Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մեծարվել են Գավառ քաղաքի վաստակավոր մանկավարժները

Մեծարվել են Գավառ քաղաքի վաստակավոր մանկավարժները

ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումը նվիրվել է Գավառ քաղաքի վաստակավոր մանկավարժներ Բաբկեն Սիրունյանին, Մամիկոն Ենգիբարյանին և Ռաֆիկ Հասասյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, միջոցառմանը մասնակցել են մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ և աշխատակիցներ, մեծարվող մանկավարժների ընտանիքների անդամներ և հարազատներ։

Թանգարանի գիտաշխատողներ Մանյա Չարվադարյանը, Սուսաննա Վանեցյանը և Մարինե Սեֆիլյանն իրենց բանախոսություններում ներկայացրին Գավառի վաստակաշատ մանկավարժների կյանքն ու հանրային գործունեությունը, թողած հոգևոր-մշակութային արժեքները։

Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի երաժշտական քոլեջի ուսանողները, Գավառի թիվ 8 , Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների աշակերտները և «Աիդա Աղոյան» պարի խումբը։ 

Անվանի մանկավարժների մասին հուշեր պատմեցին և մեծարանքի խոսքեր հնչեցրին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, թանգարանի նախկին գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, այլ մասնակիցներ։

«Բաբկեն Գեղամի Սիրունյանը սկզբնական շրջանում աշխատել է Նոր Բայազետի ժողկրթության բաժնի տեսուչ, մանկավարժական գործունեություն ծավալել շրջանի տարբեր գյուղերի դպրոցներում, այնուհետ 25 տարի շարունակ ղեկավարել Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցը։  

Մամիկոն Սերգոյի Ենգիբարյանն աշխատել է Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումում, Հովհաննես Սարուխանյանի անվան դպրոցում, Ղուկասյանի շրջանի Թորոս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, մանկավարժ-դատապաշտպան, ատենակալ, «Գիտելիք» ընկերության իսկական անդամ, ժողկրթբաժնի տեսուչ։ Պարգևատրվել է շքանշաններով ու պատվոգրերով։

Ռաֆիկ Գարեգինի Հասասյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Նոր Բայազետի շրջանի գյուղերի, Կամոյի թիվ 1, թիվ 3, թիվ 4 դպրոցներում։ 1973-74 ուստարվանից սկսած 30 տարի նա ղեկավարել է Կամոյի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Ինքնուս նկարիչ Ռաֆիկ Հասասյանը չորս անգամ ունեցել է անհատական ցուցահանդեսներ, որոնք լուսաբանվել են հանրապետական  մամուլում։ Նա նաև ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Սևանի ավազանի երկրաբանական գիտությունների մասնաճյուղի աշխատանքները։ Հասարակական բազմաթիվ ակտիվ աշխատանքների ղեկավար Ռ. Հասասյանն արժանացել է բազմաթիվ ու բազմոլորտ պատվոգրերի, շնորհագրերի ու դիպլոմների։ 2003 թ. հուլիսի 12-ից նրան շնորհվել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Մեծարվող մանկավարժները մեր թանգարանում ունեն իրնեց նվիրված պատվավոր անկյունները»,-ներկայացրեց Բյուրեղիկ Հովեյանը։

Խոսրով  խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am