Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շիրակի մարզի իրավաբանները մատնանշում են Պարեկային ծառայության թերություններն ու դրական կողմերը

Շիրակի մարզի իրավաբանները մատնանշում են Պարեկային ծառայության թերություններն ու դրական կողմերը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի մի խումբ փաստաբաններ իրենց կարծիքն են հայտնել Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, Պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ։ Շիրակի պետական համալսարանում Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված «Ոստիկանության բարեփոխումները Շիրակի մարզում» թեմայով քննարկման մասնակիցներն ընդգծում են, որ պարեկային ծառայության ներդրման դրական ազդեցությունն ակնհայտ է, հատկապես ճանապարհատրանսպորտային խախտումների ու ինչ-որ չափով նաև՝ կողոպուտների նվազման առումով։ Սակայն խնդիր են համարում պարեկային ծառայողների կրթական ցածր ցենզը՝ նշելով, որ 5-ամսյա վերապատրաստումը շատ քիչ է համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար։

«Կրթական ու տարիքային ցենզը շատ ցածր է: Երբեմն չեն տարբերակում զննությունը խուզարկությունից, չեն տարբերում իրավունքներն ու պարտականությունները, իսկ համբերատար խոսքի բացակայությունը պատճառ է, որ դատարաններում կան շատ քրեական գործեր»,-նշում է փաստաբան Հայկ Հարությունյանը՝  տեղեկացնելով, որ շատ դեպքերում պարեկային աշխատողն իրեն շատ ավելի վատ է պահում, քան քաղաքացին:

«Այո, բարեփոխումների  արդյունքում շատ արատավոր երևույթներ հասարակության մեջ բացառվեցին, բայց, պարեկային ծառայողների կրթական ցենզով պայմանավորված, այսօր նրանք իրենց ծառայողական պարտականությունները կատարում են ոչ գրագետ: Դրա հետևանքով տուժում է քաղաքացին»,-նշում է փաստաբան Արտուշ Հակոբյանը:

Ըստ՝ փաստաբանների երկակի ստանդարտներ են գործում, որի պատճառով ոստիկանների արարքները անպատիժ են մնում, իսկ քաղաքացիները ենթարկվում են տարբեր պատիժների: Դրանով պայմանավորված՝ Շիրակի մարզում ոստիկանական բարեփոխումներից հետո բռնություններն ավելացել են ու պատշաճ արձագանք չկա ոստիկանական իրավախախտումների առումով:

Հանդիպմանը ներկա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմանուշ Մովսիսյանը նշեց՝ միայն իրենց բաժնի կողմից վերջին 6 ամիսների ընթացքում մոտ 30 ծառայողական քննություն է իրականացվել: Դեպքեր, երբ ոստիկանը բռնության է ենթարկվել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս արձանագրվել են:

«Իհարկե, ոստիկանությունում կան և՛ բացեր, և՛ կարգապահական խախտումներ: Իրականացվել են ծառայողական քննություններ, և ոստիկանները ենթարկվել են կարգահապահական պատասխանատվության, նաև որոշ դեպքերում ազատվել են ծառայությունից: Կան թերություններ, բայց ասել,  թե չեն պատժվում ոստիկանները՝  սխալ է»,-նշեց փոխգնդապետ Արմանուշ Մովսիսյանը:

Հանդիպմանը ներկա ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը ևս համաձայնեց, որ ոստիկանական գործողություններից տուժած քաղաքցիներ ևս կան:

Հանդիպման ընթացքում որպես բարեփոխումների կարևորագուն մարտահրավեր փաստաբանները նշեցին նաև քաղաքացիների իրազեկվածությունը:

 Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am