Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում 
էական հանգամանք է հանդիսանալու

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ նվիրված Արցախի անկախության տարեդարձին։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հանրահավաքին ներկա է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորման գործում բեկում մտցնելու հնարավորություններ կան։

HM2_2001.jpg (1.21 MB)

«Արցախը միշտ էլ գործոն է եղել և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ էլ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի, ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, և կարծում եմ, որ արցախցիները նրան հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, նա այլ լուծումներին է խիզախ անվանում։ Մենք այդպես չենք համարում»,- ասել է Սարգսյանը։  

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավաստիացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մասին և խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծվի։

HM2_1891.jpg (893 KB)

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր հայ ժողովրդի համազգային, համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարևոր է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնման համար։

«Սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին  հանրահավաքն է, մենք չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, չենք լռելու, քանի որ սա մեր լինել-չլինելու պայքարն է, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երևանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Սաղաթելյանը։

Հանրահավաքին ներկա գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել չհուսահատվել, չհոգնել և շարունակ պայքարել Արցախի համար։ Նրա կարծիքով՝ Արցախի հերոս ժողովուրդը, մեր եղբայրներն ու քույրերը, կրելով ծանր զրկանքներ, ցույց են տալիս, որ իրենք պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար։

HM2_1906.jpg (749 KB)

«Թշնամի պետության կողմից իրականացվող սպանություններն ու գերեվարությունները մշտական են, հետևաբար պետք է պայքարենք, և այսօրվա խորհուրդը հենց դրա մասին է։ Մենք երբևէ չենք խուսափել մեր սխալներն ընդունելուց, բայց պետք չէ խոսել միայն ընդդիմության սխալների մասին։ Մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու պարտությունների անիվը, այս գահավիժումը, հետևաբար վստահ ենք, որ համախմբված ու միասնական ուժերով, ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլանանք, ապա մեզ կհոշոտեն։ Մեր հարևանները չեն փոխվել, և պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի»,- նշել է Վանեցյանը։

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սեպտեմբերի 2-ը մեծ խորհուրդ է պարունակում, հետևաբար բոլորիս խնդիրն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ և Հայաստանի ուշադրության կենտրոնում է։

«Արցախի խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և այսօրվա հանրահավաքը նաև այդ մեսիջն ունի իր մեջ։ Մարդիկ հասկանում են, որ Երևանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի։ Մեր քարոզը նույնպես դրան է ուղղված։ Հանրահավաքի գլխավոր նպատակը մեր հավաքական միասնությունն ի ցույց դնելն է»,- հավելեց Թևանյանը։  

HM2_1982.jpg (748 KB)

Հանրահավաքի ժամանակ նաև ցուցադրվեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախը հունիսի 15-ից հայտնվել է Ադրբեջանի ամբողջական պաշարման մեջ, որի հետևանքով 120 հազար մարդ զրկվել է հումանիտար մատակարարումներից։ «Սեպտեմբերի 1-ին Արցախի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին սկսել են թերսնված, հոգեբանական անորոշությունների մեջ։ Միջազգային մեր գործընկերները ինձ հաճախ են հարցնում, թե մարդու որ իրավունքներն են խախտվել կամ խախտվում շրջափակման պատճառով։ Սա միամիտ հարց է և կարող է առաջանալ միայն նրանց մոտ, ովքեր չեն պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգությունը։ Արցախում ստեղծված իրավիճակն աղետ է, հանցագործություն մարդկության դեմ, որը իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ և նրանց լռելյայն համաձայնությամբ։ Սա աղետ է, որ ունի հստակ հեղինակներ, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն պատժվում»,- նշեց Ստեփանյանը։ 

HM2_1994.jpg (985 KB)

Ստեփանյանն ընդգծեց, որ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու և հարատևելու է։ 

Հանրահավաքի մասնակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am