Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ֆրանսիական, իսրայելական, գերմանական, պորտուգալական ֆիլմերի օրեր կանցկացվեն

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ֆրանսիական, իսրայելական, գերմանական, 
պորտուգալական ֆիլմերի օրեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, կանցկացվեն ֆրանսիական, իսրայելական, գերմանական, պորտուգալական ֆիլմերի օրեր, որոնց ընթացքում կլինեն պրեմիերաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ասաց, որ կինոփառատոնի շրջանակներում ֆրանսիական կինոն կարևոր դեր է խաղում, և մարդիկ այս տարի ևս հնարավորություն կունենան դիտելու ֆրանսիական բազմաժանր կինոնկարներ: «Մենք հպարտ ենք, որ փառատոնին շատ են ֆրանսիական ֆիլմերը, և այս տարին մեր կինոարվեստի համար հաջող էր, որովհետև մեր ֆիլմերը Բեռլինի, Կաննի կինոփառատոններում գլխավոր մրցանակների են արժանացել»,-շեշտեց նա:

Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն եղբայրների «Ռոզետա», «Երեխան», «Անհայտ աղջիկը», «Հեծանվով տղան», «Երկու օր, մի գիշեր», այս տարվա Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ի մրցանակակիր Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանի վրա», Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու»  մրցանակակիր Ժյուստին Տրիեի «Անկման անատոմիա», Սիլվա Խնկանոսյանի «Միչիգանից հեռու» ֆիլմերը։ Դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն կինոռեժիսորներ Դարդեն եղբայրները, Կլեր Սիմոնը, Քրիս Պելըրենը։ 

Երևանում «Գյոթե կենտրոն»-ի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին հիշեցրեց, որ կենտրոնը «Ոսկե ծիրան»-ի կողքին է 19 տարի: «Շնորհավորում եմ փառատոնի 20-ամյակի առթիվ, ինչը հրաշալի ձեռքբերում է, և փառատոնին մենք հնարավորություն ենք ունենում վայելելու արտհաուս ժանրի լավագույն ֆիլմերը»,-ասաց կենտրոնի ղեկավարը:

Կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Կարմիր երկինք», Վիմ Վենդերսի «Չքնաղ օրեր», Դանիել Քյոթերի «Լանդշաֆտ», Աբաս Ամինիի «Անվերջ սահմաններ», Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմերը։ Հայաստան կժամանեն ռեժիսորներ Դանիել Քյոթերը, Բերնդ Բյուդերը, Կարմեն Գրեյը։  

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ֆինանսավորել է ֆիլմերի 50 ցուցադրություններ, ներառյալ՝ դրանց համար նախատեսված սրահներ, համապատասխան սարքավորումներ և աշխատակազմ։

Իսրայելի պատվավոր հյուպատոսի օգնական Մարգարիտա Նահապետյանն էլ շեշտեց, որ իրենք կարևորում են ֆիլմերի բազմազանությունը: «Այս տարի մենք ցուցադրելու ենք ֆիլմեր, որոնք ստեղծել են կանայք: Կինոնկարները հենց կանանց մասին են»,-նշեց Նահապետյանը:

«Ֆոկուս․Իսրայել» ծրագրի շրջանակում կցուցադրվեն Միհալ Վինիկի «Վալերիան ամուսնանում է», Օրիթ Ֆոքս Ռոթեմի «Սաբայա» կինոթատրոնը», Մաայան Ռիփի «Մյուս այրին», Թոմեր Հեյմանի «Ես չեմ» ֆիլմերը։ Ծրագրի առանցքում կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերն են։ Որպես հյուրեր Հայաստան կժամանեն ռեժիսորներ Թոմեր Հեյմանը, Միխալ Վինիկը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ կկազմակերպվի Զերեմի Թոմասի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, վերջինս ներկա կլինի ցուցադրություններին։ Որպես հյուր Հայաստան կժամանի ռեժիսոր Դեվիդ Քելլին։

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն և Հայաստան-Պորտուգալիա բարեկամության միություն կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվի «Ֆոկուս.Պորտուգալիա» ծրագիրը։ Կներկայացվեն Անդրե Ժիլ Մատայի «Ծառը», Դավիդ Պինեյրուի Վիսենտի «Աստծու գառը», Մարիա Կլարա Էսկոբարի «Աքսոր» ֆիլմերը։ 

Առանձին կցուցադրվեն Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտայի ֆիլմերը։ Հայաստան կժամանի նաև ռեժիսոր Անդրե Ժիլ Մատան։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը կինոփառատոնին զուգահեռ: Արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 9-16-ը, հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր  Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից:

Փառատոնի բացումը, որը տեղի կունենա հուլիսի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Երևանի կինոյի տունը և «Մոսկվա» կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդևուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։

«Ոսկե ծիրան»-ը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am