Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում բուժառուների մոտ ապրելիությունը հասնում է 90 տոկոսի

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում  բուժառուների մոտ ապրելիությունը հասնում է 90 տոկոսի

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է դարի հիվանդություն: Ցավոք, խնդրի տարածվածությունը բավականին մեծացել է և այսօր արդեն գոյություն ունեն քաղցկեղի մի շարք տեսակներ: Կոլոռեկտալ քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ կամ ուղիղ աղիքի պատի առողջ բջիջները վերափոխվում են և սկսում են աճել առանց վերահսկողության. հաստ աղու պոլիպներից՝ բարորակ գոյացություններից վերածվելով չարորակի: Կոլոռեկտալ քաղցկեղն ըստ հանդիպման հաճախականության, քաղցկեղի բոլոր տեսակների մեջ զբաղեցնում է երրորդ տեղը: Նման զարգացումներից խուսափելու համար բուժառուները պետք է ճիշտ ժամանակին դիմեն բժշկի և պարբերաբար հետազոտվեն:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում, անդրադառնալով կոլոռեկտալ քաղցկեղին, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ ըստ վիճակագրության ամեն տարի ամբողջ աշխարհում 1 միլիոն նոր դեպք է արձանագրվում. ունենում են մոտ 500 հազար մահացության դեպք:

8D1A1416.JPG (300 KB)

«Կոլոռեկտալ քաղցկեղը աշխարհում 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։ Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի»,-ասաց մասնագետը:

Բժիշկ Նահապետյանն անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչը կարող է առաջացնել կոլոռեկտար քաղցկեղ, ընդգծեց, որ տարբեր գործոններ կարող են բերել քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են, չնայած, որ չկա որևէ ապացուցված ճանապարհ այս հիվանդությունը լիովին կանխարգելելու համար, բայց հնարավոր է իջեցնել հիվանդանալու ռիսկը:

Մասնագետը խորհուրդ տվեց հետևել սննդակարգին: Մրգերով ու բանջարեղենով հարուստ և առողջ սննդակարգն, առողջ ապրելակերպը կարող է օգնել իջեցնել կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը:

Նա նշեց, որ կոլոռեկտալ քաղցկեղի բուժման ավարտից հետո հիվանդի խնամքը չի ավարտվում: Հիմնական բուժումն ավարտելուց հետո հիվանդը կարիք ունի երկարատև խնամքի և կանոնավոր բժշկական հետազոտությունների: Բացի այդ, իրականացվում են կանոնավոր հետազոտություններ քաղցկեղի կրկնողությունը բացառելու կամ այն վաղ հայտնաբերելու համար: Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանշանների ի հայտ գալը:

էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշում է, որ քաղցկեղի սքրինինգը կարևոր դեր ունի, դրա ընդհանուր նպատակն է նվազեցնել մահացող մարդկանց թիվը կամ վերացնել քաղցկեղից մահացությունն ընդհանրապես, ինչպես նաև հիվանդությամբ տառապողների քանակը:

Ինչպիսի՞ ախտանշաններ ունի կոլոռեկտալ քաղցկեղը, ինչպիսի՞ տարածվածություն ունի, բուժման ի՞նչ նոր մեթոդներ է առաջարկում այսօր բժշկությունը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում