Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ-ֆրանսիական համատեղ ներկայացումը պատմում է դեռահասների դեպրեսիաների և ծնող- երեխա բարդ փոխհարաբերությունների մասին

Հայ-ֆրանսիական համատեղ ներկայացումը պատմում է դեռահասների 
դեպրեսիաների և ծնող- երեխա բարդ փոխհարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Որդին» պիեսի համանուն ներկայացումը պատմում է բարդ փոխհարաբերությունների , ծնողների բաժանումից  հետո դեռահասի մոտ առաջացած հոգեբանական և մի շարք այլ խնդիրների մասին:     

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը Հայ-ֆրանսիական միջպետական և մշակութային համագործակցության շրջանակում կհամալրի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 7-8-ին:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ մեծ սիրով թատրոնում հյուրընկալել են այս նախագիծը՝ կարևորելով հայ-ֆրանսիական, ինչպես նաև միջմարզային համագործակցությունը, քանի որ ներկայացման մեջ ընդգրկված են նաև Գորիսի թատրոնից երկու դերասաններ:

«Կարծում եմ այն կտա իր արդյունավետ պտուղները, քանի որ մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա լինելու շատ կարևոր, դաստիարակչական և շատ պրոբլեմատիկ մի ներկայացման, որը ոչ միայն դրամա է դրամայի մասին, այլ մի ներկայացում է, որը կտա խորհելու, մտածելու բազմաթիվ շերտեր: Սա մեր հասարակությանը շատ անհրաժեշտ ներկայացում է, որովհետև երբ դու ուզում ես հասկանալ կամ հասկանում ես, թե որտեղ սխալվեցիր, հետագայում այդ սխալներն էլ չես կրկնում»,- ասաց նա:

Ներկայացման ռեժիսոր Սաթէ Խաչատրյան ընդգծեց, որ այս պիեսը արդեն իսկ իրենից շատ լուրջ արժեք է ներկայացնում:

«Այս պարագայում մենք խոսում ենք դեռահասության շրջանում եղած դեպրեսիաների, ընտանեկան և ծնող-երեխա հարաբերությունների մասին, և, որքան էլ մեզ թվա, թե ֆրանսիացի դրամատուրգը գրում է իր միջավայրի  մասին, և այն չի կարող հոգեհարազատ լինել այլ մշակույթներին, մենք սխալվում ենք, որովհետև բոլոր ժողովուրդների մեջ որոշակի երևույթներ դրսևորվում են գրեթե միանման: Եվ այս ներկայացման մեջ հեղինակը, մանրադիտակի տակ դնելով բոլոր այս խնդիրները, մեզ ուղղորդում է ճամփորդություն անել դեպի մեր ներաշխարհ և ինքներս մեզ հարցեր տալ և գտնել դրանց պատասխանները»,-ասաց ռեժիսորը:

Ըստ նրա՝ ներկայացումը պատմում է բարդ փոխհարաբերությունների, ծնողների բաժանումից  հետո դեռահասի մոտ առաջացած հոգեբանական և մի շարք այլ խնդիրների մասին, քանի որ  17 տարեկանում Նիկոլան այլևս այն լուսավոր ու ժպտերես երեխան չէ, որին ճանաչում էին ծնողները։ Նրանց ամուսնալուծությունից հետո դեռահասի մոտ սուր դեպրեսիվ նշաններ են նկատվում, որոնք գնալով ավելի ու ավելի են խորանում։ Ի՞նչ է կատարվում նրա հետ, նրա կյանքում, հոգում, մտքում: Մեղքի զգացումից մինչև անկարողության ցավ, անորոշությունից մինչև անցյալի հետ առերեսում, ամեն օր ծնվող ու շատացող հարցեր, որոնց պատասխանները չեն կարողանում գտնել ծնողները: Որտե՞ղ սայթաքեցին: Հայրն, անցնելով տարբեր ապրումների միջով՝ բարկություն, անհամաձայնություն, անկարողություն ու ցավ, փորձում է անել անհնարինն իր որդուն վերագտնելու, նրան երջանկացնելու ու փրկելու համար:

Բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, բեմանկարիչը՝ Բենժաման Լըբըրտոն, երաժշտությունը՝ Ֆեդերիկո Ալբանեսի, զգեստները՝ Էդգար Մանուկյանի, լուսային ձևավորումը՝ Աշոտ Գևորգյանի, ձայնային օպերատորն Էրիկ Մարտիրոսյանն է:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Էդգար Քոչարյանը, Քրիստինե Ալիխանյանը, Աղասի Սարգսյանը, Մարիամ Ղևոնդյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Հակոբ Դեմիրճյանը:

«Որդին» ներկայացումը կյանքի է կոչվում հայ-ֆրանսիական համատեղ ծրագրով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ֆրանսիական Սաթե Աթղը թատերական միության ֆինանսավորմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am