Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շատ կարևոր է, որ կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի. վարչապետ

Շատ կարևոր է, որ կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք 
հնարավորինս հաճելի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց: «Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, նորաբաց դպրոցներում, իհարկե, կա լաբորատոր գույքի պակաս, սակայն մինչև տարեվերջ այդ պակասը նույնպես կլրացվի: «Մեծ հաշվով դպրոցն անընդհատ պետք է զարգանա: Կարևոր է՝ այդ գույքը ճիշտ ժամանակին փոխել: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են գալիս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրթության պատշաճ պայմանները կապված չլինեն դպրոցի նորակառույց կամ ոչ այնքան նորակառույց լինելու հետ: Այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է: Նոր դասագրքեր պետք է լինեն, և նաև միջավայրը պետք է անընդհատ զարգանա»,- նշել է վարչապետը:

Դիմելով դպրոցականներին` Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր դպրոցում նրանք նոր եռանդ կստանան՝ հետագա կյանքը կազմակերպելու: «Մենք դպրոցում սովորում ենք տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց մեծ հաշվով՝ դպրոցում մենք սովորում ենք մեր կյանքը կազմակերպել, դպրոցում մենք սովորում ենք ապրել: Եվ սա ամենակարևորն է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ ուսուցիչները պետք է իմանան, թե Կառավարությունն ինչ է ակնկալում իրենցից. «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Այս երեք խնդիրը չափազանց կարևոր է, որովհետև երեխաներին՝ ցանկանալով տեսնել մտքով ուժեղ, հոգով ուժեղ և ֆիզիկապես ուժեղ, մենք ցանկանում ենք ունենալ նույնպիսի մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ հանրություն ու մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ պետություն: Ահա, այստեղից է սկսվում այդ ամեն ինչը:

Իհարկե, շատ կարևոր է, որ երեխաների և կրթության միջև պատվարներ, պատնեշներ չառաջանան: Շատ կարևոր է, որ մենք կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի, հնարավորինս ներառական, հնարավորինս խաղային, որպեսզի կրթությունը նրանք ընկալեն ոչ թե որպես ծանր պարտականություն, որ դրված է իրենց ուսերին, այլ հաճույք, միջավայր, կյանքի բնականոն գործընթաց, որտեղ իրենք ամեն օրվա հետ ավելի գոհ են հենց իրենք իրենցից, իրենք իրենց կերպարից, իրենք իրենց արածից, իրենք իրենց իմացածից և իրենք իրենց ձեռք բերած հմտություններից»:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է երեխաներին և նշել. «Եկել եմ ուղղակի ձեզ տեսնեմ, շնորհավորեմ և համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ է արված, ամեն ինչ որակով է արված և ձեզ բարի երթ մաղթեմ հետագա ամբողջ կրթական պրոցեսում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am