Հասարակական

Հայկական «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ շահագործման

2 րոպեի ընթերցում

Հայկական «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ շահագործման

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի՝տիեզերք արձակված առաջին արբանյակի՝«ArmSat-1»-իկառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` ներկայացնելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Նախարարը նշեց, 2022 թվականին որպես զարգացման նոր թիրախ և նոր նախաձեռնություն պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են Հայաստանի առաջին Երկրի հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը և տիեզերալուսանկարների ձեռք բերմանը։

«Արբանյակն արդեն իսկ շահագործման մեջ է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ և պայմանագրով նախատեսված կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործմանը։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հայ մասնագետները շուտով ամբողջությամբ կվերցնեն արբանյակի կառավարումը իրենց վրա և փաստացի արբանյակի կառավարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց Խաչատրյանը։

Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Նշվում է, որ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SANTLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում