Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ

Ադամ Շիֆն ԱՄՆ առևտրի նախարարից բացատրություն է պահանջում Ադրբեջանին 
ամերիկյան հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի իր գործընկերներին կոչ է անում միանալ իրեն՝ պահանջելով, որ Առևտրի նախարարությունը բացատրի, թե ինչու է քննարկում Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացանների վաճառքը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն ավելի քան 125 օր շրջափակման մեջ է պահում Արցախը և շարունակում հարձակումները Հայաստանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին, որոնք դեմ են Ադրբեջանին զենքի վաճառքին:

Ադամ Շիֆն իր գործընկերներին կոչ է անում համաստորագրել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակը, որով «Առևտրի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ կպահանջվեն Ադրբեջանին մահաբեր զենքեր ուղարկելու համար արտահանման լիցենզիաների ցանկացած հարցման կարգավիճակի մասին»:

Կոնգրեսական Շիֆը հայտարարել է, որ «Հայաստանի դեմ ուղղված ավելի մահաբեր զենքի արտահանման հաստատումը միայն կհրահրի հակամարտությունը: Շիֆը նաև վկայակոչել է պետքարտուղարության՝ 2022 թ.-ի Մարդու իրավունքների զեկույցը, որում «արժանահավատ տեղեկություններ կան ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների խմբային մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք՝ անպատժելիության բարձր մակարդակով»:

Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը:

Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել են փետրվարի 1-ին: Հենց այդ ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակում խորը մտահոգություն հայտնեց այդ առնչությամբ:

Փետրվարի 13-ին ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակում Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը և հանձնախմբի Ռոդ Այլանդի մասնաճյուղի նախագահ Սթիվ Էլմասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]