Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գյուղերի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ հայտարարությունը

Գյուղերի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները կրում են նաև խաղաղ 
բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր հայտարարությունում:

«Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները»,-նշել է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։

Մանասյանը խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնության մեքենան թիրախավորելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։

«Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,-եզրափակել է ՀՀ ՄԻՊ-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am