Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրաչյա Թամրազյանը՝ նոր Մատենադարանի հիմնադիր. Երիտասարդական 9-րդ գիտաժողովը նվիրվեց երջանկահիշատակ տնօրենի 70-ամյակին

Հրաչյա Թամրազյանը՝ նոր Մատենադարանի հիմնադիր. Երիտասարդական 9-րդ 
գիտաժողովը նվիրվեց երջանկահիշատակ տնօրենի 70-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի 70-ամյակի առթիվ նոյեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց Երիտասարդական 9-րդ եռօրյա գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի տնօրեն Արա  Խզմալյանի համոզմամբ՝ գիտաժողովի մեկնարկը մասնագիտական բարձր պատասխանատվության, հետևողականության, սեփական գաղափարներին հավատարիմ լինելու արդյունք է:

«Շնորհակալ եմ գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանին այս նախաձեռնության համար, որովհետև տեսել եմ, որ բծախնդիր մասնագիտական  վերաբերմունք կա, պատշաճ վերաբերմունք ընտրվող նյութերի, թեմաների, մասնակիցների հանդեպ, ինչի արդյունքում գիտաժողովը բոլոր ժամանակներում առանձնացել է»,-շեշտեց նա:

Խզմալյանը բնական է համարում, որ գիտաժողովը նվիրվում է Հրաչյա Թամրազյանի հոբելյանին, քանի որ այն դերը, որ Թամրազյանն ունեցել է Մատենադարանի գիտական սերնդափոխության, այն երիտասարդական ավյունով, երիտասարդական ծրագրերով հագեցնելու գործում, դժվար է գերագնահատել:

«Հաջորդ տարին գիտաժողովի համար հոբելյանական է, և մենք ունենք խնդիր, որովհետև մասնակիցներն արդեն վաստակաշատ գիտաշխատողներ են, որոնք զբաղվում են լուրջ գիտական թեմաներով, ունեն լուրջ գիտական հրապարակումներ, շատ խիզախ գիտական մոտեցումներ: Կարծում եմ՝ մենք կա՛մ պետք է փոխենք գիտաժողովի անվանումը, կա՛մ փնտրենք ոլորտ նոր մուտք գործող մարդկանց: Մեր բոլորի երազանքը պետք է լինի այն, որ Մատենադարանը դառնա միջազգային իմաստով հայագիտական օրակարգ ձևավորող ու թելադրող կենտրոն, և այս ուղղությամբ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Ըստ իս՝ այս գիտաժողովը շատ անելիքներ ունի ոչ միայն հայ, այլև միջազգային հայագետների, երիտասարդ գիտաշխատողների հետաքրքրությունը Մատենադարանի գործունեության, մեր գիտական առաքելության հանդեպ բարձրացնելու առումով»,-հավաստիացրեց Խզմալյանը:

Նա առաջարկեց արդեն պատրաստվել հաջորդ տարվա գիտաժողովին, որպեսզի այն անցկացվի աննախադեպ ծավալներով, կազմակերպական և միջազգային բոլորովին այլ որակով ու ընդգրկմամբ:

Խաչիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ նախորդ տարիներին ամեն բան արվել է, որ գիտաժողովը չզիջի հայտնի ու կայացած  գիտաժողովներին: Մասնակիցների շարքում ոչ միայն տեղի, այլև արտերկրի երիտասարդ գիտնականներ են եղել:

Նրա խոսքով՝ մասնակիցներից շատերը հայագիտության բնագավառում իրենց ուղին սկսելիս ներկայացել են գիտաժողովում, տեղի մասնագիտական հանրության առաջ, քանի որ Մատենադարանը հայագիտության կարևորագույն օջախներից է: «Մեծ պատիվ ու բարձր պատասխանատվություն է այստեղ ելույթ ունենալը, ներկայացնել սեփական ուսումնասիրությունները, հետազոտությունների արդյունքները, լսել Մատենադարանի գիտաշխատողների խորհուրդները, դիտողությունները, որոնք հաճախ օգնում են երիտասարդ հետազոտողներին իրենց ուսումնասիրությունների ընթացքում: Եղել են դեպքեր, երբ մեր ավագ գործընկերների խորհրդով մեր հետազոտողների ասպիրանտական թեմաներ են հաստատվել, թեմաներում փոփոխություններ են կատարվել, համահեղինակությամբ հոդվածներ, գրքեր են հրատարակվել»,-շեշտեց Խաչիկ Հարությունյանը:

Նորագույն տեխնոլոգիաների գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը Հրաչյա Թամրազյանի ոչ միայն գործընկերն, այլև մտերիմ ընկերն է եղել: Նա բարեբախտություն է համարում այն, որ 2017 թվականին Հրաչյա Թամրազյանն է ստանձնել Մատենադարանի տնօրինությունը:

«Թամրազյանը դավանանքի և հավատամքի մարդ էր: Որպես բանաստեղծ նա անխափան հետևեց մեր պոեզիայի դասական ավանդներին՝ դրանք անընդհատ թարմացնելով միջնադարյան մեր մատենագիրների կենսունակ ավիշով: Թամրազյանի գաղափարախոսության հիմքում մարդու ազնիվ կերպարն է ի հակադրություն իրականության մեջ ծաղկող ստորության, սերն է ի հեճուկս ատելության ու հավատն՝ ի հակադրություն հոգևոր  աղանդավորության: Թամրազյանի  բանաստեղծությունները նրբակերտությամբ և ցածր շշուկների մեջ բարոյական թաքուն մանիֆեստներ ունեն, գոյի ինքնադրսևորման պատվիրաններ: Ըստ Թամրազյանի՝ կյանքը պետք է բանաստեղծության նման ձևավորվի, իսկ մարդն իր բոլոր արարքներում որդեգրի պոեզիայի ռիթմերն ու հնարանքները, որովհետև դա է միակ ուղին դեպի մաքրագործում և կատարելությունը»,-շեշտեց Գասպարյանը:

Գասպարյանի և Թամրազյանի զրույցների հիմնական թեման եղել է հայոց լեզուն, հայերեն խոսքը, նրա իմաստաբանական ու կառուցվածքային հնարավորությունները: Նրանք փորձել են սահմանել բառերի սոսկական շարանից ազդեցիկ խոսք կերտելու բանաձևերն ու հնարքները: «Խոսքը ապրված օրվա նման պետք է լիարժեք լինի, քանի որ օրվա ընթացքում գտնված ամենամեծ գանձը մայրենի լեզվով արված թեկուզ կարճ, բայց ճշգրիտ ձևակերպումն է: Սա է երջանկության և բարեկեցության բանալին: Մենք վատ ենք ապրում, գնալով այլանդակվում ենք, բարոյազրկվում, տխմարանում, չենք ուզում ուղիղ նայել իրար երեսի, որովհետև մեզ համար խոսքն արժեզրկվել է, որովհետև մենք անտարբեր ենք դարձել մայրենի լեզվի նկատմամբ, ու այս ճակատագրական անկման պահին բանաստեղծն է, որ առաքյալի նման մեզ պետք է դարձի բերի»,-ասաց Գասպարյանը՝ շեշտելով, որ սա էր լինում իրենց զրույցների եզրակացությունը:

Գասպարյանի խոսքով՝ Թամրազյանը պատվիրում էր տեսնել բարին ու մերժել չարը, անգամ չարամիտներին դարձի բերելու մեծ հավատ ուներ: «Թամրազյանի պատգամները միայն մեկ ատաղձ ունեն. մարդու բարոյական նկարագիրը, ուր բանաստեղծը, թարգմանիչը, գիտնականը, պետական գործիչը ներդաշնակվում են, միասնական են դառնում  և անբեկանելի ամեն տեսակի արդարացումների հանդեպ: Թամրազյանը գաղափարի նվիրյալ էր ու իր գիտական գործունեության ողջ ընթացքում աշխատում էր շրջանառության մեջ դնել նորանոր մոտեցումներ և հիմնարար մեկնակետեր նարեկացիագիտության և 10-րդ դարի հայ մատենագրության բնագավառում»,-ասաց Գուրգեն Գասպարյանը:

Անդրադառնալով Հրաչյա Թամրազյանի՝ Մատենադարանի զարգացման գործում ունեցած ներդրմանը՝ Գուրգեն Գասպարյանն ընդգծեց՝ նրա տնօրինության ժամանակ Մատենադարանը վերակերտվել է, կառուցվել է վարչական և արխիվային նոր մասնաշենք, իսկ հին մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի, ինչը հնարավորություն է ստեղծել արդիականացնել ձեռագիր և տպագիր հավաքածուների պահպանության պայմանները, մեծացել են ցուցադրվող նմուշների թիվը՝ հնարավորություն ստեղծելով ավելի լայն ծավալով հռչակելու մեր հոգևոր գանձերը, պայմաններ են ստեղծվել միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր անցկացնելու համար:

«Նրա ջանքերի շնորհիվ այսօր Մատենադարանը մի հզոր կառույց է իր գիտական, գիտատեխնիկական ստորաբաժանումներով և թանգարանային համալիրով: Կարող ենք վստահորեն ամրագրել, որ Հրաչյա Թամրազյանը նոր Մատենադարանի հիմնադիրը դարձավ, քանի որ նրա տնօրինության օրոք  կառույցն ընդլայնվեց բոլոր առումներով և ուղղություններով»,-եզրափակեց Գուրգեն Գասպարյանը:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am