Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Իմ քայլը» հիմնադրամը և Հայ-ռուսական համալսարանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր

«Իմ քայլը» հիմնադրամը և Հայ-ռուսական համալսարանը
ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության
հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայ-ռուսական համալսարանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Հայ-ռուսական համալսարանից, համագործակցության հուշագիրը ստորագրել է ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ Հուշագրի նպատակն է միավորել կողմերի ջանքերը գիտակրթական ոլորտում։

«Այժմ մենք ուշադրության ներքո ենք պահելու ՀՌՀ-ին կից գործող "Ուսմունք" դպրոցի կարիքները: Ամենակարևոր հարցը վերաբերում է ապագա լաբորատորիայի ժամանակակից սարքավորումներին», - նշեց Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով, «Իմ քայլը» հիմնադրամն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է Հայաստանի մարզերի ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրապետության բուհերի  լաբորատորիաների վերազինման ուղղությամբ։

«Իմ քայլը» հիմնադրամի և Ռուս-հայկական համալսարանի համագործակցությունը ևս մեկ ապացույց է, որ մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու», - նշեց Հայրապետյանը։

Իր հերթին Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն ընդգծեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու հնարավորության ծայրահեղ կարևորությունը։

«Եթե մենք մեր առջև խնդիր ենք դնում Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները լաբորատոր գործիքներով լիարժեք զինելու, դա բավականին մեծ խնդիր է։ Իհարկե, մենք պետք է ձգտենք դրան, բայց պետք է նաև հասկանանք, որ դժվարությունները ֆինանսական բնույթ են կրում։ Այս առումով մենք շատ շնորհակալ ենք «Իմ քայլը» հիմնադրամին աջակցության համար», - նշել է Էդվարդ Սանդոյանը։

Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնություններից է լինելու նաև քվանտային ծրագրին աջակցելը։

«Ունենք ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր ընդգրկված են այս ծրագրում։ Ես կարծում եմ, որ հենց այս հարթության մեջ է ընկած մեր պետության զարգացման ուղիներից մեկը», - ​​ընդգծեց ռեկտորը։

Հայ-ռուսական համալսարանի և «Իմ քայլը» հիմնադրամի համագործակցությունը ենթադրում է համատեղ ծրագրեր և գործունեություն բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև ժամանակակից միջազգային փորձի և գիտելիքների օգտագործմամբ ծրագրերի մշակում և իրականացում, այդ թվում՝ նոր լաբորատորիայի բացումը «Ուսմունք» դպրոցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am