Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երիտասարդ մեղվապահ աղջիկը՝ մեղուների հետաքրքիր աշխարհը բացահայտելու ճանապարհին

Երիտասարդ մեղվապահ աղջիկը՝ մեղուների հետաքրքիր աշխարհը բացահայտելու 
ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվաբան, քաղաքագետ Մարիանա Ավետիսյանին մեղրի հանդեպ սերը ստիպել է թողնել պետական համակարգում աշխատանքը և զբաղվել մեղվաբուծությամբ։ Իր կյանքն առանց անարատ մեղրի չպատկերացնող երիտասարդ աղջիկը  կամաց-կամաց հասկացավ, որ  ուզում է պրոֆեսիոնալ մեղվապահ դառնալ:

 Երիտասարդ աղջիկ մեղվապահների մեր օրերում շատ չես հանդիպի, իսկ  մեղվապահ Մարիանան շատ երիտասարդների համար ոգեշնչման, ամեն ինչ թողնելու և սիրելի աշխատանքով զբաղվելու լավագույն օրինակ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեղվապահ Մարիանա Ավետիսյանն ընդգծեց, որ  մեղուների հետ աշխատանքը գիտելիքներ, ուշադրություն և համբերատարություն է պահանջում, իսկ  մեղուների հետաքրքիր աշխարհն ու իրենց հետ աշխատելու գաղտնիքները բացահայտելու համար մեծ սեր՝ կենդանիներ հանդեպ:

Մարիանան պատմեց, որ իրենք երկար ժամանակ ունեցել են փեթակներ, որոնցով զբաղվում էր մեկ այլ մեղվաբույծ:

«Սակայն նա մի օր ասաց, որ  այլևս ի վիճակի չէ զբաղվել մեր մեղուներով: Մենք փեթակները տեղափոխեցինք մեր ամառանոց ու սկսեցինք մտածել դրանք վաճառելու մասին, քանի որ մեր ընտանիքում ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է խնամել մեղուներին։ Ես բավականին շատ եմ մեղր  օգտագործում և մտածում էի՝ վաճառելու դեպքում որտեղի՞ց պետք է անարատ մեղր գտնեմ: Ու մի օր, երբ գնացել էինք ամառանոց, նկատեցի մեծ թվով մահացած մեղուների։ Ես կենդանիներ շատ եմ սիրում՝ ցանկացած տեսակի, և ինձ թվաց, թե փեթակները հանգել են ու կանչեցինք մեղվաբույծի, որպեսզի փեթակները նայի: Անկեղծ ասած, այդ ժամանակ անգամ վախենում էի մեղուներից, բայց դա ինձ շատ հետաքրքիր էր, և ես ուշադիր հետևում էի գործընթացին»,-ասաց  Մարիանան։

Նա նշեց, որ սկզբում ուղղակի հետաքրքրություն էր մեղուների աշխարհի հանդեպ, իսկ հետո արդեն մեկ-երկու անգամ փեթակը բացելուց հետո զգացել է, որ իրեն դուր է գալիս այդ աշխատանքը ու  ցանկություն ունի զբաղվելու մեղվաբուծությամբ. որոշեցին՝  փեթակները չեն վաճառի:

Մարիանան  ոչ միայն սկսեց զբաղվել մեղուներով, այլ նաև ավելացրեց փեթակները՝ այն  դարձնելով շուրջ 30: Երիտասարդ մեղվապահը սիրում է ամեն ինչ անել իր ձեռքերով՝ սկսած փեթակների վերանորոգումից մինչև մեղուների համար հավելյալ կերերի պատրաստումը: Մարիանան անկեղծացավ՝ նշելով, որ սկզբնական շրջանում մի փոքր վախ կար կենդանիների հանդեպ, բայց մասնագիտանալով և կենդանիների լեզուն աստիճանաբար հասկանալուց հետո վախն անցել է:

Պատմելով  մեղուների հետաքրքիր աշխարհից՝ Մարիանան նշեց մի քանի հետաքրքիր փաստ կենդանիների մասին, մասնավորապես՝  մեղրի շրջանակի մի կողմը գործելու համար մեղուները պետք է ուտեն մեկ կիլոգրամ մեղր: Ըստ մեղվապահի՝ մեղուն մահանում է, այլ ոչ թե սատկում, և նույնիսկ մահանալուց հետո նրա  մարմնի մնացորդներն օգտագործվում է որպես դեղամիջոց:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Գայանե Գաբոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am