիահույս է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով:

«Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները:

Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին:

Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:

Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն:

Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում:

Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին»,- հավելել էԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն ՀՀ-ի համար: Այս առումով Հայաստանը կարեւորում է խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ՝ աջակցություն է փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:

Ելույթի ավարտին Հայաստանի ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ  ընդունած վերջին բանաձեւի համար: Նա ընդգծել է, որ դա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am