Տնտեսություն

Իջևանի «Իրական դպրոցի» սաները սովորում են պատրաստել ԱԹՍ-ներ. բացվեց ԻննոԻջևան նորարարական հաբը

7 րոպեի ընթերցում

Իջևանի «Իրական դպրոցի» սաները սովորում են պատրաստել ԱԹՍ-ներ. բացվեց ԻննոԻջևան նորարարական հաբը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբոտաշինությունից, համակարգչային մոդելավորումից մինչև ԱԹՍ-ների նախագծում ու պատրաստում. Իջևանում բացված ԻննոԻջևան նորարարական հաբում գործող «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսումնական ծրագիրը հենց այս հմտություններն է տալիս մարզի երիտասարդներին: ԻննոԻջևան հաբը նպատակ ունի խթանել տարածաշրջանում ձեռներեցությանը, տեխնոլոգիական առաջընթացն և տնտեսական զարգացումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

«ԻննոԻջևանը» նորարական հանգույց է՝ բաղկացած կրթական և բիզնես բաղադրիչներից: Ինչ վերաբերում է կրթական բաղադրիչին, ապա հաբում գործում է «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ «Իրական դպրոցը» նախատեսված է 16 և բարձր տարիքի երիտասարդների համար, որոնք ցանկանում են արագ ստանալ որոշակի հմտություններ ու մտնել աշխատաշուկա: «Ընդ որում, գիտենք, որ թափուր աշխատատեղեր արդեն կան այս դպրոցի պոտենցիալ շրջանավարտների համար: Micrichip Technology միջազգային ընկերությունը մասնաճյուղ ունի Իջևանում, թափուր աշխատատեղերի հայտարարություններ ունեն», - նշեց Քերոբյանը:

HM2_2364.JPG (550 KB)

Իրական դպրոցն ունի 4 աշխատանոց՝ Համակարգչային ծրագրավորման և 3D մոդելավորման աշխատանոց, Ռոբոտաշինության, միկրո և ռադիո էլեկտրոնիկայի մոդելավորման աշխատանոց, ԱԹՍ նախագծման, փորձարկման աշխատանոց և Քիմիայի, ֆիզիկայի, լազերային տեխնոլոգիական, օպտիակական և կենսաբանության աշխատանոց:

«Այստեղ երեխաները կարող են ստանալ հմտություններ, որոնք կարող են անմիջապես կիրառել ու աշխատանք ունենալ: Ցանկացած նման դպրոց ավելացնում է «կադրային բանակը», որը պետք է թույլ տա, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը շարունակի աճել: Բարձր տեխնոլոգիական ոլորտն իր հերթին զարգացնում է ռազմարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, բազմաթիվ այլ ոլորտներ»,-ասաց նախարարը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության զարգացման և հատուկ ծրագրերի տնօրեն, ԻննոԻջևան ծրագրի ղեկավար Էդիտա Ղազարյանն էլ ընդգծեց, որ «Իրական դպրոց»-ում սովորում են երիտասարդներ՝ համակարգաբանի մասնագիտությամբ: «Լինելու են նաև ստարտափերի և ձեռնարկատիրական հմտություններ զարգացող դասընթացներ: Լինելու է նաև ինկուբացիոն ծրագիր, աքսելերացիոն ծրագիր: Հաբում լինելու են նաև օֆիսային մեծ տարածքներ, աշխատելու համար միջավայր, որում տարբեր մարդիկ՝ հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտից, կարող են գալ ու աշխատել»,-ասաց Ղազարյանը:

HM2_2292.JPG (595 KB)

Այսպիսով փորձելու են բիզնես ոլորտը կապել կրթության հետ, հաբը կամուրջ է հանդիսանալու այդ երկուսի միջև:Երիտասարդները «Իրական դպրոցում» սովորելու են 4 տարի, սակայն 2-րդ տարվանից սկսած ուսնակ են դառնալու տարբեր բարձր տեխնոլոգիական ընկերություններում, քանի որ հաբում լինելու են բարձր տեխնոլոգիական ընկերություններ:

«ԻննոԻջևան հաբը» իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO ընկերության կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի միջոցով ԵՄ-ն ֆինանսավորում է տրամադրում Հայաստանում մասնավոր հատվածին: Աջակցելով այդ բիզնեսներին՝ մենք օգնում ենք նրանց լինել մրցակցային ոչ միայն տեղում, այլ նաև միջազգային մակարդակում: Էկոհամակարգի զարգացման համար պահանջվում է ժամանակ և փորձառություն: Եվ այս կենտրոնը դրա կատարյալ օրինակն է»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործկցության բաժնի ղեկավար Սիլյա Կասմանը:

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ նշեց՝ մի «զարկով» լուծում են որակյալ կրթության հասանելիության, որակյալ մասնագետների պատրաստման հարցը: «Այս հարկի տակ արդեն գործում է որակյալ կրթություն: Արդեն ունենք հայտեր, և շուտով կգործեն նաև որակյալ տեխնոլոգիական ընկերություններ»,-նշեց նա:

Կարապետյանը ներկայացրեց որոշ փաստեր՝ այս պահին Երևանում գործում են մոտ 7000 բարձր տեխնոլոգիական ընկերություններ՝ իրենց 55 հազար աշխատակիցներով, սակայն մարզերում գործում են ընդամենը 1700 ընկերություններ՝ 3000 աշխատակիցներով, ինչն ընդամենը 7 տոկոսն է կազմում: «Մեր հարցումներով՝ տեխնոլոգիական ընկերությունների 30 տոկոսը ցանկություն ունեն մարզերում մասնաճյուղեր բացել, սակայն ունեն տաղանդի և աշխատուժի խնդիրներ: Այսինքն՝ «ԻննոԻջևան հաբ»-ի պես նորարական կենտրոնների բացումը բոլոր խոշորացված համայնքներում արդեն հրատապ խնդիր է բոլորիս համար»,-նշեց Կարապետյանը:

16-ամյա Միքայել Կիրակոսյանը «Իրական դպրոցի»-ի սան է 2022 թվականից, սովորում է ԱԹՍ նախագծման, փորձարկման աշխատանոցում: Նա պատմեց՝ սկզբում նախ ամրապնդել է դպրոցից ստացած՝ ոլորտի համար կարևոր գիտելիքերը՝ ֆիզիկա, մաթեմատիկա: Դրանից հետո արդեն անցել են գործնական աշխատանքի: Պատրաստել են սավառնակ, վերջինիս վրա չկա ոչ մի մեխանիկական մաս, աերոդինամիկայի օրենքների հաշվին այն օդում մնում է երկար ժամանակ, պատրաստել են ԱԹՍ-ների տարբեր մոդելներ:

HM2_2436.JPG (829 KB)

Սաներն ընդգծեցին՝ ԱԹՍ-ները կարելի է օգտագործել ինչպես պաշտպանական նպատակներով, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ այդ թվում գյուղատնտեսությունում: «Օրինակ, եթե պետք է մեծ հեկտարներով տարածքում դեղ, պարարտանյութ տալ: ԱԹՍ ենք պատրաստում, դրա վրա տեղադրում են դեղն ու արդեն օդից սփռում տարածքով: Այն հեշտացնում է աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, հետագայում այս մասնագիտությամբ աշխատանք ձեռք կբերի:

«ԻննոԻջևան հաբը» պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակ է: Եվ «Իննոֆեստ» միջոցառման շրջանակում անցկացվեց «Պետություն-մասնավոր երկխոսություն/ Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորությունները և առկա խնդիրները» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեց նաև նախարար Վահան Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում