Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության (ԵՄ) և Հայաստանի հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրում։ ԵՄ-ի և Հայաստանի պաշտոնյաների կողմից վերջերս արված մի շարք հայտարարություններ ընդգծեցին երկու կողմերի հետաքրքրությունը՝ ամրապնդելու հարաբերությունները։ ԵՄ-ի աջակցության աճը ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ 

Ներկայումս Հայաստանի հանդեպ ԵՄ հետաքրքրությունը նկատելիորեն ավելացել է, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Կան տարբեր ուղիներ, որոնք կնպաստեն ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Այս համատեքստում կարևոր է պահպանել իրատեսական ակնկալիքները՝ հաշվի առնելով Եվրամիության ուժեղ կողմերը: ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը կարող է հիմնված լինել երեք ասպեկտների վրա՝ ԵՄ աջակցություն Հայաստանի ներքին բարեփոխումներին, հայկական ընկերությունների զարգացում ԵՄ շուկայական չափորոշիչներին համապատասխան և ԵՄ ներդրումներ: Իհարկե, սա չի բացառում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուսումնասիրման կարևորությունը: Այս երեք ուղղությունները կարևոր հնարավորություն են երկու կողմերի համար խորացնելու իրենց հարաբերությունները՝ որը թույլ կտա Հայաստանին, օգտագործելով ԵՄ-ի հնարավորությունները, բարձրացնելու իր կարողությունները. նման եզրակացության են հանգել «ԱՊՐԻ Արմենիա»-ի և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացված զեկույցում: Զեկույցը հիմնված է հայ պաշտոնյաների, ԵՄ ներկայացուցիչների, Երևանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում և Բրյուսելում քաղհասարակական կազմակերպությունների անդամների հետ հարցազրույցների արդյունքների հիման վրա։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական և քաղաքական հիմքերը կառուցված են բազմակողմ Արևելյան գործընկերության (ԱլԳ) և երկկողմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա: 2023 թվականի փետրվարին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններին ավելացել  է նաև անվտանգային ասպեկտը: Թեև ԱլԳ-ն և ՀԸԳՀ-ն ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար լավ հիմք են համարվում, Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման դժվարությունները բարդացնում են ՀԸԳՀ-ի ամբողջական իրականացումը: Այս մարտահրավերը հաղթահարելու համար ԵՄ-ի և Հայաստանի կողմից անհրաժեշտ են կայուն ջանքեր և միասնական հանձնառություն՝  հավատարիմ մնալով ինստիտուցիոնալ բարեփոխումների կայուն առաջընթացին և Հայաստանի ժողովրդավարական վերափոխման կայուն խթանմանը:

Ինչպես ընդգծված է 2023 թվականի ԱլԳ-ի ինդեքսում, Հայաստանը կարիք ունի զարգացնելու իր քաղաքական կառույցները և ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Հայաստանի կառավարությունը նույնպես ընդունել է այդ նկատառումները պետական կառավարման բարեփոխումների իր օրակարգում: Հետևաբար, Եվրամիության հետ համագործակցությունը, որը հայտնի է իր ամուր ինստիտուցիոնալ շրջանակներով և բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելու փորձով, կարող է զգալիորեն օգնել Հայաստանին պետական հատվածը արդիականացնելու իր ջանքերում: Ի լրումն, պետական ապարատի հզորացմանն ուղղված նախաձեռնություններին՝  եվրոպական և հայ քաղաքացիական հասարակության անդամների միջև շարունակական համագործակցությունը համատեղ կրթական ծրագրերի միջոցով ավելի կխթանի այս նպատակը: Ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա բարեփոխումներում կայուն հաջողություն ապահովելու համար Հայաստանը պետք է նաև ընդլայնի իր ներգրավվածությունը տեղական քաղաքացիական հասարակության հետ:

Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության  հաջորդ քայլը պետք է ուղղի հայկական արտադրանքի չափորոշիչների բարելավմանը՝ համապատասխանեցնելով ԵՄ-ին և խթանելով կառավարության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Դրան հասնելու համար Հայաստանի կառավարությունը պետք է ընդլայնի համապատասխան տեղեկատվության հասանելիությունը: Կարևոր է նաև այն, որ Հայաստանը փորձի ստանալ ԵՄ ներդրումներ այն ոլորտներում, որտեղ կարծում է, որ կարող է առավելագույն օգուտներ քաղել: Ինչպես փաստեցին 2023 թվականի նոյեմբերին Հայաստանում ԵՄ փաստահավաք առաքելության եզրակացությունները, ԵՄ ներդրումները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, կապը, նույնպես օգուտ կբերեն երկրին: ԵՄ տեխնիկական աջակցությունը և կարողությունների զարգացումը կառավարման, օրենքի գերակայության և դատական ոլորտներում նույնպես օգտակար կլինեն Հայաստանի համար:

Հայաստանը պետք է զարգացնի իր հաղորդակցական ուղիները, ձևավորելով ռազմավարական տեսլական, որն ուղղված կլինի թե' Եվրամիությանը և թե' Հայաստանի հանրությանը: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հստակ ձևակերպի ԵՄ հետ համագործակցության իր ակնկալիքները և առաջնահերթությունները` համապատասխան իր շահերին, միևնույն ժամանակ, հաշվի առնելով ԵՄ առաջնահերթությունները և մարտահրավերները: Կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը ներառում է 27 անդամ պետություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր արտաքին քաղաքական շահերն և առաջնահերթությունները: Հաշվի առնելով, որ կան անդամ երկրներ, որոնք սերտ կապեր են հաստատել Ադրբեջանի և նրա ղեկավարության հետ, Հայաստանը պետք է ընդլայնի երկկողմ հարաբերությունները տվյալ ԵՄ պետությունների հետ: Մյուս կողմից, կարևոր է, որ կառավարությունը հստակեցնի, թե ինչ նկատի ունի, երբ ԵՄ հարթակներում հայտարարում է «հայ ժողովրդի եվրոպական նկրտումների» մասին։ Իրատեսական ակնկալիքները պահպանելու համար Հայաստանը և ԵՄ-ն պետք է հանրության համար հստակեցնեն Հայաստանում Եվրոպական միության առաքելության դերն ու նշանակությունը: Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը անվտանգության ոլորտում դեռևս սահմանափակ է: Հետևաբար, Հայաստանը կարող է օգտագործել ԵՄ ինստիտուցիոնալ փորձը պետական կառավարման համակարգի բարեփոխումների ոլորտում և պահանջել ռազմավարական ներդրումներ, որոնք կօպտիմալացնեն ԵՄ աջակցությունը և կնպաստեն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը: Հայաստանը պետք է ներգրավի տեղական քաղաքացիական հասարակությանը՝ նպատակ հետապնդելով նպաստել երկու հիմնական նպատակի. նախ՝ հնարավորություն տալ իր քաղաքացիական հասարակությանը ընդլայնել իրենց կապերը ԵՄ գործընկերների հետ, և երկրորդ՝ օգտագործել նրանց օգնությունը որոշումների կայացման համար ավելի ամուր ռազմավարական տեսլական ստեղծելու գործընթացում:

 «ԱՊՐԻ Արմենիա»-ի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյան

«ԱՊՐԻ Արմենիա»-ի կրտսեր գիտաշխատող Մառա Նազարեթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am