Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ինչու է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ինչու է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին 
քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին միջազգայնագետների, փորձագետների և քաղաքական գործիչների կողմից թերևս ամենաշատ քննարկվող թեման հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգի աստիճանական կերպափոխումն է: Կարծիքները տարբեր են թե՜ կերպափոխման ընթացքի, թե՜ ժամկետների և թե՜ նոր ձևավորվող աշխարհակարգի հիմնական տարրերի մասին: Մի հարցում, սակայն, գրեթե բոլորի տեսակետները համընկնում են. միաբևեռ աշխարհն աստիճանաբար անցնում է պատմության գիրկը, և մինչ նոր աշխարհակարգի վերջնական ձևավորումը, առաջիկա տասնամյակը բնորոշվելու է անկայունությամբ, հակամարտությունների աճով, տնտեսական ցնցումներով: Կլիմայի փոփոխությունը և թվային տեխնոլոգաների, այդ թվում՝ արհեստական բանականության գնալով աճող դերակատարությունը անկայունության հավելյալ գործոններ  են, որոնք էլ ավելի են դժվարացնում առաջիկա տարիների ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումները գնահատելու, կանխատեսելու և դրանց հիման վրա քաղաքականություն մշակելու հնարավորությունները:

Աշխարհակարգի փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության վրա: 1990–ական թվականների կեսերից տարածաշրջանում ձևավորված անվտանգային համակարգը բաղկացած էր երկու հիմնասյուներից: Դրանցից մեկը ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորված Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա ռազմավարական գործընկերությունն էր՝ միտված ադրբեջանական նավթը և գազը Ռուսաստանը շրջանցելով միջազգային շուկաներ արտահանելուն, և արևմտյան ազդեցությունը տարածաշրջանում աստիճանաբար մեծացնելուն: Դրան հակակշիռ էր ծառայում Ռուսաստան–Հայաստան ռազմավարական դաշինքը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահ զորքերի տեղակայմամբ և Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի էական ներգրավմամբ: Իրանն ուղղակիորեն ներգրավված չէր այս երկու խմբավորումներում, սակայն փաստացի աջակցում էր Հայաստան–Ռուսաստան դաշինքին՝ տարածաշրջանում Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի ազդեցության աճը համարելով սպառնալիք իր կենսական շահերին:

Այս համակարգի երկրորդ փուլը սկսեց ձևավորվել 2010-ական թվականներից: Դա պայմանավորված էր ինչպես գլոբալ աշխարհակարգի կերպափոխմամբ, այնպես էլ տարածաշրջանային փոփոխություններով: Առաջին հերթին հարկ է նշել Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունը: Տարբեր տարածաշրջաններում զուտ ամերիկյան շահերն սպասարկող գործիքից Թուրքիան աստիճանաբար սկսեց վերածվել ինքնուրույն դերակատարի, որը պատրաստ էր անհրաժեշտության դեպքում հակադրվել ԱՄՆ-ին: Սրան զուգահեռ ընթանում էր Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների լարման գործընթացը, որն ավելի սուր բնույթ ստացավ 2014թ. ուկրաինական ճգնաժամից հետո: Ստեղծված պայմաններում սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների կերպափոխման գործընթացը զուտ մրցակցայինից դեպի մրցակցային–համագործակցային ձևաչափի: Այն իր առաջին գործնական կիրառումն ստացավ Սիրիայում՝ Ռուսաստան–Թուրքիա–Իրան տարածաշրջանային «Աստանայի ձևաչափի» գործարկմամբ:  Ռուս–թուրքական և թուրք–ամերիկյան հարաբերությունների փոփոխությունը, ինչպես նաև Ռուսաստան–Արևմուտք գնալով սրվող հակամարտությունն սկսեց ազդել նաև Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության վրա: Նախկինում գործող համակարգը՝ Թուրքիա–Ադրբեջան–Վրաստանն ընդդեմ Ռուսաստան–Հայաստան  տանդեմի, աստիճանաբար սկսեց կորցնել իր նշանակությունը:

Այս փոփոխությունների առաջին գործնական ազդեցությունը զգացվեց 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը չկանխեց Թուրքիայի ուղղակի ներգրավվումը ռազմական գործողություններին, իսկ պատերազմի ավարտից հետո համաձայնեց Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ստեղծմանը:

Տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության երրորդ փուլի մեկնարկը պայմանավորված էր 2022թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով: Ռուսաստանը օբյեկտիվորեն շատ ավելի քիչ ռեսուրսներ ունի տարածաշրջանային զարգացումների վրա ազդելու համար, միևնույն ժամանակ, էականորեն ավելացել է Ադրբեջանի և Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար: Ռուս-ուկրաինական պատերազմը նաև կտրուկ սրել է Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունները՝ հետխորհրդային ողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հարավային Կովկասը, վերածելով Ռուսաստան–Արևմուտք, և առաջին հերթին Ռուսաստան–ԱՄՆ հակամարտության կիզակետի: Ռուսաստանը փորձում է հնարավորինս ապահովել իր ազդեցության պահպանումը տարածաշրջանում, մինչդեռ ԱՄՆ-ի հիմնական նպատակը տարածաշրջանում ռուսական ներկայության սահմանափակումն է: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ ԵՄ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, տարածաշրջանում իր գործունեությունը չի դիտարկում բացառապես Ռուսաստանի դիրքերի թուլացման տեսանկյունից, և առաջնահերթ է դիտարկում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատումը:   

Ստեղծված պայմաններում Հայաստանը կանգնած է իր արտաքին քաղաքականությունը փոփոխելու անհրաժեշտության առջև: Այն, ինչ այս կամ չափով աշխատում էր վերջին երեք տասնամյակների ընթացքում, այլևս չի կարող կայուն արդյունավետ լինել: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումը և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթն էականորեն ավելացրել է Հայաստանի անվտանգային մարտահրավերները, որոնք հրատապ լուծումների կարիք ունեն: Ստեղծված պայմաներում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծման ուղիներից մեկը կարող է լինել արտաքին քաղաքականության հավելյալ դիվերսիֆիկացիան: Հարկ է նշել, որ անկախությունից ի վեր Հայաստանը փորձում էր որոշ չափով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացման և Հայաստանի անվտանգության համար աճող մարտահրավերների պայմաններում արտաքին քաղաքականության հավելյալ դիվերսիֆիկացիան էական նշանակություն է ստանում:

Հայաստանը կարիք ունի անվտանգային նոր գործընկերների, և այս համատեքստում Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է: Անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան կարող է ներառել նաև հարաբերությունների սերտացումն այնպիսի ավանդական գործընկերների հետ, ինպիսիք են Հունաստանը և Կիպրոսը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի գործարկումը, այդ թվում Հայաստան- Հնդկաստան–Ֆրանսիա -Հունաստան, Հայաստան-Իրան- Հնդկաստան ձևաչափերով: Դիվերսիֆիկացիայի համատեքստում էական նշանակություն ունի նաև արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, և Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան հակառուսական դիրքորոշման կամ քայլերի հետ չնույնականացնելու համար: Ռուսաստանը դեռևս զգալի ազդեցություն ունի տարածաշրջանում, և վերջինիս հետ թշնամական հարաբերությունների ձևավորումը որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ չնայած վերջին տարիներին տարբեր տարածաշրջաններում  նկատվող ռուս-թուրքական համագործակցությանը, Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը հակասում է ռուսական շահերին, և այս համատեքստում հայ-ռուսական շահերը կարող են համընկնել:

Հայաստանը պետք է նաև խուսափի Արևմուտք–Ռուսաստան և/կամ ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի հակամարտության նոր մարտադաշտ դառնալուց: Այն հավելյալ խնդիրներ կարող է առաջացնել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում, որոնք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման ռազմավարության համատեքստում: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հավելյալ ուշադրություն դարձնել Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին՝ պետք է դիտարկել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ներկայումս Հայաստանի արտահանման ավելի քան 40 տոկոսը գնում է ռուսական շուկա, Հայաստանը Ռուսաստանից ներկրում է էներգակիրների և հացահատիկի զգալի մասը: Հասկանալի է, որ ռուսական շուկայից կախվածության նման բարձր աստիճանը որոշակի խնդիրներ է ստեղծում: Միևնույն ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացիան երկար ժամանակ պահանջող և բարդ գործընթաց է, և այստեղ ևս շտապողականությունը և քաղաքական մոտիվացիայից բխող քայլերը կարող են էական խնդիրներ առաջացնել տեղական բիզնեսի համար:

Առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի անվտանգային նոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը և միաժամանակ Ռուսաստանի հետ առկա կապերի պահպանումը: Հաշվի առնելով Ռուսաստան–Արևմուտք գնալով խորացող հակամարտությունը՝ սա բավականաչափ բարդ խնդիր է, սակայն ոչ անհնար: Հայաստանի երկու հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, այս ուղղությամբ բավականաչափ հաջող քայլեր են ձեռնարկում, և նպատակահարմար է ուսումնասիրել նաև նրանց փորձը: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի պետությունների համար, և այս համատեքստում կարևոր է այս ուղղությամբ նրանց կողմից իրականացված քաղաքականության ուսումնասիրումը:

 

Բենիամին Պողոսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ վերլուծաբան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am