Գյումրու և Երևանի դպրոցների 38 աշակերտ ստացավ «Արհեստական բանականություն» դասընթացի ավարտական վկայականներ
4 րոպեի ընթերցում
![Գյումրու և Երևանի դպրոցների 38 աշակերտ ստացավ «Արհեստական բանականություն» դասընթացի ավարտական վկայականներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1112752.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Գյումրու ավագ դպրոցների 38 աշակերտ հանդիսավոր արարողությամբ ստացավ «Արհեստական բանականություն» նորարարական դասընթացի առաջին փուլի ավարտական վկայականներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը կարևորեց Հայաստանում արհեստական բանականության ուսուցումը դպրոցահասակների շրջանում:
«Սա նոր ունակություններ, նաև գիտելիքներ տվող դասընթաց է, և պետությունը կարևորում է նման ծրագրերը: Արհեստական բանականությունը տվյալների վերլուծության գործիքներից է: Մեր երկրի թվային վերափոխման, ազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է ճիշտ դասակարգել այն տվյալները, որոնք գեներացվում են մեր հասարակության կողմից, որից հետո հնարավոր է արհեստական բանականություն մոդելներով վերլուծություններ կատարել և ստանալ արդյունքներ: Այս ամենը հաշվի առնելով կարևորում ենք դպրոցահասակների շրջանում նման կրթությունը»,- ասաց Մանթաշյանը:
Նրա խոսքով՝ դասընթացի տված գիտելիքները հնարավոր է նաև համադրել ձեռնարկատիրական ունակությունների հետ և ապագայում մեր երկրի համար նոր պրոդուկտներ ստանալ:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանն էլ նշեց՝ արհեստական բանականության կրթությունը շատ կարևոր է մեր ապագայի համար, ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
«Ամեն օր արհեստական բանականության նոր գործիքներ են ի հայտ գալիս ու մենք ստիպված ենք դրանք օգտագործել: Սակայն ես ցանկանում եմ, որ Հայաստանը ոչ միայն օգտագործողներից լինի, այլև ստեղծման պրոցեսների մասը դառնա: Արհեստական բանականության շնորհիվ այսօր շատ պրոդուկտներ են ստեղծվում, և մենք պարտավոր ենք ստեղծման մաս կազմել»,- ասաց Զորյանը:
Նա նշեց՝ ուրախ կլինեն տեսնել, թե երբ են աշակերտները իրենց գիտելիքն օգտագործում արդեն պրակտիկ ձևով: Նա նշեց, որ առաջիկայում նրանց ուսուցման 2-րդ և 3-րդ փուլեր են սպասվում:
2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին դասընթացի պիլոտային ծրագիրն հաջողությամբ ներդրվել է Արցախում, որի արդյունքներն ամփոփվել են 2022-ի հոկտեմբերի 31-ին։ Առցանց միջոցառման ընթացքում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտները ստացել են ավարտական վկայականներ։
2022-ի նոյեմբերին ծրագիրը մեկնարկել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում և Գյումրու «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական մասնաճյուղի կենտրոնում՝ 10-12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Մայիսին Լեոյի դպրոցի 14 և Գյումրու դպրոցների 24 աշակերտներ հաջողությամբ ավարտել են դասընթացի առաջին փուլը ներկայացնելով ավարտական նախագծեր: Դասերն իրականացվել են հիբրիդ եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:
Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներին հասանելի «Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ ի նպաստ Հայաստանում և Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) կրթության զարգացման։ Այն բաղկացած է հարուստ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերից, հագեցած հեռավար ուսուցման արդիական լուծումներով։
Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանականության ոլորտի առաջատար փորձագետները։ Տեսադասերը ներդրվել են և ուսուցումը կազմակերպվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) կրթական էլեկտրոնային հարթակում: