Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մատենադարանը ներկայացրեց իր արխիվում առկա կաթողիկոսական դիվանի ցուցակի մատենաշարի առաջին հատորը

Մատենադարանը ներկայացրեց իր արխիվում առկա կաթողիկոսական դիվանի 
ցուցակի մատենաշարի առաջին հատորը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հանրությանը ներկայացրեց «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի առաջին հատորը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մատենադարանի համագործակցության արդյունքում հրատարակված մատենաշարի առաջին հատորով  սկիզբ է դրվում բազմահատոր (շուրջ 50 հատոր) մատենաշարի պատրաստմանն ու հրատարակմանը։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի  տնօրեն Արա Խզմալյանը, ողջունելով նման կարևոր նմուշի ստեղծումը, ընդգծեց, որ գիտության առաջընթացի հիմքում գիտական փաստի ճշգրտությունն է, որը սկսվում է գիտական նկարագրությունից:

«Ինքս 2009-2017թթ, լինելով Մատենադարանի արխիվային բաժնի ղեկավար, թիմակիցների հետ միասին իրականացրել եմ մի շարք բարեփոխումներ, բայց միշտ ունեցել եմ այն անհանգստությունը, որ մեր հանրապետության հնագույն և կարևորագույն  արխիվային հավաքածուներից մեկը՝ կաթողիկոսական դիվանը, իր նկարագրությունների մեջ շատ մոտավորություն ունի և կարծում էի, որ առնվազն մի քանի ինստիտուտ համատեղ աշխատանք պետք է իրականացնեն, որպեսզի կարողանան վերամշակել այդ ֆոնդը, քանի որ  այստեղ անհրաժեշտ է  և՛ Հայ եկեղեցու պատմության իմացություն, և՛ պատմագիտական գիտելիքներ, և՛ գրաբարի, օտար լեզուների իմացություն, որովհետև ֆոնդերում շատ են օտարալեզու փաստաթղթերը: Եվ, վերջապես, այս հատորով այդ լուրջ աշխատանքի մեկնարկը տրվեց: Այս աշխատանքի ընթացքում բազմաթիվ տվյալներ ճշտվեցին, մեր գիտնականները այժմ զուտ նկարագրություններով կարող են կողմնորոշվել, որոնել և գտնել իրենց հետաքրքրող փաստաթուղթը»,- ասաց Խզմալյանը:

Նա ընդգծեց նաև, որ  այս հրատարակությամբ Մատենադարանի արխիվային գործի մեջ մտավ գիտական բեկում: Ըստ նրա՝ սա ավելի լուրջ ազդեցություն կունենա նաև Մատենադարանի գիտաշխատողների և արխիվային բաժնի աշխատակիցների գիտական նկարագրի վրա:

Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինների ղեկավար, հատորի համահեղինակ և գլխավոր խմբագիր Արմեն Մալխասյանը, ներկայացնելով մատենաշարի կարևորությունը, նշեց, քանի որ Մատենադարանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես ձեռագիր մատյանների խոշոր կենտրոն, այս և մի շարք այլ հանգամանքների պատճառով արխիվային հավաքածուն անհրաժեշտ ուսումնասիրության չի արժանացել։

«Ներկա մատենաշարի՝ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի  կաթողիկոսական դիվանի ցուցակի առաջին հատորը սկզբում ունի ընդարձակ առաջաբան, որտեղ առաջին անգամ ներկայացված է հավաքածուի պատմությունը, տրված են ցուցակի սկզբունքները և նկարագրման եղանակները։ Հատորի հիմնական մասը վավերագրերի նկարագրություններն են։ Այստեղ նկարագրված է ընդամենը 413 միավոր վավերագիր։ Վավերագրի նկարագրությունը այս գործի վերջնական, ավարտական փուլն է։ Վավերագիրը նախ հաշվառվում է, ապա՝ մշակվում, հետո միայն՝ նկարագրվում։ Առաջին հատորը ժամանակագրական առումով ընդգրկում է 1476 թվականից 20-րդ դարը․ վավերագրերի հիմնական մասը գրվել է 18-րդ դարում։ Ըստ բովանդակության՝ դրանք կոնդակներ են, հրովարտակ-ֆերմաններ, անցագրեր, առք ու վաճառքի պայմանագրեր, զանազան գրություններ, նամակներ, գույքամատյաններ, ծախսամատյաններ, հաշվեցուցակներ, օրդերներ և այլն։ Հատորը վերջում ունի ժամանակագրական, նյութերի, տեղանունների, անձնանունների, գրագիր-թարգմանիչների, մեկենասների, կնքադրոշմների 14 ցանկեր և ընդհանուր աղյուսակ»,- ասաց  Մալխասյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նրա խոսքով՝ կաթողիկոսական դիվանի ցուցակի ներկա մատենաշարը նոր երևույթ է Մատենադարանի գործունեության մեջ։ Այս բազմահատորյակի շնորհիվ գիտա­կան շրջանառության մեջ կդրվեն ամբողջական ու ճշգրտված տեղեկություններ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը ընդգծեց, որ շատ ուրախալի և գնահատելի է, որ այս հատորյակի կազմումը նաև վերաբերում է Հայ եկեղեցու պատմությանը, որը բաղկացուցիչ և անբաժան մասն է Հայոց պատմության:

«Այս առումով յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ի դեմս այս, սրան նախորդած և հաջորդող բոլոր հատորների, գնահատելի և գովերգելի է մեր եկեղեցու կողմից: Մեր եկեղեցին ամեն ջանք փորձում է ներդնել խրախուսելու  նմանատիպ բոլոր նախաձեռնություններ»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am