Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել. Ստեփան Դեմիրճյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել. 
Ստեփան Դեմիրճյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանր հարված էր պետականությանը, կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի բակում հիշատակի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը:

Հոկտեմբերի 27-ի գործի առումով մեկնաբանություններից նա զերծ մնաց, քանի որ ընթանում է քննություն, կանդրադառնա, երբ քննչական մարմինը վերջնական եզրակացություն կներկայացնի:

Անդրադառնալով հարցին, թե գո՞հ է արդյոք քննությունից՝ նա ասաց. «Ես ոնց կարող եմ գոհ լինել, եթե առ այսօր լիարժեք բացահայտված չէ: Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել: Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր մեր պետությանը, մեր պետականությանը: Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am