Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը

Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, որի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Նախարար Սանոսյանը ողջունել է գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և
շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։
«Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։ Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են»-ընդգծել է նախարար Սանոսյանը։
Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկարաժամկետ համագործակցության ձգտող կապերի հաստատման և երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։
Նախարարը նկատել է նաև, որ Հայաստանի գործող ներդրումային օրենսդրությունը ապահովում է համահավասար վերաբերմունք բոլոր գործարարների համար, ինչը գործնականում նշանակում է, որ ձեռներեցությամբ զբաղվելու իրավական ռեժիմը օտարերկրացիների համար չի կարող լինել պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող իրավական ռեժիմը:
«Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաներին հեշտ հասանելիությունը, ինչպես նաև գործարար միջավայրը շարունակաբար բարելավելու Կառավարության  հանձնառությունը, ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,-իր ելույթը եզրափակել է նախարար Սանոսյանը։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար է ներկայացվել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am