Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին

ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն 
անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, նշեց, որ քաղաքացին պարզապես օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից: Պատգամավորը հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի գնահատականով այդ երևույթի վերաբերյալ:

Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքն ու կարծիքի արտահայտման ազատությունը միմյանց փոխկապված երևույթներ են: «Խոսքի ազատության իրավունքը, այո, հիմնարար իրավունք է, սակայն չի կարող լինել առանց որևէ սահմանների: Այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ թեկնածուն ընդգծեց՝ համերաշխության կողմնակից է, դեմ է ատելության խոսքին, բռնության քարոզին և այլն: Թեկնածուն նշեց, որ շատ պատասխանատու է վերաբերվում իր խոսքին և չի խոսելու որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ դրա բոլոր հանգամանքներին: Ընդ որում, դա չի վերաբերում միայն բացառապես վերոնշյալ գործին:  Թեկնածուն վստահեցնում է, որ ընդդիմադիր ուժը ներկայացնող տարբեր անձանց վերաբերելի գործերի մասին ևս իրեն թույլ չի տալու տեսակետ արտահայտել՝ գործի հանգամանքներն ամբողջությամբ չիմանալով:

«Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել կոնկրետ գործերի պարագայում, երբ ունենամ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի գործիքակազմ: Այս պահին որևէ փաստ ստուգելու և այլ գործիքներ չունեմ: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը»-ասաց Մանասյանը:

Նա վստահեցրեց, որ, երբ հետագայում ունենա այլ հնարավոր գործիքներ՝ շատ ավելի մանրամասների տեղեկացված լինելու, կոնկրետ գործերի առնչությամբ կկարողանա տեսակետներ հայտնել:

Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև։  Կարեն Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ Մկրտչյանի, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։ Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրել է իր կարծիքը, որից  հետո երիտասարդը մտել է եթեր և պատմել կատարվածը:Միջադեպից օրեր անց Ալեն Սիմոնյանը ներողություն էր խնդրել ՀՀ քաղաքացիներից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am