Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության կողմից ներդրումներն ավելացել են ավելի քան 6 անգամ. Քերոբյան

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության կողմից 
ներդրումներն ավելացել են ավելի քան 6 անգամ. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին 4 տարիներին ՀՀ կառավարության և Էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի  2023 թվականի ձեռքբերումների ամփոփմանն ու գալիք տարվա անելիքների ներկայացման առթիվ դեկտեմբերի 8-ին կազմակերպված երեկոյի  բացման խոսքում:

«Եթե 2020 թվականին զբոսաշրջության ոլորտին հատկացվել և իրացվել է 2 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին նախատեսվում են  13,2 մլրդ դրամի ներդրումներ»,-մանրամասնել է գերատեսչության ղեկավարը՝ավելացնելով, որ իրապես մեծացել են ներդրումները ներքին զբոսաշրջության մեջ, որի զարգացման ուղղությամբ ջանքերը շարունակական են:

Նախարարի խոսքով՝ Ազգային ժողովում արդեն ներկայացվել է «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որը խոշոր բարեփոխում է՝ ուղղված ոլորտի զարգացմանը:

«Փորձում ենք կարգավորել ծառայությունների մատուցման որակը մակարդակը, ձևը և պաշտպանել զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին ու սպառողներին: Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության կոմիտեն նախապատրաստական մեծ աշխատանք են կատարել, որպեսզի հաջորդ տարվանից մենք էապես մեծացնենք մեր ներդրումները զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հարցում»,- հայտնեց Քերոբյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ հաջորդ տարվա կեսերին Համաշխարհային բանկի հետ կստորագրվի 150 միլիոն դոլարի վարկային ծրագիր, որն ուղղվելու է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացմանը:

Նախարարի կարծիքով՝ այն նոր ներդրումների մեծ ալիք կբերի այդ զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջինը կլինի Արենին, որի տնտեսական ուսումնասիրությունն արվում  է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործընկերների հետ:

 Քերոբյանը հայտնեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության (USAID) հետ արդեն կնքվել է 24,5 մլն դոլարի շրջանակային համաձայնագիր, որի շրջանակներում  տրամադրվող գումարներն ուղղվելու են մի քանի ոլորտների, այդ թվում՝ նաև զբոսաշրջության զարգացմանը:

«Անցած տարվանից աշխատում է մեր նոր բրենդինգը, որը բավականին հաջող ներկայացնում է Հայաստանը տարբեր շուկաներում: Դիվերսիֆիկացվել են նաև ներգնա զբոսաշրջային ուղղությունները, և այդ առումով ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, արաբական շուկաներում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ Պատրաստվում ենք այդ ուղղությամբ մեր ջանքերն ավելի մեծացնել»,-ներկայացրել է նա՝ հայտնելով, որ հաջորդ տարի Գլոբալ գինու տուրիզմի 8-րդ կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել Հայաստանում:

Էկոնոմիկայի նախարարը մեծ ռեկորդ  համարեց 2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, որ կազմում է  2,2 միլիոն:

Ըստ նրա՝  Հայաստանը 2019 թվականի համեմատությամբ աշխարհում 6-րդն է այս ցուցանիշի աճով և ակնկալիք կա, որ այն կմեծանա հաջորդ տարիներին:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ թիմին, միջազգային դոնոր գործընկերներին, մասնավոր և հասարակական հատվածի գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ արձանագրվել  են նման ցուցանիշներ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am