Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հանրությանը ներկայացվեց 19-րդ դարի հայկական գորգարվեստի նմուշներ՝ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից

Հանրությանը ներկայացվեց 19-րդ դարի հայկական գորգարվեստի նմուշներ՝ Ջեյմս 
Թուֆենկյանի հավաքածուից

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը մեկ տեղում․Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը բացվել է  Հայաստանի պատմության թանգարանում՝ թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով բոլորին յուրահատուկ ցուցադրության բացման կապակցությամբ, ընդգծեց, որ   ցուցադրվող 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը:

«Այս ցուցադրությունը մշակութային ժառանգության պահպանման, ներկայացման և գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է իր մեջ պարունակում: Մայր հայրենիքում՝ մեր հանրապետության սրտում, առաջին անգամ կներկայցվի Ջեյմս Թուֆենկյանի երկար տարիների աշխատանքի արդյունքը:

Արցախի, Սյունիքի, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և hայկական տարբեր  շրջանների տիպաբանությամբ ընտրված շուրջ 30 գորգերը՝ մի մասը նաև արձանագիր, հատուկ փոխադրվել են ԱՄՆ-ից այս ցոուցադրության համար:  Թանգարանի շուրջ 400 քմ ցուցադրական տարածքում վերանորոգման աշխատանքների իրականացմամբ, նորարարական հայեցակարգերով և համադրություններով յուրահատուկ այս  ցուցադրությունը շուրջ մեկ տարի բաց կլինի և կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի այցելուներին»,- ասաց թանգարանի տնօրենը:

Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Թուֆենկյանին՝ Հայկական գորգերի հրաշալի հավաքածուն կազմելու և Հայաստանում դրա հետ հաղորդակցման հնարավորությունը ապահովելու համար:

Հավաքածուի հեղինակ Ջեյմս Թուֆենկյանը նշեց, որ ցավոք ցեղասպանությունից հետո թուրքերն ու ադրբեջանցիները  շարունակում են  ջնջել հայկական հետքեր: Ըստ նրա՝ այս դեպքում էլ արել են ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհում խոսվի, որ գորգերը արտադրվել են Թուրքիայում, Ադրբեջանում, Անատոլիայում, բայց ոչ երբեք՝  Հայաստանում:

«Ցեղասպանությունից հետո Թուրքերի համար շատ անհարմար էր, որ տարբեր տեղերում բացահայտվում էր հայկական ժառանգությունը՝ գործվել են հայերի կողմից: Եվ  այդ պատճառով նրանք սկսեցին ոչնչացնել նաև այդ ամենը, նույնիսկ գիտական աշխարհից ունենալով իրենց կողմից գիտնականներ, որոնք համաձայնվել են վերացնել հայկական ժառանգությունը:  Եվ այս ամենին հակադարձելու առաջին քայլը եղավ հայկական գորգերի այս ցուցադրության իրականացումը: Ես սկսել եմ այդ գործընթացը, բայց դա ավարտված չէ և հաջորդ քայլը պետք է լինի ուսումնասիրությունը. հայկական գորգագործության տակ պետք է դնել գիտական հենք, որովհետև Ադրբեջանցիները ամեն տեղ խոսում են և փորձում են ապացուցել, որ գորգագործությունը սկսվել է Կենտրոնական Ասիայում՝  սելջուկների կողմից,  բայց կան վկայություններ, որ հայերը գործել են գորգեր դրանից դեռևս 1000 տարի առաջ: Եվ սա առաջին քայլերից է դա աշխարհին ապացուցելու համար»,-ասաց Թուֆենկյանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ պետությունը մշտապես կարևորում է պետական-մասնավոր համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն այս համագործակցությամբ չի ավարտվի:

«Երբ ես դեռ աշխատում էի զբոսաշրջիկների հետ, բոլոր շբոսաշրջիկները միշտ հարցնում էին հայկական գորգերի մասին: Սա խոսում է այն մասին, որ  նրանք գալիս են մեր երկիր՝ ճանաչելով Հայաստանը նաև որպես հայտնի գորգեր ստեղծած երկիր: Եվ այս համատեքստում  սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլ նաև քաղաքական առումով ունի մեծ կարևորություն»,- ընդգծեց փոխնախարարը:

 Հայաստանի պատմության թանգարանում հայկական գորգերի յուրահատուկ ցուցադրությունը այցելուները վայելելու հնարավորություն կունենան  մեկ տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am