Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Համաեվրոպական ակցիան Բրյուսելում կհամախմբի Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայերի և օտարազգիների

Համաեվրոպական ակցիան Բրյուսելում կհամախմբի Ադրբեջանի 
գործողությունները դատապարտող հայերի և օտարազգիների

ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ին Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում համաեվրոպական հանրահավաք է իրականացնելու՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի՝ դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, բողոքի ակցիան իրականացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։

WhatsApp Image 2023-09-27 at 18.23.16.jpeg (407 KB)

Համաեվրոպական հանրահավաքի նպատակն է պահանջել Եվրոպական միությունից արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Հանրահավաքը շեշտադրելու է նաեւ իր դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին «ինտեգրմանը» ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցության վերաբերյալ։ Նախաձեռնությունը հերթական անգամ կոչ է անելու ԵՄ-ին՝ ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որպես գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության պայմաններում։

Ըստ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպիչների՝ «ինտեգրելու» քաղաքականությանն աջակցելը օժանդակել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ։ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտելու նպատակ ունեցող հանրահավաքը, իր դժգոհությունն է հայտնելու նաեւ, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները՝ ապահովելու արցախահայության անվտանգությունը սեփական հայրենիքում։

«Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլև անտեսում է իր միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի՝ 2020 թվականից ընդունած համապատասխան բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի փորձագետների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կոչերը», - ասված է «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության հայտարարության մեջ։

Բրյուսելում կայանալիք ցույցին զուգահեռ՝ նույն օրը համանուն բողոքի ակցիաներ են անցկացվելու նաև եվրոպական մի շարք այլ երկրներում՝ Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը բաղկացած է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներից։

Լիլիթ Գասպարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am