Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի. Փարիզում կայացել է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» միջոցառումը

Երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի. Փարիզում կայացել է 
«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին և Արցախին աջակցելու նպատակով հունիսի 28-ին Փարիզի «Գավո» համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագրով ուշագրավ երեկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված եզակի երեկոյին Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչ բարձրաձայնել են աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին են ներկայացրել արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները։

356848114_287053303844863_6014602798652333354_n.jpg (380 KB)

Շուրջ 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցել են ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։

Երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել ֆրանսիացի անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում են եղել հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։

356890135_287054593844734_1600032100036490444_n.jpg (630 KB)

Մտավորականներն ահազանգ են հնչեցրել Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Երեկոյին երաժշտական կատարումներով հանդես  են եկել թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Աննա Շեդիդը և Madame Monsieur խումբը։

357083812_287054453844748_4913513666758467539_n.jpg (695 KB)

Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Նա երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի մտավորականներին և արվեստի գործիչներին՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի նրանց աննախադեպ համախմբվածության և համերաշխության համար։

357068750_287054843844709_6196941198279564481_n.jpg (738 KB)

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]