Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ տնտեսական ներուժն ու հնարավորությունները մեծ են լինում, քաղաքական «լեզուն» երկարում է։ Գլոբալ աշխարհաքաղաքական մի կենտրոնի հանդեպ մյուս կենտրոնի կամ կենտրոնների պատժամիջոցները չեն կարող բումերանգի էֆեկտ չունենալ։ «Bloomberg»-ը դեռ նախորդ տարի, անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցներին, հակընդդեմ երեսն էլ էր ցույց տվել. այն է՝ շարունակվող էներգետիկ ճգնաժամը կարող է մինչեւ 200 մլրդ դոլարի կուտակային վնաս հասցնել Եվրամիությանը։ Ու քանի որ, ինչպես ցույց տվեցին ուկրաինական ծավալումները, Ռուսաստանը պատժամիջոցներին դիմակայելու համար գազային մահակից զատ մեկ այլ՝ հացահատիկի մահակ էլ ունի, մատ թափ տալու հնարավորություն ստացավ։ «Արեւմտյան քաղաքական գործիչներն իրենց քաղաքացիներին առաջարկում են աղցանների փոխարեն շաղգամ ուտել, սակայն շաղգամն էլ պետք է Ռուսաստանից գնեն»,- ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում։

Սակայն սա Արեւմուտքի համար եւս գաղտնիք չէր, եւ քաղաքական գործիչները չէին էլ թաքցնում, որ ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի եզրին: Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի մասնագետները մատնանշել էին, որ սննդամթերքի իրական պակասը 2023 թ. շատ հավանական է, եթե, իհարկե, Ռուսաստանը չվերսկսի արտահանումը։ Մասնագետները 2022 թ. Ռուսաստանում հացահատկի ռեկորդային բերք էին կանխատեսել, ինչը եւ եղավ։ Նրանք չէին հերքել համաշխարհային գյուղոլորտում ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Հնդկաստանի դերը, բայց եւ ընդգծել էին, թե ոչ ոք չի կարող փոխարինել 13 տոկոս պարարտանյութի եւ 20 տոկոս հացահատիկի մատակարարին։ Բացի դա՝ ի տարբերություն շատ երկրների, որ լրացուցիչ հողային պաշարներ չունեն, ՌԴ-ն ունի ե՛ւ բավարար վարելահող, ե՛ւ այլ հողեր։

Ինչեւէ, մասնագետները ճիշտ էին. ՌԴ-ն ռեկորդային բերք հավաքեց ոչ միայն հացահատիկի մասով։ Այս տարվա հունվարի կեսերին, երբ ամփոփվեցին 2022 թ. ցուցանիշները, հետեւյալ պատկերն ուրվագծվեց։ Վիճակագրական տվյալների համաձայն (այդ ժամանակ դեռ նախնական հաշվարկներով)՝ 2022 թ. վերջին Ռուսաստանում հացահատիկի զուտ քաշով բերքը կազմել է 153.8 միլիոն տոննա՝ 2021 թ. համեմատ ավելանալով 26.6 տոկոսով։ Մասնավորապես՝ հավաքվել է 104.4 մլն տոննա ցորեն՝ աճը 37.1 տոկոս է։ Միայն աշնանացան ցորենի բերքը կազմել է 73.99 մլն տոննա։ Տարեկանի բերքը 1.7 մլն տոննայից հասել է 2.2 մլն տոննայի։ Վարսակի բերքը կազմել է 4.56 մլն տոննա, բրնձինը՝ 797.5 հազար տոննա, հնդկաձավարինը՝ 1.2 մլն տոննա, կորեկինը՝ 3.1 մլն տոննա, սոյայինը ավելացել է մինչեւ 5.8 մլն տոննա։ Շաքարի ճակնդեղի բերքի ցուցանիշը 41.7 մլն տոննա է, կարտոֆիլինը՝ 18.7 մլն տոննա, բանջարեղենինը՝ 13.02 մլն տոննա։ Բերքի այսպիսի պաշար ունեցող երկիրը, բնականաբար, կարող էր Արեւմուտքին հիշեցում հղել. «Մեկ տարի առաջ Արեւմուտքը ստիպեց իր ընկերություններին հեռանալ ռուսական շուկայից։ Այն ժամանակ արտասահմանյան վերլուծաբանները Ռուսաստանի համար կանխատեսում էին սպառողական հատվածի դեպրեսիա եւ անկում, նրանք խոստանում էին խանութներում դատարկ դարակներ եւ ապրանքների զանգվածային պակաս: Սակայն կանխատեսումները չարդարացան, եւ եվրոպացիներն իրենք բախվեցին նման խնդիրների»,- սա Պուտինի խոսքից մեջբերում է՝ հնչած Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում։

Իհարկե, Արեւմուտքի մեղքը չէ, որ եղանակային պայմանները բարեհաճ չէին իր համար, բայց, միեւնույն է, ստիպված են առնչվելու  ռուսաստանյան բերքառատության իրականությանը։ Իր հերթին՝ Ռուսաստանն էլ ստիպված է բախվելու այլ հարցի. ինչ է անելու այդ հարստության հետ։ Ի վերջո, մթերքը պահման խնդիր ունի, իսկ Արեւմուտքը կարծես դեռ մտադիր չէ զիջումների գնալ։

Պահման խնդիրը հատկապես արդիական է հենց հացահատիկի համար։ Տվյալները հուշում են, որ, այո, Ռուսաստանն ունի հենց 150 մլն տոննա հացահատիկի պահեստավորման հզորություն։ Բայց բանն այն է, որ այդ հզորության միայն մեկ երրորդ մասն է էլեւատորներ, այսինքն՝ մեքենայացված շտեմարաններ, որոնք նախատեսված են երկարաժամկետ՝ ավելի քան մեկ տարվա պահեստավորման համար։ Իսկ ամբարներում եւ նմանատիպ այլ ժամանակավոր պահեստներում հացահատիկը կմնա ոչ ավելի, քան վեց ամիս, բայց եւ նկատի ունենանք՝ առանց որակի մեծ կորստի: Բա ինչ եղավ ստամբուլյան հացահատիկային գործարքը, չէ՞ որ Թուրքիան հապճեպ մեջտեղ ընկավ՝ տարբեր կողմերից շահ ստանալու պատրաստակամությամբ։ Համենայնդեպս, եթե ՌԴ-ում կա արտահանման հետ կապված անհանգստություն, նշանակում է՝ գործարքն էլ խնդիրներ ունի։ Բայց Ռուսաստանն իրեն կարողանում է ապահովագրել։ Դեռ նախորդ տարի, երբ վաճառքի որոշակի սահմանափակումներ մտցրեց, այնուամենայնիվ, չխախտեց գործընկերներին քվոտայի շրջանակներում ապահովելու հարցը։ Իսկ սահմանափակումները մտցրել էր այն պատճառով, որ նախատեսել էր՝ հանկարծ եթե ֆինանսական միջոցների դժվարամատչելիության պատճառով անհրաժեշտ ծավալի ցանք չարվի, ինքը, այնուամենայնիվ, պաշար ունենա, իսկ հետագա վաճառքի հարցերին կանդրադառնա բերքը ստանալուց հետո։ Ստացավ ու, ինչպես իրենք են ասում` «ռեկորդային ծավալի», ու քանի որ գոնե առայժմ պահման խնդիր չունի, վաճառքի հարցերով այդքան էլ չի շտապի։ Մինչեւ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների մի մասը չհանվի, եւ առաջընթաց չզգացվի սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման հարցում։

Այս ամենը մեզ հետաքրքրում է այնքանով, ինչքանով ինքներս ենք կախված ռուսաստանյան շուկայից՝ ցորենի ներկրման հարցով։ Ճիշտ է՝ միշտ ստացել ենք մեզ անհրաժեշտ պաշարը, բայց չենք կարող ասել՝ հետոն ինչ կլինի, ինչ ծավալումներ կստանան երկրի արտաքին ուղղվածությունների հետեւանքները։ Չմոռանանք՝ մենք անբավարար վիճակում ենք ցորենի ինքնաբավության մասով։ Այո, տարիներ ենք ունեցել, երբ ինքնաբավության մակարդակը 53 տոկոսի հասցրել էինք, բայց 2016-ից սկսած՝ այդ մակարդակը նվազել է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ եթե 2016 թ. արտադրել ենք 350.4 հազ. տոննա ցորեն, ապա 2021 թ. համապատասխան ցուցանիշը արդեն 97.2 հազ. տոննա էր։ Հայաստանում տարեկան սպառվում է շուրջ 550 հազար տոննա ցորեն։

Այնուամենայնիվ, անկախ ծավալումներից, մենք մեր իսկ պարենային անվտանգության մասին պետք է մտածենք։ Որովհետեւ նույնիսկ ամենաբարենպաստ ծավալումների պարագայում, ինչի նախադրյալները դեռ չկան, անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան, քանզի մշտապես արդիական են։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am