Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր 2023

Մասնագիտական կողմնորոշման օղակը մեր հանրակրթության ոլորտում շատ թույլ է գործում․ փորձագետ

Մասնագիտական կողմնորոշման օղակը մեր հանրակրթության ոլորտում շատ թույլ 
է գործում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր բնակչության թվի նվազման ֆոնին բնական է, որ պետք է արձանագրվեր դիմորդների քանակի կրճատում։ Տարեցտարի տեսնում ենք, որ դպրոցական շրջանավարտների քանակը նվազում է՝ չնայած, որ լիազոր մարմինը բուհերին հատկացված տեղերի քանակը գրեթե նույնն է թողնում կամ շատ քիչ է նվազեցնում։ Մյուս մտահոգիչ հանգամանքը որակի անկումն է հանրակրթության ոլորտում։ Բազմաթիվ դիմորդներ ուղղակի չեն կարողանում բավարարել բուհերի պահանջներն ու հաղթահարել միասնական քննությունները, նույնիսկ ի զորու չեն հավաքել նվազագույն ութ միավորը։     

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երում ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքներին։

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր բուհական համակարգը խորը համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ է, ուստի կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել: Նրա տեղեկացմամբ՝  կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը, և այդ ծրագիրն այժմ իրագործման փուլում է: 

«Վերջին փոփոխությունների համաձայն՝ դիմորդը կարող է հանձնել երկու քննություն, որպեսզի ընդունվի որևէ բուհ։ Այդ քայլին դիմում են հիմնականում նրանք, ովքեր պարապում են կրկնուսույցների մոտ։ Փաստորեն ծնողները ծախսում են զգալի ֆինանսական միջոցներ, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել քննական փուլը։ Երկու քննության լավ պատրաստվելու պարագայում դիմորդները կցանկանան ընդունվել այնպիսի բուհեր, որոնց վարկանիշն ավելի բարձր է, իսկ պետական բուհերի հետ համեմատած՝ մասնավորների վարկանիշը գրեթե զրո է։ Սա է պատճառը, որ  ոչ պետական բուհերին հատկացված է եղել 3700-ից ավելի տեղ, սակայն ընդունելության ցուցանիշը եղել է շուրջ 3 տոկոս: Ստացվում է, որ դիմորդները հիմնականում պայքարում են պետական, այլ ոչ թե մասնավոր բուհերի տեղերի համար։ Արդյունքում մասնավոր բուհերը մրցակցությանն ընդհանրապես չեն դիմանում։ Նրանց ուսանողների քանակը կրճատվելու է և ի վերջո դրանք փակվելու են»,- ասաց Մխիթարյանը։

Նրա կարծիքով՝ հայաստանյան մասնավոր բուհերն ավելի շատ պետք է աշխատեն արտասահմանցի ուսանողների հետ, որոնց վրա չեն տարածվում լիազոր մարմնի կողմից ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոնները, իսկ եթե շարունակաբար իրենց հույսը կապեն միայն տեղի դիմորդների հետ, ապա հետագայում պարզապես չեն գոյատևի։  Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պետական բուհերը շահագրգռված կլինեն իրենց թափուր տեղերը նույնպես համալրել ցածր, բայց դրական գնահատական ստացած դիմորդներով, ինչն ավելի է փոքրացնում մասնավոր բուհերի հնարավորությունները։  

Ստեղծված իրավիճակում շահում են հատկապես միջպետական պայմանագրով ՀՀ-ում գործող բուհերը, քանի որ հնարավորություններն ավելի լայն են։ Օրինակ՝ ամերիկյան, ֆրանսիական և նմանատիպ այլ համալսարանները մի կողմից հնարավորություն ունեն պետպատվեր ստանալ ու մասնագետներ պատրաստել, մյուս կողմից նրանց կապերն արտասահմանյան երկրների հետ ավելի մեծ են, հետևաբար ուսանողներն այդտեղ սովորելով՝ միաժամանակ ուսման մի մասը կամ պրակտիկան անցկացնում են արտերկրում և նույնիսկ կարող են լավ սովորելու դեպքում ստանալ երկու դիպլոմ։

Ըստ Մխիթարյանի՝ մասնագիտական կողմնորոշման օղակը շատ թույլ է գործում մեր հանրակրթության ոլորտում, հետևաբար պետությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի, որպեսզի ապագա դիմորդներն այդ կողմնորոշումը ձեռք բերեն ավելի վաղ տարիքում, այլ ոչ թե միայն ավագ դպրոցն ավարտելիս, երբ կողմնորոշվում են բացառապես այն մասնագիտություններով, որոնք ունեն բարձր վարկանիշ՝ իրավագիտություն, բժշկություն, ՏՏ ոլորտ և այլն։ 

«Անհրաժեշտ է, որ մյուս բնագավառներում նույնպես լինեն շուկայի պահանջներին համապատասխան բարձր վարձատրությամբ աշխատատեղեր։ Այն գիտելիքներն ու կրթությունը, որ տալիս են բուհերը ոչ մրցունակ դարձած ճյուղերում, ըստ էության հնացած են, հետևաբար պետք է խրախուսել այնպիսի ծրագրերը, որոնք համահունչ են ժամանակի պահանջներին, առավել ևս, որ արտադրական պրակտիկան գնալով դառնում է կարևոր բաղադրիչ ուսումնառության ընթացքում, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս անխոչընդոտ աշխատանքի անցնել բուհն ավարտելուց հետո»,- եզրափակեց փորձագետը։   

Մանվել Մարգարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]