Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արվեստով կարող եմ ծառայել հայրենիքիս, զինվոր լինել այդ ոլորտում. պարուհի Մարինա Մարտիրոսյանը հույս ունի նոր նախագծերով վերադառնալ Հայաստան

Արվեստով կարող եմ ծառայել հայրենիքիս, զինվոր լինել այդ ոլորտում. պարուհի 
Մարինա Մարտիրոսյանը հույս ունի նոր նախագծերով վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարուհի, հաղորդավար Մարինա Մարտիրոսյանին շատերն են սիրում, հիանում նրա յուրահատուկ ոճով ու կերպարով: Մարինան երկար տարիներ զարդարել է Հայաստանի բեմերն ու աշխատել տարբեր հեռուստաալիքներում, սակայն ընտանիք կազմելուց հետո հաստատվել է Ռուսաստանում: Պարուհին երբեք չի կորցնում կապը հայրենիքի հետ և պարբերաբար վերադառնում է Երևան թե՛ անձնական, թե՛ գործնական միտումներով: Ամիսներ առաջ նրա մասնակցությամբ հաղորդումներից մեկն ապացուցեց, որ Մարինային ոչ միայն չեն մոռացել, այլև կարոտել են:

«Արմենպրես»-ի թղթակիցը, որը շատ տարիներ առաջ եղել է Մարինա Մարտիրոսյանի սանը, չի կորցրել իր պարուսույցի, կայացած պարուհու, հաղորդավարի հետ զրուցելու առիթը, երբ Մարինան Հայաստանում էր: Լրագրողը հնչեցրել է հարցեր, որոնք ժամանակին իրեն շատ են հետաքրքրել, սակայն հարցնելու հնարավորություն չի ունեցել:

MXO_4212_pp (1).jpg (1.86 MB)

-Չափազանց ուրախ եմ Ձեզ տեսնել Երևանում: Ե՛վ քաղաքը, և՛ Ձեր երկրպագուները սպասում էին Ձեզ:

-Ես ևս շատ ուրախ եմ լինել իմ հայրենիքում:

-Սոցցանցերում հետևելով Ձեզ՝ տեսնում եմ, որ չեք կորցնում կապը Հայաստանի հետ: Հարազատների, երկրի հանդեպ կարոտից բացի, այս անգամ Ձեզ ի՞նչն է բերել հայրենիք: Նոր ծրագրեր, հետաքրքիր առաջարկներ կա՞ն:

-Միշտ մտածում եմ հեռուստատեսության հետ կապը վերականգնելու մասին, իսկ այս տարվա վերադարձով այդ ցանկությունն ավելի մեծացավ: Զգացողություն կա, որ հնարավոր է՝ շուտով ստացվի: Մինչ գալս «Չէին սպասում» հաղորդաշարին հյուրընկալվելու հրավեր ստացա: Հաղորդումը թողարկվելուց հետո այն մեծ արձագանք գտավ: Շատ մարդիկ միացան իմ «Ինստագրամ»-ի էջին: Հաղորդման յութուբյան ալիքում դիտումները շատ են, ինչն ինձ համար անակնկալ էր, քանի որ  վաղուց հեռուստատեսությունում չեմ, շատերն ինձ չգիտեն, բայց շատերն էլ հիշում են ու սպասում: Հեռուստատեսություն վերադառնալու որոշ ծրագրեր կան, որոնք չեմ բարձրաձայնում: Իրագործելու դեպքում բոլորն էլ հաճելիորեն կզարմանան:

MXO_4137_pp.jpg (931 KB)

-Երբ Ձեր խմբում պարի դասերի էի հաճախում, չէի մտածում հարցնել, թե ինչո՞ւ եք որոշել պարարվեստով զբաղվել: Հիմա այդ հնարավորությունն ունեմ. կխնդրեմ պատմել այդ մասին:

-Պարարվեստն ինձ գրավել է հետաքրքիր էմոցիաներով, կախարդանքով: Ստեղծագործող մարդ եմ, հուզառատ. արվեստին մոտ կանգնած մարդուն բնորոշ են այդ հատկանիշները: Երբ վեց տարեկան էի, ու մայրս ինձ տարավ պարի խմբակ, նա չէր մտածում, որ կարող եմ պրոֆեսիոնալ պարուհի դառնալ, ցանկանում էր՝ սլացիկ լինեմ, լավ պարեմ, սակայն այդ աշխարհն ինձ շատ գրավեց, սիրեցի, քանի որ լավ ուսուցիչներ ունեի:

Կարևոր է, երբ ուսուցչին հաջողվում է սեր սերմանել արվեստի տվյալ ճյուղի հանդեպ: Պատահում է՝ ուսուցչի ոչ ճիշտ մոտեցման պատճառով երեխան հիասթափվում է, և այդ էջը փակվում է: Իմ պարագայում այդպես չէր:

Ի սկզբանե մտածում էի զինվորական հետախույզ դառնալու մասին, ուզում էի շարունակել իմ ծնողների ճանապարհը: Ճիշտ է՝ նրանք հետախույզներ չեն, բայց հայրս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մայրս բանակի ստեղծման առաջին տարվանից գաղտնի մասի պետ էր. հիմա կարելի է այդ մասին խոսել, քանի որ վաղուց թոշակի է անցել: Իմ պատանեկությունը պատերազմական տարիներին է անցել, և միշտ ցանկացել եմ պիտանի լինել հայրենիքիս, բայց ծնողներս ոչ թե արգելեցին մտածել զինվորական դառնալու մասին, այլ այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ ինքս հրաժարվեցի այդ գաղափարից: Մեր ընտանիքի լավ բարեկամը, որ հետախույզ էր, ասաց՝ արտերկրում սովորելուց հետո այստեղ գալով՝ թղթաբանությամբ եմ զբաղվելու, ինչը հիասթափեցրեց ինձ:

Դպրոցում սովորելու վերջին տարիներին արդեն գլուխ բարձրացրեց պարարվեստն, ու հասկացա, որ կարող եմ իմ արվեստով ծառայել, այդ ոլորտում զինվոր լինել: Ունեմ լավ աշակերտներ, որոնցով հպարտանում եմ: Նրանցից շատերը չեն շարունակել պրոֆեսիոնալ պարով զբաղվել, բայց պարը նրանց մոտեցրել է գեղեցիկին, ունեմ ուսանողներ, որոնք զբաղվում են պրոֆեսիոնալ պարով, լավ արդյունքների են հասել: Դա շատ հաճելի է:

MXO_4172_pp.jpg (946 KB)

-Հարազատներս, որ ներկա են եղել մեր պարի խմբի «Փարիզի Աստվածամոր տաճարը» համերգ-ներկայացմանը, հիշում են այն ու խոստովանում, որ սիրել են պարը հենց այդ ժամանակ:

Խոսեցինք ուսուցիչներից: Դուք երկար տարիներ պարել եք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնում, սովորել ենք նաև Կարեն Գևորգյանի մոտ: Ի՞նչ ներդրում են նրանք ունեցել Ձեր կայացման գործում:

-Մեծ դերակատարություն ունի Սոֆի Դևոյանը: Ես լուրջ ու պրոֆեսիոնալ քայլեր արեցի պարարվեստում, երբ նրա դպրոցում էի սովորում: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Դևոյանի «Ամարաս» ներկայացմանը սիրահարվեցի: Դա ինձ համար հեքիաթային աշխարհ էր, իսկ ինստիտուտում սովորել եմ Կարեն Գևորգյանի կուրսում և ավելի կայացա որպես պարուսույց: Քննությունները լավ հանձնելուց և Մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատեցի որպես դասախոս:

-Վերադառնանք հեռուստատեսությանը: Շատերիս համար անսպասելի էր Ձեզ հաղորդավարի կերպարում տեսնելը: Որպես պարուհի փայլում էիք բեմում և հանկարծ հաղորդում եք վարում: Ինչպե՞ս դա եղավ, և հեռուստատեսությունն ի՞նչ դռներ բացեց Ձեր առաջ:

-Իմ մուտքը հեռուստատեսություն հետաքրքիր էր: «Արմենիա»-ի հաղորդումներից մեկի հյուրն էի: Հրավիրել էին որպես պարուհու, որը հուլունքներով զարդեր է պատրաստում: Հաղորդումից հետո ռեժիսորն առաջարկեց ինձ փորձել որպես հաղորդավարի: Երբեք չեմ մտածել այդ մասին: Խոսքի հետ կապված խնդիրներ չունեի, որովհետև հայոց լեզվի և գրականության շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, սակայն իմ արտահայտչամիջոցը շարժումն է, մարմնի լեզուն, ոչ թե խոսքը, ուստի վախեցա, ասացի, որ չեմ կարող, բայց ռեժիսորը հորդորեց համարձակ լինել:

Փորձնական փոքր հատված նկարեցին և հաջորդ օրը հրավիրեցին «TV5»-ի առավոտյան հաղորդմանը՝ որպես հաղորդավարի: Իմ գործընկեր Արմանի հետ սկսեցինք վարել «Բարի լույս»-ը: Առաջին մի քանի հաղորդումը երեկոյան նկարահանում էինք, առավոտյան գնում էր եթեր: Մտածում էի, որ դա կտևի մեկ ամիս, սակայն երրորդ եթերից հետո պահանջեցին ուղիղ եթեր մտնել: Իմ առաջին եթերին սիրտս թրթռում էր, կարծում էի՝ ինձ վրա փակցված միկրոֆոնից հեռուստադիտողը զգում է սրտիս զարկերը, քանի որ ինձ համար դրանք շատ բարձր էին, սակայն առաջին վայրկյաններն էին այդպիսին: Կա՛մ պետք է լավ լիներ, կա՛մ տապալվելու էի: Մի քանի տարի աշխատեցի նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունում, հետո «Հ2»-ում երաժշտական ծրագիր էի վարում, այնուհետև «Շանթ»-ից առաջարկ ստացա. որպես պարուհի և պարուսույց մասնակցում էի «Ժողովրդական պարեր» նախագծին, իսկ երկրորդ եթերաշրջանում որպես պարուսույց էի մասնակցում հաղորդմանը, բայց շատ էի ցանկանում որպես հաղորդավարուհի ներկայանալ: Երկու տարի նման առաջարկ չէր լինում: Ի վերջո՝ եկավ օրը, գնեցին «Պարում են աստղերը» հաղորդումը, որը կոչվեց «Պարահանդես»: Գրիշա Աղախանյանի հետ էինք վարում հաղորդումը: Իմիջիայլոց, «Կենտրոն»-ում աշխատելու ընթացքում հասկացա, որ արդարացի չէ կրթություն չունենալով՝ հաղորդում վարել և որոշեցի սովորել Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում՝ ավելի հմուտ լինելու համար:

MXO_4078_pp.jpg (752 KB)

-Պարարվեստն ու հեռուստատեսությունն օգնե՞լ են իրար, թե՞ խանգարել:

-Պարն օգնում է կադրում ճիշտ ներկայանալ: Պարարվեստի շնորհիվ գիտես, թե քո մարմինն ինչ կերպ է գեղեցիկ, իսկ հեռուստատեսությունն ինձ՝ որպես պարուհու, ավելի մեծ ճանաչում բերեց:

-Վերջերս պարարվեստի մի ականավոր գործչի հետ էի զրուցում. նա ասաց, որ պարարվեստի՝ մասնավորապես բալետի առաքելությունը կնոջ գեղեցկությունն ընդգծելն է: Ի՞նչ է պարը Ձեզ համար:

-Պարը հոգու թռիչքն է: Պարարվեստը, հատկապես բալետը, հղկում են: Փոքրուց սիրահարված էի բալետին, և մայրս նկատեց դա: Տասնմեկ տարեկան էի, երբ Երևանից տեղափոխվեցինք Աշտարակ: Ծնողներս աշխատում էին Բյուրականի աստղադիտարանին կից Ֆիզիկայի ինստիտուտում: Այդ տարածքում կառուցվել էր թաղամաս, որտեղ մենք ապրում էինք: Այդ տարիներին ուսումնարան գնալը դժվար էր, սակայն մայրս շատ էր ցանկանում, որ բալետով զբաղվեմ, բայց անհասկանալի պատճառներով ծնողներիս մերժեցին՝ առանց ինձ տեսնելու:

Այժմ ուրախ եմ, որ ճանապարհն ինձ տարավ Սոֆի Դևոյանի դպրոց, սակայն մտածում եմ՝ արդար կլիներ, եթե այն ժամանակ ինձ տեսնեին ու ասեին, որ տվյալներ չունեմ. բայց առանց տեսնելու մերժելն անարդար էր:

Հետագայում Երևանի օպերային թատրոնի առաջատար պարուհի Մարինա (Լոլա) Գյուրջյանի մոտ խորեոգրաֆիայի դասեր անցա: Պարարվեստն իսկապես հղկում է և՛ ներքինը, և՛ արտաքինը:

MXO_4189_pp.jpg (816 KB)

-Հիշում եմ՝ Դուք լսում էիք երաժշտությունն ու շատ արագ գտնում շարժումները… Ինչպե՞ս եք ընտրում բեմադրությունների թեման, ո՞ւմ եք նվիրում ձեր անհատական պարերը:

-Իմ պարերը նվիրված են արվեստին, սակայն ունեմ մի պար, որը մորս եմ նվիրել:  Ինչպես արդեն ասացի, պարել եմ Սոֆի Դևոյանի թատրոնում, սակայն մենապարուհու կարիերան  իմ կյանքում ավելի լավ ստացվեց:

2016 թվականից համագործակցում եմ Մոսկվայում գործող «Հայորդիք» անսամբլի հետ: Հրաշալի անսամբլ է, որն այս տարի տոնում է հիմնադրման 25-ամյակը: «Հայորդիք»-ը մրցույթ-փառատոն է իրականացնում: Սովորաբար որպես հաղորդավար վարում եմ այն, սակայն այս տարի ներգրավվեցի փառատոնին որպես ժյուրիի անդամ:

Անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանն առաջարկեց մենապարով ներկայանալ. մեծ սիրով համաձայնեցի: Երբեմն ծնվում է գաղափարը, հետո՝ երաժշտությունը, կամ հակառակը:

Երկար օրեր մտորում էի, թե ինչ պար բեմադրեմ: Ցանկանում էի կանացի գեղեցիկ տարազով, նուրբ ու հեզաճկուն պարով ներկայանալ, բայց երաժշտություն չգտա: Կան սիրուն մեղեդիներ, սակայն շատ են հնչել և օգտագործվել, իսկ ես նոր ու չլսված ստեղծագործություն էի փնտրում: Այնքան էի անհանգստանում, որ անգամ ուզում էի հրաժարվել, սակայն վերջին երեք օրում փայլատակում եղավ. այդ ժամանակ հոգումս եռում էին տարբեր զգացողություններ՝ կապված մեր հայրենիքի հետ, սակայն չէի մտածում այդ թեմային անդրադառնալու մասին, բայց հասկացա, թե ինչ է ինձ պետք: Երեք օրում գտա երգը: Մի քիչ անընդունելի է, երբ պարը երգով է ուղեկցվում, բայց չկար մեծ ընտրություն, և այդ երգը այն հոգեվիճակին էր համապատասխանում, որ ունեի: Հավանաբար, բոլոր հայերի մոտ պատերազմից հետո նույնն է: Խոսքը «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի մասին է: Այն լսեցի, և պարը ծնվեց:

Արդեն տարազ էի կարում, սակայն այլ բան ստացվեց: Հիմա միտք ունեմ նկարահանելու այդ պարը: Ելույթս շատերն են նկարահանել: Անահիտ Սարգսյանն ասաց, որ բոլորն էին հուզվել:

MXO_4170_pp.jpg (749 KB)

-Պարի դպրոցում Ձեզ այնքան էին սիրում, որ բոլորը մտածում էին, թե ե՞րբ եք ընտանիք կազմելու: Այսօր հրաշալի ընտանիք ունեք, երեխաներ, որ մեծանում են օտար երկրում: Արտերկրում հաջողվո՞ւմ է կապ ստեղծել երեխաների և Հայաստանի միջև: Նրանցից որևէ մեկին պարը հետաքրքրո՞ւմ է:

-Պետք է խոստովանեմ, որ օտար երկրում հեշտ չէ, բայց փորձում ենք… Աղջկաս այբուբենն եմ սովորեցրել. նա հայերեն գրել գիտի, նույնը՝ Առնոն: Հուսամ՝ ժամանակի ընթացքում նաև լավ կխոսեն: Հայաստան գալը հույս է ներշնչում, որ հայրենիքի հետ շփումը նրանց թույլ կտա առանց կաշկանդվելու հայերեն խոսել:

Երեխաներիցս ոչ մեկը դեռ լուրջ չի զբաղվում պարով: Աղջիկս շատ լավ նկարում է, ինչպես հայրը: Երբ նա չորս տարեկան էր՝ միասին պարել ենք բեմում: Ընտանիքով նաև միջազգային փառատոնի ենք մասնակցել՝ ընտանեկան պար ներկայացնելով: Տղաներս ռիթմի զգացողություն ունեն, սիրում են երաժշտությունը: Կարծում եմ՝ փոքր տղաս հմտություններ ունի, ու շուտով կմտածենք նրան պարի տանելու մասին:

-Կան մարդիկ, որ առանց վարանելու վաճառում են իրենց տունը, երբեմն մոռանում ընկերներին, հայրենիքը և այլն: Դուք այդ տեսակին չեք պատկանում: Հե՞շտ էր այլ երկրում ապրելու որոշում կայացնելը, ի վերջո Դուք այստեղ հայտնի էիք, ունեիք աշխատանք, երկրպագուներ…

-Դժվար էր, բայց կար սեր, իսկ ինձ համար կարևոր էր, որ ես՝ որպես հայ աղջիկ, հայ կին, ստեղծեմ իմ ընտանիքը, ունենամ հայ ժառանգներ: Որտեղ՝ իմ սիրելի մարդը, այնտեղ՝ ես: Իհարկե, դժվար էր, բայց, հավանաբար, այդ դժվարությունները զորացնում են քեզ:

Հիմա ինձ համար առաջնային են ընտանիքը, երեխաները, բայց Մոսկվայում աշխատել եմ հայկական հեռուստաընկերությունում: Լուրերն էի վարում, ինչն անելու մեծ ցանկություն ունեի նաև Երևանում: Հետո հեռուստաընկերությունը փակվեց, բայց դրան հաջորդեց «Հայորդիք»-ի հետ հանդիպումը:

MXO_4095_pp.jpg (917 KB)

-Ասացիք, թե ինչ մեծ դեր կարող են խաղալ ուսուցիչները երիտասարդների մասնագիտական ընտրության հարցում. նրանք կարող են ոգևորել կամ կոտրել: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք պարարվեստ մուտք գործողներին:

-Առաջին հերթին պետք է ինքնակրթությամբ զբաղվել, որովհետև գիտելիքը մեծ ու հզոր ուժ է: Երբ նրանց կփորձեն ասել, որ սխալ են, վատն են և այլն, փնովեն, գիտելիքներով կարող են ապացուցել, որ այդպես չէ, իսկ այն մարդիկ, որոնք այդպես են ասում, պետք է չլինեն նրանց կյանքում, պետք է նրանցից հեռանալ: Չպետք է խոցվել, թևաթափ լինել, պետք է ինքնակրթվել ու հավատալ սեփական ուժերին:

-Եթե թույլ տաք, մի վերջին հարց. ինչո՞վ եք  հպարտանում:

-Այդ հարցը հնչեցրեց նաև «Չէին սպասում»-ի հաղորդավար Սուրենը: Ես նրան պատասխանեցի, որ հպարտանում եմ իմ ընտանիքով, բայց չասացի, որ հպարտանում եմ իմ ծնողներով: Նրանք ինձ դաստիարակել են որպես մարդ, այնպիսին, ինչպիսին կամ, ու նրանք կերտել են հաղթանակ: Իմ ծնողները շատ մեծ ներդրում ունեն մեր տարած հաղթանակի գործում, ինչպես շատերը՝ այդ տարիներին:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լուրը լսելիս Մոսկվայում էի: Տպավորություն էր՝ ասես մորս ու հորս էի կորցրել: Վստահ եմ, որ շատերն են այդ իրավիճակում եղել: Շատ ցանկանում եմ, որ մեր հերոսների կերտած հաղթանակը չկորչի…

MXO_4066_pp.jpg (784 KB)

-Շնորհակալ եմ զրույցի համար: Հույս ունեմ, որ Ձեր ցանկությունները կիրականանան, և կրկին կհանդիպենք Երևանում:

-Ես եմ շնորհակալ զրույցի համար:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am