Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիան Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ մանևրելու ռեսուրս ունի․ թուրքագետը՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին

Թուրքիան Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ մանևրելու ռեսուրս ունի․ 
թուրքագետը՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին ականատես ենք լինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման վերջին տարիների դիվանագիտական ընդգծված վարքագծին, որի համաձայն՝ Թուրքիան կամ մոտենում է Ռուսաստանին կամ քիչ ավելի մերձենում է Արևմուտքի հետ։  Ընդ որում՝ սա նաև բնորոշ է Թուրքիայի վերջին շրջանի ընդգրկուն արտաքին քաղաքականությանը։ Դա արվում է այն նկատառությամբ, որ Անկարան ստանա այն դիվիդենտները, որոնց ձգտում է տևական ժամանակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց, թուրքագետ-ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերություններում գրանցված տեղաշարժերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Թուրքիայի կառավարությունը այդ քայլից հետո Արևմուտքից լիակատար աջակցություն է ստացել պատժամիջոցների վերացման և վիզային ռեժիմի ազատականացման հարցում:

«Թուրքիայի համար չափազանց կարևոր է նաև ամերիկյան F-16 մոդեռնիզացված ինքնաթիռների մատակարարումը։ Այդ հարցը երկու օր առաջ վերստին բարձարացվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ Էրդողանի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ժամանակ, և, հավանաբար, թուրք առաջնորդը ստացել է որոշակի խոստումներ։  Թուրքիայի համար անշուշտ կարևոր է նաև Արևմուտքի ֆինանսատնտեսական աջակցությունը, առավելևս, որ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի տնտեսությունը և հատկապես ֆինանսական համակարգը շատ ծանր վիճակում է»,- ասաց Սաֆրաստյանը։

Այդ հարցում, ըստ նրա, չափազանց կարևոր է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հանգամանքը։ Չպետք է մոռանալ, որ նա բարձրագույն ուսում և փորձառություն է ստացել ԱՄՆ-ում, տարիներ շարունակ ներգրավված է եղել ՆԱՏՕ-ի հետ տարվող աշխատանքներում։ Ֆիդանն ավելի արևմտամետ մտածելակերպ ունի՝ ի տարբերություն Չավուշօղլուի, և ներկայացնում է թուրքական քաղաքական վերնախավի այն շրջանակը, որն ավելի ամերիկամետ է։    

Ըստ Սաֆրաստյանի՝ Անկարան վերաստին բարձրացրել է Եվրամիության անդամակցության հարցը, առավել ևս, որ վերջին տարիներին այդ գործընթացը ԵՄ-ի կողմից սառեցվել է։ Եթե Թուրքիան աջակցում է Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին, ապա վերջինս էլ խոստացել է Թուրքիային աջակցել եվրաինտեգրման հարցերում, թեև դա բավականին դժվար ու երկարատև պրոցես է։ Անկախ ամեն ինչից՝ Էրդողանը փորձում է հերթական անգամ Արևմուտքին ռևերանս անելու դիմաց քաղել դիվիդենտներ՝ իրականացնելով իր վաղեմի նպատակները։

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, ըստ որի՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարելի կապել Թուրքիայի եվրաինտեգրման հետ, Սաֆրաստյանն ընդգծեց, որ ԵՄ-ն երբեք թույլ չի տա, որպեսզի այդ հարցը դառնա սակարկման թեմա։

«Տվյալ խնդիրը կապված է հիմնարար երևույթների հետ։ ԵՄ-ն պահանջներ է դրել Թուրքիայի առջև և միայն դրանք կատարելու դեպքում վերջինս կարող է դառնալ Եվրամիության անդամ, մինչդեռ Անկարան այդ պահանջները կատարելու ոչ մի մտադրություն չունի։ Խոսքը վերաբերում է այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը, այն բռնաճնշումներին, որոնք դեռ կան, հետևաբար այս փուլում Էրդողանի կողմից Եվրամիությանն անդամակցելու մղումը լուրջ չէ, պարզապես ընդհանուր խաղի մի մասն է։ Թուրքիայում հասկանում են, որ հնարավոր չէ նման բաց գործարքով դառնալ ԵՄ անդամ, հակասությունները շատ խորքային են»,- նշեց թուրքագետ-ակադեմիկոսը։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում թուրքական միջնորդական ջանքերի մասին՝ Սաֆրաստյանն ասաց, որ թեև թուրքական կողմը, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձրել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներին, այդուհանդերձ, անգամ այդ քայլը չարժե դիտարկել որպես ՌԴ-ի հանդեպ քաղաքականության կտրուկ շրջադարձ։

«Դա էլ է հաշվարկված։ Անկարայում և Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ հարաբերությունների ներկա մակարդակը մեծ օգուտ է բերում կողմերին։ Թուրքիան չի միանում ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին՝ հաշվի առնելով համատեղ մեծ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում։ Եթե անգամ Մոսկվայից մոտ ժամանակներս նկատվեն դեմարշներ և դիրքորոշման կոշտացում, ապա դա չի նշանակում, որ երկու երկրները հրաժարվելու են շատ բարձր մակարդակի փոխգործակցությունից։ Մյուս կողմից Թուրքիան ունի ՌԴ-ի և Արևմուտքի միջև մանևրելու ռեսուրս՝ չնայած, որ դրա տիրույթը համեմատաբար փոքր է, քանզի Թուրքիան ռազմավարական առումով Արևմուտքի անքակտելի մասն է, ԱՄՆ-ի դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամը»,- պարզաբանեց Սաֆրաստյանը։

Նա չբացառեց փորձագետների մոտ շրջանառվող տեսակետը, որ Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով կարող է աստիճանական խնդիրներ առաջացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք որոշակի ազդեցություն կունենան նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։ 

«Դատելով գործընթացների ներկա փուլից՝ կարելի է եզրակացվնել, որ մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական երկյակի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումներում հանարվոր է որոշակի կոշտացում, բայց դա նույն ռուսական քաղաքականության մեջ Թուրքիայի հանդեպ մեծ փոփոխությունների կամ կտրուկ տեղաշարժերի չի հանգեցնի։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այդ պրոցեսը Անկարան միանշանակ կապում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ և այդ առումով երբեք չի փոխի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Եթե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներին, որոնց հիման վրա կնքվի ինչ-որ համաձայնագիր, այդ դեպքում Թուրքիան կկատարի դրական քայլեր, այն էլ ոչ լիարժեք։ Հակառակ դեպքում Անկարայից չարժե որևէ բան սպասել»,- եզրափակեց թուրքագետը։

Մանվել Մարգարյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]