Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկ Մարությանը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի առաջարկները

Հայկ Մարությանը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 18-ին տեսաուղերձի միջոցով հանրությունը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի առաջարկները՝ կապված Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ և՛ ինքը, և՛ իր թիմը մշտապես գործել են բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել են իրենց բոլոր առաջարկներն ու լուծումները և այս անգամ  ևս նույն կերպ կվարվեն:

«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց: Չորս ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական, գաղափարական,  տարաձայնություններ, իսկ մեր ուժն այս ընդդիմադիր ուժերից առաջին տեղն է գրավել քվեարկության արդյունքում, և մենք առաջակում ենք, որ մենք առաջադրենք  քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց կոալիցիաներ կազմելու, առանց ստվերային  պայմանավորվածությունների և նախապայմանների  գան և քվեարկեն այս թեկնածուի համար»,-ասաց նա:

Մարությանը կարծում է՝ դա ազնիվ կլինի թե՛ ընտրողների նկատմամբ, թե՛ ինքներն իրենց նկատմամբ, և ոչ ոք չի դավաճանի իր սկզբունքներին: Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք  լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը:

Նա ընդգծեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով ընդդիմադիր երեք ուժերը չեն համաձայնվում  իրենց առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների: «Այդ դեպքում թող ժողովուրդը որոշի  հետագա ընթացքը: Ինչպե՞ս ենք դա անում. շատ պարզ: Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ուստի ավագանու առաջին նիստը, որի համար պետք է ապահովել քվորում, կարող է  չհրավիրվել: Քվորումի համար պետք է  33 ձայն, իսկ իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Եթե ընդդիմությունը ցանկանա, կարող  է այնպես կազմակերպել, որ նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ընտրությունների»,-ասաց Մարությանը:

Նա համոզված է, որ  այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժով կդառնար Երևանի քաղաքապետ։ 

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների  15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս,  «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների  9․68 տոկոս։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am