Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆիլմերով ճանապարհորդելուց լավ ընծա չկա. օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը Երևանում հանդիպեց կինոյի երկրպագուներին

Ֆիլմերով ճանապարհորդելուց լավ ընծա չկա. օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի 
Թոմասը Երևանում հանդիպեց կինոյի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասն իրեն կինոյի ինքնուս մասնագետ է համարում: Վստահեցնում է՝ իր ճաշակը կարիերայում բարձունքների հասնելու գործում մեծ դեր է խաղացել: «Առևտրի, կոմերցիայի կամ մոդայի գաղափարներով չեմ առաջնորդվել: Կյանքում փորձում եմ օրիգինալ գործել, յուրատիպ լինել: Կինոյում սիրում եմ հակասություն, հակամարտություն, սիրում եմ բռնություն, սիրում եմ սեքսը կինոյում: Կյանքն է այդպիսին. լուրերով տեսած,  ընթերցած կյանքը շատ իրական է, և ինչ-որ մեկն այդ մասին պետք է պատմի»,-ասում է պրոդյուսերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջերեմի Թոմասի խոհերին, մտահոգություններին կինոարվեստի երկրպագուները ծանոթացան հուլիսի 12-ին Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Անկախ պրոդյուսեր եմ: Մեկ կոմերցիոն ֆիլմ եմ նկարել, և պատվիրատուները  շատ դժգոհ են եղել, և ես այլևս արդյունաբերական ֆիլմին չվերադարձա»,-նշում է նա:

Ըստ Ջերեմի Թոմասի՝ հասուն մարդիկ ընդունում են, երբ խախտում ես կանոնները, բայց երիտասարդներն այլ բարոյականություն ունեն այն հարցում, թե ինչի մասին են պատրաստ խոսել, ինչն են պատրաստ ջրի երես հանել: «Ես ծանր իրավիճակներում եմ հայտնվել, երբ «Crash»-ը Անգլիայում ներկայացրի: Այն արգելված էր: Հայտնվեցի աջակողմյան թերթերի առաջին էջերում: Համոզված եմ, որ այսօր այդ ֆիլմը նկարել չէի կարողանա, ինչը հիասթափեցնում է: Չկան ռեսուրսներ այդ հավակնոտ ֆիլմերը նկարելու համար: Հաճախ իմ ֆիլմերը դրամարկղի տեսանկյունից հաջողություն չեն ունենում. հավանաբար ավանգարդ են: Անցնում են տարիներ, և դրանք  հայտնվում են ընդհանուր մշակութային դաշտում»,-ընդգծում է Թոմասն ու հիշում՝ շատ տարիներ առաջ Տիբեթով է հետաքրքրվել, բուդիզմով և նկարել է «Փոքրիկ Բուդան» կինոնկարը:

Թոմասի խոսքով՝ Տիբեթում մի լամա ֆիլմի նկարահանումների ավարտին իրեն ասել է, որ արդեն ճանաչում է Թոմասին: «Նա ասաց, որ ես ասես տերև լինեմ. լողում եմ ջրի վրայով, հասնում եմ հորձանուտին ու չեմ սուզվում, իջնում ու կրկին բարձրանում եմ: Ասացի՝ հենց այդպես էլ ապրում եմ: Երբեք չեմ սուզվել, հոսքով գնում եմ: Պոետիկ է, բայց այդպես է»,-նշում է պրոդյուսերը:

Ջերեմի Թոմասը բաց է տարբեր գաղափարների, մշակույթների առաջ:  Փորձում է հասկանալ, թե մարդիկ ինչպիսին են, ովքեր են, ինչով են տարբերվում միմյանցից ու իր երկրի բնակիչներից: Նաև այդ պատճառով է իր աշխատանքն ու մասնագիտությունը հետաքրքիր համարում: «Ապրել ու մեծացել եմ Բրիտանիայում, այնտեղ եմ աշխատում ու ճանապարհորդում եմ ֆիլմերով, դրանից լավ ընծա չկա: Ճամփորդում ես, աշխատում այդ վայրում: Դա է իրական ընծան»,-հավաստիացնում է նա ու խոստովանում, որ, եթե չունենար համաշխարհային հաջողություն, իր հավակնությունները իրականություն չէին դառնա:

Կարծում է՝ իրեն գնահատել են արտերկրում:

Խոսելով մերօրյա կինոարվեստի մասին՝ պրոդյուսերը նշում է՝ հեռուստատեսությունն այնքան հզոր է, որ կինմետագրաֆիան սկսել է զիջել իր դիրքերը: «Ամերիկան գրավել է մեզ «Ամազոն»-ով, «Նեթֆլիքս»-ով և այլն: Վարձակալված են մեր ստուդիաներն ու երբեմն տեղ չկա ֆիլմ նկարելու համար: Հաճախ Անգլիայի լավագույն դերասաններին ու սցենարիստներին աշխատացնում են իրենց համար: Անկախ ֆիլմարտադրողի համար Բրիտանիայում աշխատելն անհնար է դառնում»,-ընդգծում է կինոգործիչն ու հավաստիացնում, որ կոմերցիան լուրջ վնասներ է հասցրել նաև անկախ կինեմատոգրաֆին:

«Ծախսերն այնքան են մեծացել, որ անգամ հեռախոսով նկարած ֆիլմը թանկ է դառնում: Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում կինոն ուներ պետական աջակցություն, եթե կինոն պետության նպատակներին էր ծառայում ու շահերից էր բխում: Հիմա այլ կերպ է ամեն բան: Շատ կարևոր է, որ պետությունները հասկանան՝ կինոն պատուհան է բացում դեպի մշակույթը»,-ասում է Թոմասն ու անդրադառնում Հայաստանին՝ նշելով, որ սիրեց Երևանը, զարմանահրաշ ուտեստները, գեղեցիկ գորգերը, որոնցից հասցրել է գնել, Արարատ լեռը:

«Տեղեկացա այստեղի քաղաքականության մասին, իմացա նաև, թե ինչ ասել է հայ լինել, ապրել Հայաստանում: Հուզիչ է: Ես շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,-եզրափակում է Ջերեմի Թոմասը:

Ջերեմի Թոմասի պրոդյուսերական հովանու ներքո ստեղծվել են Բեռնարդո Բերտոլուչչիի «Վերջին կայսրը», «Երկնքի հովանու տակ», «Հպանցիկ գեղեցկություն» «Երազողները», Ջիմ Ջարմուշի «Ողջ կմնան միայն սիրեցյալները», Վիմ Վենդերսի «Պինան», Դեյվիդ Քրոնենբերգի «Մերկ նախաճաշը», «Վթարը», «Վտանգավոր մեթոդը», Տակեշի Կիտանոյի «Եղբայրը», Տակաշի Միիկեի «13 մարդասպանը», Ջոնաթան Գլեյզերի «Սեքսուալ անասունը», Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս»-ը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ, Մատտեո Գարոնեի «Պինոկկիոն», ինչպես նաև Սթիվեն Ֆրիրսի, Ռիչարդ Լինքլեյթերի, Բոբ Ռեյֆլսոնի, Թերի Գիլիամի և բազմաթիվ այլ մեծ վարպետների ֆիլմեր։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am