Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սևան քաղաքում ներդրվում է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

Սևան քաղաքում ներդրվում է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման 
համակարգ

ԳԱՎԱՌ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ներդրվում է կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման համակարգ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  օրերս Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, դպրոցի աշակերտների, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի  Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ: Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է շուրջ 300 աղբանոցներ: Երկրի մի քանի բնակավայրերում մասնակի ներդրվել են թափոնների տեսակավորման համակարգեր: Սակայն դրանց շնորհիվ հավաքվում է երկրում վերամշակվող ապակե, թղթե, պլաստիկ և մետաղյա թափոնների ոչ ավելի քան 5 տոկոսը: Դրանց հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը, տեսակավորվում է հենց աղբանոցներում՝ ոչ ֆորմալ խմբերի կողմից: Արդյունքում՝ առաջ է գալիս մի շարք խնդիրներ, ներառյալ անկառավարելի հրդեհներ, մթնոլորտային արտանետումներ և համայնքի ֆինանսական կորուստներ:

Հանդիպում-քննարկման ընթացքում, որը միաժամանակ նաև իրազեկվածության բարձրացմանն էր միտված, վեր են հանվել  աղբահանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, տեղական նշանակության հարցեր:

Ինչպես նշել են  հանդիպման կազմակերպիչները, աղբահանության մշակույթի ձևավորման ճանապարհին անգնահատելի է ուսումնական հաստատությունների դերը, աշակերտների ակտիվ և անմիջական մասնակցությունը, որի շնորհիվ ձևավորված կամավորական շարժումը ոչ միայն ծրագրի ընթացքում, այլ դրանից հետո էլ կարող է տալ ցանկալի արդյունք:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են  իրենց տեսլականը, առաջարկել ոլորտային լուծումներ, որոնց առանցքում աղբի տեսակավորումն էր, այսինքն՝ այն հիմնախնդրի լուծումը, որը Սևան քաղաքում իրականացվող այս ծրագրի վերջնանպատակն է:

Ավագ դպրոց աշակերտների կողմից ներկայացված շնորհանդեսային նյութն էլ աղբահանության ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը զուգահեռ լուծման տարբերակներ է առաջարկել:

Ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը կբերի մի շարք դրական փոփոխությունների,

«Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է Սևանի բնակիչների աջակցությունը, որի շնորհիվ էլ հնարավոր կլինի ունենալ տեսանելի արդյունք աղբահանության ոլորտում նոր մշակույթի ձևավորման ճանապարհին:

 Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի հետ համատեղ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am