Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է ձգտի սկզբնական փուլում դիտորդի կարգավիճակով անդամակցել BRICS-ին․չինագետ

Հայաստանը պետք է ձգտի սկզբնական փուլում դիտորդի կարգավիճակով 
անդամակցել BRICS-ին․չինագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր հնարավորություններով և տնտեսության մեծությամբ թեև չի կարող համեմատվել BRICS-ի երկրների հետ, բայցևայնպես, կարող է սկզբնական փուլում դիտորդի կարգավիճակով անդամակցել այդ կազմակերպությանը և ներկա լինել բազմակողմ հարաբերություններում, տեղ գտնել այդ գերտերությունների շուկաներում, ինչպես նաև ընդգրկվել տարածաշրջանային մեգա ծրագրերում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց չինագետ, վերլուծաբան Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով BRICS կազմակերպության ընդլայնման հեռանկարին։

Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն իրողությանը, որ նշված կազմակերպության անդամներից չորսը դեսպանատներ ունեն Հայաստանում և մեր երկրի հետ զարգացնում են բարիդրացիական հարաբերություններ։ Կառույցի գլխավոր դերակատարներից Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական դաշնակիցն է։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի, ինչն արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի՝ որպես համախոհների միավորման աճող և արդեն շատ նշանակալի դերը։

Այդ կազմակերպության մեջ են գտնվում Ասիայի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկու երկրները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, իսկ Ռուսաստանին պատկանում է ամբողջ աշխարհի էներգակիրների պաշարների զգալի մասը։ Պակաս կարևոր դերակատարներ չեն Բրազիլիան և Հարավաֆրիկյան հանրապետությունը, որոնք մեծ կշիռ ունեն համապատասխանաբար Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում։

«Մենք ներկայումս գտնվում ենք բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ իր կարևոր գործն է անում BRICS-ը։ Տվյալ պլատֆորմն աշխարհաքաղաքական ու գլոբալ տնտեսական հարցեր քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար է ստեղծվել, քանի որ այդտեղ են հավաքվել այն երկրները, որոնք այդքան էլ համամիտ չեն արևմտյան աշխարհի մոտեցումների հետ և փորձում են վարել անկախ քաղաքականություն։ Պատահական չէ, որ կազմակերպությանը ցանկանում են անդամակցել իրենց տարածաշրջաններում արդեն իսկ որոշակի կշիռ ունեցող այնպիսի երկրները՝ ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը»,- նշեց Սահակյանը։ 

Նրա կարծիքով՝  թեև վերոհիշյալ կազմակերպության մեջ ընդգրկված երկրները չեն ցանկանում դառնալ բովանդակ Արևմուտքի կցորդը, ձգտում են պահպանել ինքնուրույնություն, բայց մյուս կողմից էլ նրանցից ոմանք շարունակում են սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Օրինակ՝ Հնդկաստանն անդամակցում է և՛ BRICS-ին, և՛ քառակողմ ձևաչափին, որտեղ գլխավորապես Չինաստանի դեմ գործող պետություններն են՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Ավստրալիան։ Բոլորովին վերջերս Հնդկաստանը մերժեց նաև «ՆԱՏՕ+» ձևաչափը՝ հրաժարվելով քայլեր կատարել Ռուսաստանի դեմ։

«Այդուհանդերձ BRICS-ը դաշինք չէ, անդամ երկրները ձգտում են անկախ խաղացողներ լինել։ Նրանք այլևս այն երկրները չեն, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն կարող է կիրառել մտրակի ու բլիթի քաղաքականություն։ Մասնավորապես, Չինաստանի ձեռքում էլ կան զորեղ լծակներ, որն ի զորու է համահունչ պատժամիջոցներ սահմանել ամերիկյան կողմի դեմ՝ ի պատասխան իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների։ Ի վերջո, BRICS-ն այն հարթակն է, որը թույլ է տալիս զարգացած երկրներին հակազդել ԱՄՆ-ին՝ շրջանցելով ՌԴ-ի ու Չինաստանի հետ համագործակցելու արգելքը։ Նման կեցվածք են դրսևորում նաև աֆրիկյան մի շարք երկրներ, որոնք բնավ չեն ցանկանում կտրվել նման շրջանակից»,- եզրակացրեց չինագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am