Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում 
ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։

«Միջազգային հանրությունը չափազանց երկար է մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար», - նշված է հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նաև միջազգային հանրությանը և ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու կոչ են անում։

«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կյանքի ճանապարհը և կանխելու աղետալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը», - ասված է հայտարարությունում։

Կոնգրեսականները նաև անդրադառնում են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդեն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։

«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ կեղծորեն հայկական տարածքը հայտարարելով որպես իրենց սեփականը», - եզրափակել են կոնգրեսականները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am