Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերություններում պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերություններում 
պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են շարունակել Ռուսաստանի հետ հարաբերություններում պրագմատիկ քաղաքականությունը, որի նպատակը երկրում խաղաղության պահպանումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Մարտի 11-ին Վրաստանի վարչապետը Գեորգի Կաջայային նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով իր հատուկ ներկայացուցիչ, իսկ Զուրաբ Աբաշիձեն, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, դարձել է կառավարության ղեկավարի խորհրդական։

«Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա խնդիրները մնում են նույնը: Դուք գիտեք, թե որն է հարաբերությունների ռեժիմը: Այդ ռեժիմի շրջանակներում, իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել մեր պրագմատիկ քաղաքականությունը, որի նպատակը մեր երկրում խաղաղության պահպանումն է, և մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք կապված են տնտեսական գործունեության հետ», - ասել է Կոբախիձեն։

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան: Դրանք վրացական կողմը խզեց այն բանից հետո, երբ Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։

Սակայն 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկած «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն անվանել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը։

Երկրների միջև երկխոսությունն այսօրվա դրությամբ պահպանվում է Ժնևյան քննարկումների և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցչի և ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումների շրջանակներում, որոնք տեղի են ունենում Պրահայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am