Հասարակական

ՄԻՊ-ն ու ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն ու ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում պաշտպանի ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:

Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների հետագա կատարելագործման կարևորությունը:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում անցկացնելու աշխատաժողով՝ ուղղված ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում