Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հաֆեզի պոեզիան՝ համամարդկային արժեք. հայերեն թարգմանությամբ լույս են տեսել հեղինակի գազելներն ու քառյակները

Հաֆեզի պոեզիան՝ համամարդկային արժեք. հայերեն թարգմանությամբ լույս են 
տեսել հեղինակի գազելներն ու քառյակները

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսկական քնարերգության մեծագույն վարպետ Հաֆեզի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել ողջ պարսկական մշակույթի վրա և մինչ օրս արդիական են, սիրված: Հաֆեզի ստեղծագործությունների լայն շրջանակն ընթերցողներին ներկայացնելու նպատակով «Զանգակ» հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել հեղինակի ավելի քան 200 գազել և 16 քառյակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀԱՖԵԶ գազելներ, քառյակներ» գիրքը, որի թարգմանիչը Ժորժ Աբրահամյանն է, ընթերցասեր հանրությանը ներկայացվեց փետրվարի 16-ին Երևանի Կապույտ մզկիթում:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին նշեց՝ Հաֆեզն ինչպես մի աստղ միշտ փայլում է Իրանի և ամբողջ աշխարհի երկնակամարում: «Դժվար թե Իրանում գտնեք մեկ տուն, որտեղ չլինի Հաֆեզի գազելների ժողովածուն: Ձեր ներկայությունն այս միջոցառմանն ապացուցում է, որ նա չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է»,-շեշտեց դեսպանը: 

Ըստ նրա՝ մշակույթը և դիվանագիտությունը նման են. պոեզիան փափուկ ուժ է, դիվանագիտությունը՝ ևս:  «Մշակույթի գործիչների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես կամուրջ են հանդիսացել տարբեր երկրների միջև: Մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերություններն ու խորացնել բարեկամությունը: Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրույն մշակույթով: Հաֆեզը, Ռումին և այլ հեղինակներ այդ մշակույթի կրողն են ու բացահայտում են այդ հարստությունը: Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է  դիվանագիտությունը»,-ընդգծեց Մեհդի Սոբհանին:

Նա շնորհակալություն հայտնեց գրքի թարգմանչին նրա կատարած կարևոր ու նշանակալի աշխատանքի համաև և ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում իրանական մշակույթին, գրականությանը: 

Գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի խոսքով՝ Հաֆեզի գազելները մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում: «Իրանական պոեզիան ունի մի քանի գագաթներ՝ Ֆիրդուսին, Սաադին և այլք, որոնք շատ սիրված են: Այդ գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում: Հաֆեզի գազելներն ամեն տարի վերահրատարակվում են: 14-րդ դարից մինչև հիմա նրա գործերը լույս են տեսնում»,-նշեց թարգմանիչը:

Աբրահամյանը Հաֆեզի լեզվական առանձահատկությունն է համարում այն, որ ամեն անգամ նրա գազելներն ընթերցելիս մարդիկ դրանք տարբեր կերպ են ընկալում, քանի որ ծալքերը շատ են: «Յուրաքանչյուն իրեն գտնում է այդ ստեղծագործություններում: Հաֆեզի գործերը նաև բախտագուշակության են վերածվել: Հատուկ ծես կա Իրանում. մարդիկ դիմում են Հաֆեզին՝ փորձելով հասկանալ, թե նա իրենց ինչ խորհուրդ կտա և ըստ դրա որոշում են իրենց հետագա քայլերը»,-պատմեց գրքի թարգմանիչը:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Եղիազարյանն էլ հայտնեց, որ առաջին անգամ են անդրադառնում պարսիկ հեղինակի: «Գործ ունենք պարսկական գրականության ամենահզոր  գրողներից մեկի, միջնադարյան մեծ պոետի՝ Հաֆեզի հետ: Նրա ստեղծագործությունները հայերեն հրատարակելու նախաձեռնությունը թելադրված է նրանով, որ մենք պատմականորեն շատ կապված ենք պարսկական մշակույթի հետ, ինչի մասին վերջին ժամանակներում մոռանում ենք, ուստի որոշեցինք հիշեցնել այդ մասին»,-ասաց նա:

OLD03737.jpg (565 KB)

Եղիազարյանի հավաստիացմամբ՝ համեմատաբար քիչ է թարգմանվում պոեզիա: Հաֆեզի ստեղծագործությունների միջոցով հրատարակչությունը փորձում է ընթերցողներին բերել դեպի պոեզիա: «Պարզվում է՝ ընթերցողը սպասում էր այս գրքին, քանի որ այն մեծ պահանջարկ ունի, հատկապես, որ գազելներն ու քառյակները սիրո, կյանքի փիլիսոփայության մասին են»,-շեշտեց նա:

Միջոցառմանը, որն ուղեկցվեց հայ և իրանական երաժշտության կատարումներով, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը շնորհակալագրեր հանձնեց հայ իրանագետներին երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմա գործուն ունեցած դերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am