Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը. ադրբեջանական առաջարկների 99 տոկոսը չի ընդունվել

ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր 
պարտականությունը. ադրբեջանական առաջարկների 99 տոկոսը չի ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերջերս ընդունած «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևով նաև արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասացին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն՝ ամփոփելով ամառային նստաշրջանի աշխատանքները:

Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևի և դրա խորհրդատվությունների ընդունումն էր:

«Դա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ ԵԽԽՎ-ն այդ բանաձևով ֆիքսեց, որ Լաչինի միջանցքով այս պահին չկա ազատ և անվտանգ տեղաշարժ: Զեկուցողը մինչև բանաձևն այցելել էր Հայաստան, Լաչինի միջանցքը տեսել էր հայկական կողմից և արձանագրել էր, որ մուտք չկա: Եվ դա արտահայտվել էր բանաձևում»,-ասաց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԵԽԽՎ ընդունած բանաձևում արձանագրված է նաև, որ Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը ԼՂ: Արձանագրված են նաև հումանիտար խնդիրները, որոնք շրջափակման արդյունքում առաջացել են ԼՂ-ում, արձանագրված է Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը: «ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրման կոչ է արվում Ադրբեջանին: Ինչպես նաև միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն սկսելու կոչ է արվում, այդ թվում՝ լուծման կիրառումը պետք է ենթադրի միջազգային մեխանիզմներ՝ ըստ բանաձևի»,-ասաց Ռուբինյանը:

Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ բանաձևը փոփոխվի, տապալվի, առաջարկված 60-ից ավելի փոփոխությունների 99 տոկոսը ԵԽԽՎ-ն չի ընդունել:

Անդրադառնալով ակնկալվող գործնական արդյունքներին՝ Ռուբինյանը նշեց, որ դատական որոշումները, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող բանաձևերը պետք է դիտարկել որպես մի գործընթացի մասնիկներ, որոնք միմյանց ամրապնդում են: «Բայց մենք պետք է միաժամանակ տարբեր կազմակերպություններում ճնշումը մեծացնենք»,-հավելեց նա:

Այս բանաձևը կարող է օգտագործվել դատական գործընթացներում: Պատվիրակության ղեկավարը դժվարացավ ասել, թե կարճաժամկետ հեռանկարում այն ինչ օգուտ կտա, սակայն երկարաժամկետ հեռանկարում սա ավելացնում է ճնշման գործիքակազմը  ԵԽԽՎ-ի շրջանակներում, թե առհասարակ:

«Օրինակ՝ այս բանաձևի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց էին հնչեցնում՝ արդյոք այսքանից հետո Ադրբեջանը կարո՞ղ է շարունակել լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Եվ մենք շարունակելու ենք ճնշումը մեծացնել»,-ասաց Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը դեռ շարունակում է գործի քննությունը՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա: Հայկական կողմը նոր հայցի ապահովման միջոց է պահանջել: «Եվ այս բանաձևի ընդունումը, որտեղ ֆիքսվել է՝ փաստ է, որ Լաչինի միջանցքն անանցանելի է բոլոր սուբյեկտների համար, լրջագույն արձանագրում կարող է հանդիսանալ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման համար: Երկրորդ՝ չափազանց կարևոր է, որ ԵԽԽՎ-ն ԵԽ նախարարների կոմիտեին տվել է հանձնարարականներ, որ համապատասխան գործողություններ իրականացնեն Լաչինի միջանցքի հարցով»,-ասաց Վարդանյանը:

Նա նկատեց՝ սա նշանակում է, որ շարունակական գործողությունները լինելու են շատ ակտիվ, և ԵԽԽՎ-ն պարբերաբար ստանալու է զեկույցներ նախարարների կոմիտեից, թե ինչ գործընթացներ են ծավալվել, որ խնդրի հանգուցալուծումը ավելի մոտ դառնա:

«Ըստ էության ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով»,-նշեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]