Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Երրորդ դուռը». Eventure Global-ը երիտասարդներին կրթելու, նրանց ներուժը բացահայտելու նպատակով մի շարք նախաձեռնություններ ունի

«Երրորդ դուռը». Eventure Global-ը երիտասարդներին կրթելու, նրանց ներուժը 
բացահայտելու նպատակով մի շարք նախաձեռնություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երիտասարդներին կրթելու, նրանց ներուժը բացահայտելու ու նրանց համար նոր դռներ բացելու նպատակով Eventure Global կազմակերպությունը հանձն է առել մի շարք նախաձեռնությունների՝ թարգմանել և հայ ընթերցողներին ներկայացնել Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը» բեսթսելերը, հիմնել «Հաջողության երրորդ դուռ» կրթական ակումբը և ունկնդիրներին ներկայացնել «Իմ հաջողության երրորդ դուռը» փոդքասթը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Eventure Global կազմակերպության ներկայացուցիչներ արձակագիր, Eventure Global ՍՊԸ-ի գործադիր տնօրեն  Արմեն Նիազյանը, Karapp հարթակի հիմնադիր և հրատարակիչ Շավարշ Կարապետյանը, Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն Գոռ Կարապետյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը և «Բիզնեսի աջակցման կենտրոն»-ի հիմնադիր Սամվել Գևորգյանը նշեցին՝ այս նախաձեռնություններով նպատակ ունեն ոչ միայն օգնել մարդկանց գտնել իրենց «երրորդ դուռը», այլ նաև բացել այն: 

OLD04524.jpg (1.09 MB)

Խոսելով 1 մլն օրինակով վաճառված «Երրորդ դուռ» համաշխարհային բեսթսելերը հայերեն թարգմանելու և հայ ընթերցողներին ներկայացնելու նախաձեռնությունից, գաղափարի հեղինակ  Շավարշ Կարապետյանն ընդգծեց՝ հայաստանյան շուկայում այս գրքի բացն ակնհայտ էր: Նրա խոսքով՝ գուցե շատ են նմանատիպ ուղերձներով գրքերը, սակայն այս մեկը շատ է տարբերվում: 

«Սա հերթական մոտիվացիոն կամ բիզնես գիրքը չէ: Այն անցած ճանապարհի շնորհիվ հաջողության հասնելու ապացույց է»,- մեկնաբանեց Կարապետյանը: 

OLD04564.jpg (573 KB)

Գրքում ներկայացված է՝ տասնութամյա նորաթուխ ուսանողի աներևակայելի ճանապարհորդությունը, որը սկսվել է նրա հանրակացարանի սենյակից, տարել  բացահայտելու՝ Բիլ Գեյթսի, Լեդի Գագայի, Ուորեն Բաֆեթի, Լարի Քինգի ու տասնյակ այլ հայտնիների հաջողության գաղտնիքը՝ նրանց կարիերայի սկզբում։ Ճանապարհորդությունը ցույց է տվել նրան, որ վճռական և ստեղծագործ անձինք մուտք են գործում՝ «Երրորդ դռնով»:

«Եթե փորձեմ կարճ լինել՝ կասեմ՝ գիրքը ժամանակակից մարդու հնարավորությունները գտնելու, այդ ճանապարհները փնտրելու և ոչնչից ամեն ինչ ստեղծելու մասին է: Երբ Շավարշը պատմեց գաղափարի մասին, առանց մտածելու որոշեցի ներգրավել գործում: Այն բովանդակությունը, գաղափարն ու հայեցակարգը, որը գրքում ներկայացված է, մեզ համար հոգեհարազատ է: Ըստ էության, ես էլ եմ համարում, որ կյանքում մի քանի անգամ «երրորդ դուռ» եմ բացել, դրա համար որոշեցի միանալ թիմին և նպաստել, որ այս գիրքը Հայաստանում լույս տեսնի, և ավելի շատ մարդիկ, անկախ տարիքից, հնարավարություն ստանան կարդալ և փոխել իրենց կյանքը»,-ասաց Ավետիս Ավետիսյանը: 

BjishkOLD04568.jpg (690 KB)

Գոռ Կարապետյանն էլ նշեց՝ սա գիրք է, որը ձևավկարեպում է շատ չձևակերպված մտքեր, լեգիտիմացնում է ոչ լեգիտիմ սկզբունքեր: Նրա խոսքով՝ նպատակը կարևոր է. մեծ ջանքեր թափելով հնարավոր է հասնել մեծ արդյունքների: 

Gor KarapetyanOLD04563.jpg (749 KB)

Ալեքս Բանայանն ամենաերիտասարդ բիզնես բեսթսելերի հեղինակն է ԱՄՆ պատմության մեջ, Forbes-ի կողմից համարվել է բոլոր ժամանակների ամենաերիտասարդ վենչուրային կապիտալիստ, չլինելով լրագրող՝ ամենաերիտասարդ մարդն է աշխարհում, որ հարցազրույց է վերցրել Բիլ Գեյթսից, Լարի Քինգից և Սթիվ Վոզնյակից, Business Insider-ի կողմից (2021թ.) հայտնվել է մինչև 30 տարեկան աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

«Սա հերթական գիրքը չէ, այլ մեր ուղերձը տեղ հասցնելու խողովակներից մեկը»,-մեկնաբանեց Գոռ Կարապետյանը: 

Արմեն Նիազյանն էլ նշեց՝ իրենց նպատակն ի սկզբանե ընկերություն հիմնելն էր, որը կխթանի, կտարածի կրթության կարևորությունը: Նմանատիպ միջոցառումներով նպատակ ունեն ոչ միայն խոսել կրթության կարևորության մասին, այլ նաև պրակտիկ քայլերով փոփոխություններ բերել: Նա հիշեցրեց՝ միջոցառման նման օրինակ էր բիզնեսը, կրթությունը, մշակույթն ու սոցիալական բաղադրիչները մեկ տեղում միավորող «Jazz Business»-ը, որի կարգախոսն էր՝ «Միայնակ հաջողության չես հասնի»:

Armen OLD04565.jpg (555 KB)

«Պատմեմ նաև «Իմ հաջողության երրորդ դուռը» փոդքասթի մասին, որը հնարավոր է ունկնդրել Karapp հարթակով: Ունենում ենք հատուկ հյուրեր, որոնց մենք անվանում ենք «երրորդ դուռ» բացած մարդիկ: Ունենք մեկ այլ տերմին ևս՝ հաջողության դեսպաններ»,-ներկայացրեց փոդքասթի հաղորդավար Արմեն Նիազյանը: 

Նիազյանը ներկայացրեց նաև «Հաջողության երրորդ դուռ»-ը ակումբի ստեղծման մասին՝ ընդգծելով, որ իրենք ընկերներով վաղուց են ակումբի մաս կազմում: Շաբաթական մեկ անգամ, վաղ առավոտյան հավաքվում են ու տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ծավալում, «Երրորդ դռան» գաղափարը հենց այդ քննարկումների շրջանակում է ծագել: Նիազյանի խոսքով՝ հաճախ են իրենց ընկերները ակումբին միանալու ցանկություն հայտնել, և ի վերջո որոշել են ակումբը հանրության համար բաց դարձնել: 

«Սա ևս մի հնարավորություն կլինի մարդկանց համար գալու, մոտիվացվելու: 

Ակումբի ձևաչափը դեռ քննարկումների փուլում է, բայց մարդկանց հնարավորություն է տրվելու միանալ նաև օնլայն տարբերակով: Ակումբի շրջանակում մենք մարդկանց ոչ միայն ցույց կտանք «երրորդ դուռը», այլ նաև կօգնենք «բացել այն»,- ասաց Նիազյանը: 

Գրքի շնորհանդեսին՝ մարտի 3-ին, սպասվում է բիզնես StandUp-ներ, երաժշտական կատարումներ, Networking. ծանոթություն վերջին տարիներին Հայաստանում հաջողության հասած արտադրողների հետ: Քանի որ գիրքը պատմում է նոր դռներ բացելու մասին, այդ նպատակով շնորհանդեսին հրավիրված են նաև հայ արտադրողներ, ովքեր իրենց գործունեությամբ նոր դռներ են բացել հայ իրականության մեջ։ Մուտքն ազատ է: 

OLD04571.jpg (476 KB)

Նախաձեռնությունն ունի նաև սոցիալական ուղղվածություն։ Մշակվել է փաթեթ, որի օգնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, սահմանամերձ շրջաններում ապրող երիտասարդները, սոցիալական խոցելի խմբում գտնվող մարդիկ անվճար կստանան գիրքը, ինչպես նաև՝ հնարավորություն ներգրավելու «Հաջողության երրորդ դուռ»-ը ակումբում։

Ավետիս Ավետիսյանը եզրափակելով նշեց՝ և՛ գիրքը, և՛ ակումբը, և՛ փոդքասթները ընդամենը գործիքներ են մեր ընդհանուր գաղափարին հասնելու գործում:  

«Մենք բոլորս ինքնաշեն առաջնորդներ ենք, մենք մարդկ ենք, որոնք փորձել են «երրորդ դռան» գաղափարով մտնել այս կայքը և, առնվազն մեզ համար, ինչ-որ բարձունքների հասնել: Հաջողել ենք ու շատ հաճախ դժվար ենք հաջողել: Ունենք առաքելություն, պատրաստակամություն ու սիրտ այդ դռան հասցեով կիսվել այլ մարդկանց հետ, մասնավորապես՝ երիտասարդների: Գրքով ու այս գործունեությամբ մենք փորձում ենք մարդկանց փրկօղակ առաջարկել: Ու ընդհանուր առմամբ՝ այս ամենի հիմքում Հայաստանն ավելի լավը դարձնելն է, դրա արդյունքում նոր զարթոնք ապահովելը»,- եզրափակեց Գոռ Կարապետյանը: 

Առաջին դուռը գլխավոր մուտքն է, որտեղ հերթ է կանգնած մարդկանց մեծամասնությունը․որոշներին ստացվում է մտնել ներս, որոշներին՝ ոչ։ Երկրորդ մուտքից օգտվում են VIP հյուրերը, ընտրյալները, բացառիկ մարդիկ: Սակայն շատերի մտքով չի էլ անցնում, որ ցանկացած վայրում հայտնվելու մեկ այլ դուռ կա՝ երրորդ դուռը, որը գտնում են վճռական ու ստեղծագործ մարդիկ։ Eventure Global-ից նշեցին՝ թե ո՞ր դուռը կբացեք, կախված է միայն Ձեզնից, բայց գիրքը կարդալուց հետո ընտրելու եք միայն ու միայն երրորդ դուռը:

Կարինե Տերտերյան 

Նկարները՝ Հայկ Հարությունյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am