Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ տնտեսության վերջին ամիսների դրական միտումներն առկա են և՛ մակրոտնտեսական, և՛ արտաքին տնտեսական հարաբերությունների հատվածում․ տնտեսագետ

ՀՀ տնտեսության վերջին ամիսների դրական միտումներն առկա են և՛ 
մակրոտնտեսական, և՛ արտաքին տնտեսական հարաբերությունների հատվածում․ 
տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Moody’s» վարկանիշային գործակալության գնահատականները ֆորմալ առումով, իհարկե, համապատասխանում են այն զարգացումներին, որոնք ձևավորվել են Հայաստանի տնտեսության մեջ վերջին ամիսներին։ Այդ միտումներն առկա են և՛ մակրոտնտեսական հատվածում, և՛ արտաքին տնտեսական հարաբերությունների հատվածում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին տրված դրական գնահատականներին։

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ: Գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023 թ. համար կանխատեսվում է շուրջ 7 տոկոս տնտեսական աճ։

«Այն գործոնները, որոնք նպաստել են հատկապես վերջին տարվա ընթացքում տնտեսական աճին, պայմանավորված են խոշորածավալ ներդրումներով ու կապիտալի ներհոսքով։ Ինչ խոսք, բարելավվել է նաև հարկաբյուջետային իրավիճակը՝ և՛ մուտքերի, և՛ ծախսերի համահարթեցման առումով»,- ասաց Մարգարյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ դրամի բավականաչափ մեծ արժևորումն ազդել է արտահանումների կառուցվածքի և բովանդակության վրա։ Ընդ որում՝ շատ մեծ դեակատարություն է ունեցել նաև վերարտահանումների գործոնն՝ ընդհանուր թրենդի ձևավորվամ մեջ, հետևաբար այս տարվա համար կանխորոշված 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է հատկապես նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճի համապատկերում։ Ընդհանուր առմամբ՝ դրական միտումների կոնտեքստը, որն ընկած է հիմնավորումների ու փաստարկումների հիմքում, թույլ է տալիս արձանագրել, որ պետական պարտքի բեռը նվազել է, ինչին նպաստել են հատկապես ֆինանսական հատվածում տեղի ունեցող գործընթացները։

«Այս ժամանակահատվածում հատկապես պահուստների ավելացման ու պետական պարտքի կառուցվածքային փոփոխության ֆոնին անհանգստացնում  է այն հանգամանքը, որ բյուջետային բարելավումների և դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված ներքին աղբյուրների չարաշահման պայմաններում նվազում է մասնավոր սեկտորը։ Կապիտալը որոշակիորեն մղվում է դեպի գանձապետական պարտատոմսերի շուկա, որտեղ դրանք գրավիչ են ու վստահելի, մինչդեռ տնտեսության իրական սեկտորում դեռ առկա են որոշ խնդիրներ»,- ասաց Մարգարյանը։

Նրա կարծիքով՝ «Moody’s»-ի վարկանիշը, որ տրված է Հայաստանին, ընդհանուր առմամբ արտացոլում է իրավիճակը և դրական ազդակ է հանդիսանում ներդրողների համար, առավել ևս, որ հարկաբյուջետային հեռանկարներն էլ բարելավվել են։ 

Անդրադառնալով տնտեսական ռիսկերի հավասարակշռության հարցին՝ Մարգարյանն ընդգծեց, որ ռիսկերն, այդուհանդերձ, պետք է դասակարգել։ Թեև Ֆինանսական ռիսկերի հավասարակշռումը  ֆինանսական կայունության և դրամավարկային քաղաքականության առումով դրական հույսեր է ներշնչում, բայց ահա ռազմաքաղաքական ռիսկերը, կապված սահմաններում առկա իրավիճակի հետ, լուրջ սպառնալիքներ են պարունակում։ Օրինակ՝ ներդրումային խոշոր նախագծերից մեկը՝ Երասխում մետաղաձուլարանի կառուցման աշխատանքներն, իրականացվում են ադրբեջանցիների կրակահերթերի ներքո։

«Կա ևս մեկ կարևոր հանգամանք։ ԿԲ-ն սեղմում է ոտնակներն ու սկսել է հետքայլ անել՝ գնալով տոկոսադրույքի իջեցման ուղղությամբ, ինչը նույնպես պայմանավորված է դրամավարկային իրավիճակի որոշակի կայունությամբ»,- եզրափակեց տնտեսագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am