Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության 
համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել «Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity» (Որակյալ և համապատասխան ցկյանս կրթություն մշակութային բազմազանության մեջ և դրա միջոցով) խորագրով պանելային նիստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։

«Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու  ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։

Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները գնահատելու նպատակով:

Համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որով կառաջարկվեն կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը բարելավելու, խորացնելու և ընդլայնելու նոր ուղիներ՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները, որոնք կարագացնեն 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը: 

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am